Թվային ուրվականներ․ ինչպես են «խոսում» մահացածները

Լուրեր

31.03.2026 | 18:02
Վարորդը 100 դոլար կաշառք է առաջարկել պարեկներին արձանագրություն չկազմելու համար
31.03.2026 | 17:49
Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն կին ծանրորդի կոչմանը
31.03.2026 | 17:43
Նորաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
31.03.2026 | 17:34
Իտալիան ԱՄՆ-ին արգելել է մուտք գործել Սիցիլիայի ավիաբազա
31.03.2026 | 17:25
Մեկ օրում հայտնաբերվել է 6 հետախուզվող․ ՆԳՆ
31.03.2026 | 17:14
Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան «շատ անօգուտ է Իրանի հարցում»
31.03.2026 | 17:06
400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է․ Քաղաքաշինության կոմիտե
31.03.2026 | 16:59
Թաթարստանի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ զոհ և մի քանի տասնյակ վիրավոր կա
31.03.2026 | 16:54
Չինաստանը երախտագիտություն է հայտնել Հորմուզի նեղուցով երեք նավերի անցման համար
31.03.2026 | 16:45
Լավրովի և Հունգարիայի ԱԳ նախարարի՝ 2024 թվականի զրույցից ձայնագրություն է հրապարակվել. քննարկվել է պատժամիջոցների հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 16:38
Խոսքի ազատության անկում և բևեռացում․ հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» հետազոտական զեկույցը
31.03.2026 | 16:32
Փաշինյանին հարվածելու փորձի համար մեղադրվող տղային կալանավորելու միջնորդությունը կքննի Մնացական Մարտիրոսյանը
31.03.2026 | 16:30
Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմը և հանդիպման ուղիղ հեռարձակումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 16:27
Իրանը հայտնել է, որ հարվածների հետևանքով վնասվել են կրոնական վայր ու քաղցկեղի դեմ դեղամիջոցներ արտադրող ընկերության շենք
31.03.2026 | 16:19
Փաշինյանին հարվածել փորձողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նկարը գեներացված է արհեստական բանականությամբ

Ինչ է լինում մարդու հետ թվային աշխարհում նրա մահից հետո. սոցիալական ցանցերում հաճախ կարելի է տեսնել իրավիճակ, երբ մահացած անձը շարունակում է «ապրել», ավելին՝ երբեմն «ստեղծագործել»։ Այս դիտարկումը հատկապես վերաբերում է հանրային գործիչներին։ 

Օրինակ՝ ՀՀ կրթության նախկին նախարար և հեռուստալրագրող Սերգո Երիցյանի ֆեյսբուքյան էջը մինչ օրս շարունակում է գործել որպես ակտիվ օգտահաշիվ` չնայած վերջինս մահացել է 2023 թվականի հունիսի 23-ին։ Էջում պարբերաբար հրապարակումներ են արվում նրա անունից՝ առանց «հիշատակի էջ» կարգավիճակի նշման։ Էջը պահպանել է իր նախկին տեսքը, իսկ գրառումները ստեղծում են տպավորություն, թե մարդը դեռ կենդանի է և շարունակում է իր գործունեությունը։

   

Հասկանալու համար, թե ով և ինչ սկզբունքով է վարում էջը նրա մահից հետո՝ փորձեցինք կապ հաստատել էջը տնօրինողի հետ, սակայն պատասխան այդպես էլ չստացանք՝ չնայած այդ ընթացքում էջում նոր հրապարակում հայտնվեց։

Digital afterlife

Մարդկանց սոցիալական ցանցերի էջերը, լուսանկարները, նամակագրությունը և այլ թվային բովանդակությունը ոչ միայն կարող են անժամկետ մնալ համացանցում, այլև ավելանալ՝ չնայած նրա մահացած լինելուն։ Այս երևույթը հաճախ անվանում են թվային հետմահու կյանք (digital afterlife)։

Վերջին տարիներին երևույթը տեխնոլոգիական նոր դրսևորումներ է ստացել։ Օրինակ՝ 2022 թվականին Մեծ Բրիտանիայում 87-ամյա Մարինա Սմիթը «մասնակցել է» իր իսկ հուղարկավորությանը՝ որպես արհեստական բանականությամբ ստեղծված հոլոգրամ։ Նրա կյանքի մասին նախապես արված տեսագրությունների հիման վրա ստեղծվել էր թվային ավատար, որը կարողանում էր պատասխանել հյուրերի հարցերին։

Մեկ այլ օրինակ է 2020 թվականին Հարավային Կորեայում իրականացված «Meeting You» նախագիծը, որտեղ վիրտուալ իրականության միջոցով վերաստեղծվել էր մահացած 7-ամյա աղջկա թվային կերպարը։ Մայրը հնարավորություն էր ստացել «հանդիպել» իր երեխային և շփվել նրա թվային ավատարի հետ՝ վիրտուալ միջավայրում։

Թե ում են պատկանում թվային տվյալները և ով իրավունք ունի տնօրինել դրանք՝ այս ուղղությամբ Հայաստանում օրենսդրական կարգավորում չկա։ 

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից պարզել ենք, որ մինչ օրս որևէ դիմում կամ բողոք չի ստացվել այնպիսի դեպքերի վերաբերյալ, որոնք առնչվում են մարդկանց մահից հետո նրանց թվային տվյալների կամ առցանց հաշիվների կարգավիճակին կամ դրանց նկատմամբ իրավունքների վիճարկմանը։

Տեղեկատվական անվտանգության և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սոցիալական հարթակներում այս հարցի շուրջ միասնական և համակարգված մոտեցում չկա։ 

««Վերահսկում» բառն այստեղ հարաբերական է․ չկա որևէ միջազգային կառույց, որը վերահսկում է մահացածների թվային ներկայությունը»,- ասաց մասնագետը։ 

Նրա խոսքով՝ հարթակները գործում են հիմնականում տեխնիկական մեխանիզմներով։ Օրինակ՝ Meta-ի դեպքում հարազատները ներկայացնում են մահվան վկայական, ստուգումից հետո էջը վերափոխվում է հիշատակի էջի։ Այլ մեխանիզմ, ըստ էության, չկա։ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ էջերը կարող են նաև օգտագործվել մանիպուլյացիայի համար։

«Պատերազմի ժամանակ եղել են դեպքեր, երբ զոհված զինվորների էջերը օգտագործվել են հարազատների վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով»,- որպես օրինակ նշեց Մարտիրոսյանը։  

Այստեղ ծագում են իրավական և էթիկական մի շարք հարցեր։ Նախ՝ կարող է առաջանալ անձի ինքնության չարաշահման վտանգ, երբ երրորդ անձը հրապարակումներ է անում մահացածի անունից։ Բացի այդ, նման գործողությունները կարող են դիտարկվել որպես մահացած անձի պատվի, բարի համբավի և հետմահու արժանապատվության խախտում, ինչպես նաև կարող է ստեղծվել մոլորեցնող տեղեկատվական միջավայր։

Տվյալների պաշտպանության փորձագետ, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին պետ Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ մահացած մարդու տվյալները ենթակա են պաշտպանության։ Ըստ ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի՝ մահացած անձի տվյալների հետագա մշակման հարցում որոշիչ դեր ունեն ժառանգները։

Եթե ժառանգներ չկան, այս իրավունքը ստանում է համայնքի ղեկավարը կամ հավատարմագրային կառավարիչը։ Միևնույն ժամանակ, որոշ տվյալներ կարելի է հրապարակել առանց համաձայնության՝ օրինակ՝ անուն, սեռ, ծննդյան և մահվան ամսաթիվը, ինչպես նաև հանրային գործիչների անձնական տվյալները, եթե նրանց մահից անցել է 50 տարի։

Հայրապետյանի խոսքով՝ «թվային ժառանգություն» հասկացությունը հաճախ ընկալվում է որպես նոր իրավական ոլորտ, սակայն իրականում դրա որոշ մեխանիզմներ արդեն գոյություն ունեն ընդհանուր իրավական կարգավորումների շրջանակում («Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդվածի 10, 11 կետեր

Այս ֆոնին առաջ է գալիս հարցը, թե որտեղ է անցնում սահմանը հանրային շահի և թվային միջավայրում մահացածների անձնական տվյալների պաշտպանության մասնավոր շահի միջև։

Գևորգ Հայրապետյանի կարծիքով՝ տվյալների հրապարակումը պետք է միշտ ունենա օրինական և հստակ նպատակ․ «Հանրային շահը կարող է լինել այդպիսի նպատակներից մեկը, բայց յուրաքանչյուր դեպք գնահատվում է առանձին՝ հասկանալու համար, թե արդյոք տվյալների հրապարակումը անհրաժեշտ, համաչափ և արդարացված է», – նշեց Հայրապետյանը։

Յութուբյան հարթակի հայկական տիրույթում արդեն կան արհեստական բանականության գործիքի միջոցով գեներացված նոր երգեր, որոնց համար օգտագործվել են մահացած հայ աստղերի, մասնավորապես՝ Հայկոյի, Արա Մարտիրոսյանի, Արամ Ասատրյանի ձայները։

Արդյո՞ք այդ ԱԲ-ի հեղինակներն առաջնորդվել են հանրային շահով, թե՞ անձնական, վիճելի հարց է։

Ստացվում է՝ չնայած թվային միջավայրում տվյալների պաշտպանության խնդիրը գնալով ավելի արդիական է դառնում, հատկապես՝ անձի մահից հետո, դաշտը դեռևս կարգավորված չէ և իրավասու կառույցները անտեսում են այս հարցը։

Մարիամ Աբրահամյան