5 տարում 15 ջրամբար կառուցելու «հոսող» խոստումը
Տնտեսություն
30.10.2025 | 15:10
15 փոքր և միջին ջրամբարի կառուցում․ սա Նիկոլ Փաշինյանի կառավարության հնգամյա՝ 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված խոստումներից մեկն էր։ Այս պահի դրությամբ, սակայն, միայն Վեդիի ջրամբարն է կառուցված․ այն լցված է շուրջ 2 մլն խորանարդ մետր ջրով, իսկ ջրամբարի ամբողջական ծավալը մոտ 30 մլն մ³ է։
Դեռևս այս տարվա հունվարին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հարցում էր ուղարկել և պարզել, որ իշխանության խոստացած 15 ջրամբարներից որևէ մեկի կառուցման աշխատանքները դեռ չեն սկսվել։
Նախարարությանը նոր հարցում ենք հասցեագրել, պարզելու՝ արդյոք 9 ամիս անց այս հարցում զարգացումներ կան, թե՝ ոչ։
Factor.am-ը գրավոր հարցմանն ի պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մանրամասնել են, որ Վայոց ձորի մարզի Ելփինի և Արմավիրի մարզի Քասախի ջրամբարների կառուցման նախագծահաշվարկային փաստաթղթերի փաթեթեների վերաբերյալ ստացվել են պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունները։ ՏԿԵ նախարարությունից ակնկալում են, որ Ելփինի և Քասախի ջրամբարների համար 2026 թվականի առաջին կիսամյակում շինարարական աշխատանքների մրցույթային գործընթացները կմեկնարկեն։
Իսկ Գեղարքունիքի մարզի Աստղաձորի, Շիրակի մարզի Արթիկի և Սյունիքի մարզի Լիճքի ջրամբարների կառուցման նախագծանախահաշվարկային փաստաթղթերի փաթեթների վերաբերյալ ստացվել են պարզ փորձաքննության դրական եզրակացությունները, որոնց հիման վրա ՆՆՓ-երի փաթեթները սահմանված կարգով առաջիկայում կներկայացվեն համալիր փորձաքննության։
Պատկան կառույցի փոխանցմամբ՝ Արգիճիի ջրամբարի կառուցման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Ինչպես հայտնում են նախարարությունից՝ Արգիճի ջրամբարի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են՝ ջրամբարի նախնական ընտրված տեղամասում առկա «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող ՀԷԿ-ի օրվա կարգավորման ջրամբարի առկայությամբ պայմանավորված, որի պատճառով անհնարինություն է առաջացել ջրամբարի նախատեսվող տարածքում իրականացնել համապատասխան հետազոտություններ:
Անորոշություններ կան Շիրակի մարզի Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների հետ կապված։ Դեռ նախորդ տարվա տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ Դավիթ Խուդաթյանն ասել էր, որ կապալառուն ուշացնում է ջրամբարի շինարարության աշխատանքները, և նախարարությունը դիտարկում է նրա հետ աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը:
Ի թիվս այլ հարցերի՝ Factor.am-ը հետաքրքրվել էր՝ արդյոք կապալառու չինական ընկերության հետ շարունակվում են աշխատանքները, թե՝ ոչ։ Նախարարությունից հարցին ուղիղ չեն պատասխանել, միայն նշել են, որ 2023 ապրիլին չինական ընկերության հետ կնքվել է Կապսի ջրամբարի և օժանդակ կառույցների կառուցման պայմանագիր։
Ըստ նախարարության՝ այս ջրամբարի և օժանդակ կառուցվածքների շինարարական պայմանագիրը կնքվել է 74,2 մլն եվրո արժեքով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսի 9-ին՝ նախատեսված 34 ամիս տևողությամբ։ Ջրամբարի ստորին բիեֆի 14 բնակավայրերում ավարտվել են վաղ ազդարարման համակարգի տեղադրման, ջրածածկման տարածքից ծառերի հատման և բուսաշերտի տեղափոխման աշխատանքները։
ՏԿԵՆ-ի փոխանցմամբ՝ մյուս 5 ջրամբարների կառուցման համար նախաձեռնվել են նաև Հանրային ներդրումային ընթացակարգեր, որոնց շինարարական աշխատանքները կմեկնարկեն նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննական բոլոր փուլերն անցնելուց հետո:
Մնացած 9 ջրամբարների հետ կապված նախարարությունից տեղեկացրել են՝ հաշվի առնելով, որ ջրամբարների համար ի սկզբանե չեն եղել բավարար ելակետային տվյալներ, ներկայումս պլանավորվում է մեկնարկել այդ ջրամբարների իրագործելիության տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունները:
Կառավարության խոստմանը համաձայն՝ 15 ջրամբարների կառուցման պարագայում հնարավոր կլինի, մոտավար հաշվարկով, կուտակել շուրջ 117.17 մլն խորանարդ մետր ջուր։
Ագրարային համալսարանի ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ ջրամբարաշինությունը փուլային և ժամանակատար աշխատանք է պահանջում, պետք է բազմաբևեռ ուսումնասիրություն։ Ըստ նրա՝ մի քանի հանգամանքներով կարող է պայմանավորված լինել, որ իշխանության հայտարարած ջրամբարաշինության ծրագիրն ամբողջությամբ կյանքի չի կոչվել։ Առաջինը, նրա դիտարկմամբ, ֆինանսական միջոցներն են։
«Այսօրվա հաշվարկներով 1 խորանարդ մետր ջուր կուտակելու համար առնվազն 15 դոլար է անհրաժեշտ։ Եթե խոսվում է 20 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբար կառուցելու մասին, ապա մոտավոր կարժենա 300 մլն դոլար։ Այսինքն՝ մենք գործ ունենք խոշոր գումարների հետ։ Ջրամբարաշինարարությունը որպես շինարարություն թանկ է։ Ծախսներն ավելանում են կախված նաև մի քանի հանգամանքներից՝ որ գոտում է կառուցվելու, ինչ ռելիեֆ է, բնակավայրեր տեղահանվելու են, թե՝ ոչ, մարդկանց տարածքներն է ջրածածկվելու, թե՝ ոչ, փոխհատուցման հարց առաջանալու է, թե՝ ոչ։ Այս բոլորը պետք է հաշվի առնել, և դա ծախս է։ Օրինակ, 3 հատ 20 մլն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար կառուցելու համար, ստացվում է, պետք է ծախսվի մոտ 1 մլրդ դոլար։ Չգիտեմ՝ պետությունը պատրա՞ստ է նման ֆինանսական ծախսեր անելու, թե՞ ոչ»,- նշեց նա։
Մյուս կողմից, ըստ մասնագետի, ջրամբար կառուցելու համար պետք է հաշվի առնել նաև կլիմայի փոփոխության ռիսկերը։ Եղիազարյանի խոսքով՝ արդեն իսկ նման նախադեպեր կան, երբ ռիսկը չի գնահատվել։
«Սևաբերդի ջրամբարը կա, բայց քանի տարի է՝ ջուր չի լցվում։ Այո՛, կան օբյեկտիվ պատճառներ, որոնք ջրամբարներ կառուցելու ընթացքում հաշվի չեն առնվել։ Կա նաև մեկ պատճառ, որ ջրի հոսքեր չի ապահովվում այդ ջրամբար, նման խնդիր ունի նաև Ապարանի ջրամբարը։ Ուզում ես՝ 100 մլն, թե 200 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբար կառուցել, պետք է հաշվել ջրի հոսքերն այդ տարածքի ուղղությամբ։ Պետությունը պետք է մինչև ջրամբար կառուցելը հիմնավորի, օրինակ, Շիրակում կամ այլ տեղում կառուցվող փոքր ջրամբարներն արդյո՞ք ջրային հոսքեր կունենան»,- մատնանշեց մեր զրուցակիցը։
Մասնագետը, մի կողմից էլ առանձնացնում է ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման խնդիրը, որի հետևանքով մակերեսային ջրերը հեռանում են Հայաստանի տարածքից։
Ի դեպ, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 7-րդ նիստը, որի ժամանակ ներկայացվել և քննարկվել են ջրամբարաշինության 5 նախագծեր։
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը նշել է, որ ներդրումային ծրագրերով առաջարկվում է ջրամբարներ կառուցել Արմավիրի մարզի Քասախ, Վայոց ձորի մարզի Ելփին, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Սյունիքի մարզի Լիճք բնակավայրերում, վերակառուցել Շիրակի մարզի Արթիկ բնակավայրի ջրամբարը։
Factor TV-ն պարզել էր, որ Արարատյան դաշտում 58 տիրազուրկ խորքային հորեր կան, որոնց ջուրն անխնա հոսում է և չի օգտագործվում։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության՝ այդ հորերի կոնսերվացման դեպքում կխնայվի վայրկյանում շուրջ 3000 լիտր ստորերկրյա ջուր։ Հաշվարկել էինք, որ տիրազուրկ խորքային հորերից վատնված ջուրը 5 անգամ կլցներ ՀՀ ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարը։
Բացի այս, Factor TV-ն նաև արձանագրել է, որ մայրաքաղաք Երևանում էլ ոռոգման ջուրը հաճախ անարդյունավետ է օգտագործվում։
Մինչ Արարատյան դաշտում տիրազուրկ հորերից աննպատակ ջուր է հոսում, իսկ մայրաքաղաքում ոռոգման ջուրը որոշ տեղերում աննպատակ հոսում է, պետությունը Սևանից ոռոգման նպատակով լրացուցիչ ջուր է վերցնում։
Սեպտեմբերին կառավարությունը չորային եղանակի պայմաններում գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու հիմնավորմամբ Սևանա լճից նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրառն ավելացրեց 30 մլն-ով՝ այսպիսով իրականացնելով 200 մլն խորանարդ մետր ջրառ:
Մանյա Պողոսյան