Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հասարակություն
24.11.2026 | 22:28
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը Դուբայում մասնակցել է Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին, հանդիպել Դուբայի ոստիկանապետի հետ և քննարկել երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության, փորձի փոխանակման և նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Նոյեմբերի 16-18-ը ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Դուբայում մասնակցել է Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին, որի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության կիրառման, կիբեռհանցավորության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև իրավապահ համակարգի թվայնացման հարցերը։
Այցի շրջանակում Ցուցուլյանը հանդիպել է Դուբայի ոստիկանապետ Աբդուլլա Խալիֆա Ալ Մառիի հետ։ Քննարկվել են համագործակցության ընդլայնման, կրթական և տեխնոլոգիական փորձի փոխանակման, համատեղ դասընթացների և «խելացի ոստիկանական կայանների» ներդրման հնարավորությունները։ Քննարկվել է նաև համագործակցության հուշագիր կնքելու հարցը։
Կամո Ցուցուլյանը Դուբայի ոստիկանապետին հրավիրել է Հայաստան՝ համագործակցության ուղղությունները գործնականում քննարկելու նպատակով։
Նա նաև այցելել է Դուբայի ոստիկանության գլխավոր վարչություն, ծանոթացել օպերատիվ կառավարման կենտրոնի և «խելացի ոստիկանական կայանի» աշխատանքին, ինչպես նաև գագաթնաժողովի միջազգային ցուցահանդեսում ներկայացված ժամանակակից տեխնոլոգիաներին ու հատուկ նշանակության միջոցներին։

