Իշխանության խոստացած 15 ջրամբարներից որևէ մեկի կառուցման աշխատանքները դեռ չեն սկսվել
Այս ոռոգման սեզոնին էլ իշխանության խոստացած ջրամբարներից ջուր չի հասնի գյուղացիների դաշտերին։ Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված էր 2021-2026 թթ․ Հայաստանում կառուցել 15 փոքր և միջին ջրամբար։ Դեռ նախորդ տարի օգոստոսին Factor.am-ը պարզել էր, որ իշխանության խոստումից 4 տարի անց որևէ նոր ջրամբարի կառուցման աշխատանք դեռ չի սկսվել։
Այժմ ո՞ր փուլում են այդ ջրամբարների կառուցման աշխատանքները, որևէ տեղաշարժ կա՞ այդ ուղղությամբ, թե՞՝ ոչ․ այսպիսի հարցադրմամբ Factor.am-ը կրկին դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
ՏԿԵՆ-ից պատասխանել են, որ նախատեսված 15 ջրամբարներից 6-ի համար մեկնարկել են նախագծման աշխատանքները, որոնցից 5-ի`Քասախի, Ելփինի, Լիճքի, Աստղաձորի, Արթիկի ջրամբարների նախագծման աշխատանքներն ավարտվել են և նախագծանախահաշվային փաստաթղթերը ներկայումս գտնվում են տեխնիկական և համալիր փորձաքննության փուլերում:
Արգիճիի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են՝ ջրամբարի նախնական ընտրված տեղամասում առկա «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող ՀԷԿ-ի օրվա կարգավորման ջրամբարի առկայությամբ պայմանավորված, որի պատճառով անհնարինություն է առաջացել ջրամբարի նախատեսվող տարածքում իրականացնել համապատասխան հետազոտություններ:
Մյուս 5 ջրամբարների կառուցման համար նախաձեռնվել են նաև Հանրային ներդրումային ընթացակարգեր, որոնց շինարարական աշխատանքները կմեկնարկեն նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննական բոլոր փուլերն անցնելուց հետո:
Մնացած 9 ջրամբարների հետ կապված նախարարությունից տեղեկացրել են՝ հաշվի առնելով, որ ջրամբարների համար ի սկզբանե չեն եղել բավարար ելակետային տվյալներ, ներկայումս պլանավորվում է մեկնարկել այդ ջրամբարների իրագործելիության տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունները:
Քասախի ջրամբարի պարագայում ավարտվել են պարզ փորձաքննության ու շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման փորձաքննության գործընթացները, որոնց համար ստացվել են դրական եզրակացություններ:
Ըստ ՏԿԵՆ-ի՝ կազմվել է նաև ջրամբարի կառուցման վերաբնակեցման գործողությունների պլանը: Ջրամբարի ՆՆՓ-երի փաթեթը ներկայումս համալիր փորձաքննության փուլում է:
Բացի այդ, մշակվել է նաև Քասախի ջրամբարի կառուցման հանրային ներդրումային ծրագրի նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության դիրքորոշմանը:
ՆՆՓ-երի պարզ փորձաքննության փուլը մեկնարկել է նաև Աստղաձորի ջրամբարի պարագայում, ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացվել է Աստղաձորի ջրամբարի կառուցման դրական փորձաքննական եզրակացությունը: Մշակման փուլում են գտնվում նաև ջրամբարի կառուցման շրջանակներում վերաբնակեցման գործողությունների պլանի պատրաստման և ՎԳՊ իրականացման խորհրդատվական ծառայությունները, հայտնել են գերատեսչությունից։
Վայոց ձորի մարզի Ելփինի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներն ավարտված են, փորձաքննություններով ստացվել են դրական եզրակացություններ: Գերատեսչության պատասխանում նշվում է, որ կազմվել է նաև Ելփինի ջրամբարի կառուցման վերաբնակեցման գործողությունների պլանը:
Շիրակի մարզի Արթիկի ջրամբարի վերակառուցման ՆՆՓ-երի կազմման աշխատանքները նույնպես ավարտված են, բայց շինաշխատանքները դեռ չեն սկսվել։
Սյունիքի մարզի Լիճքի ջրամբարի ՆՆՓ-երի առանձին կառուցվածքների հաշվարկներում և նախագծման տեխնիկական լուծումներում կատարվել են փոփոխություններ: ՆՆՓ-ների կազմման աշխատանքներն արդեն ավարտված են: Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման փորձաքննությամբ ստացվել է դրական եզրակացություն:
Մշակվել են նաև ջրամբարի վերաբնակեցման քաղաքականության շրջանակը և վերաբնակեցման գործողությունների պլանը: Մեկնարկել է ՆՆՓ-երի պարզ փորձաքննության փուլը:
Անորոշ է, սակայն, Կառնուտի ջրամբարի հարցը։ ՏԿԵՆ-ից Կառնուտի ջրամբարի մասով փոխանցել են, որ ներկա պահին որևէ աշխատանք չի իրականացվում՝ այդպես էլ չնշելով պատճառը։
Հավելենք, որ Շիրակի մարզի բնակիչները ամեն տարի գյուղատնտեսական սեզոնին բողոքում են, որ Կառնուտի ջրամբարը դատարկ է, և իրենց դաշտերը չորանում են ոռոգման ջուր չլինելու պատճառով։
Ներկայում ընթանում են Կապսի ջրամբարի շինարարական ճամբարի հիմնման և Ախուրյան գետի հունի տեղափոխման համար ջրահեռացման խրամուղու կառուցման աշխատանքները։
Ըստ նախարարության՝ այս ջրամբարի և օժանդակ կառուցվածքների շինարարական պայմանագիրը կնքվել է 2023 թվականի ապրիլի 21-ին՝ 74,2 մլն եվրո արժեքով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսի 9-ին՝ նախատեսված 34 ամիս տևողությամբ։ Ջրամբարի ստորին բիեֆի 14 բնակավայրերում ավարտվել են վաղ ազդարարման համակարգի տեղադրման, ջրածածկման տարածքից ծառերի հատման և բուսաշերտի տեղափոխման աշխատանքները։
Կառավարության խոստմանը համաձայն՝ 15 ջրամբարների կառուցման պարագայում հնարավոր կլինի, մոտավար հաշվարկով, կուտակել շուրջ 117.17 մլն մ3 ջուր։
Այս պահին մեր երկրում առկա են ոռոգման նպատակով օգտագործվող թվով 72 ջրամբար:
Ջրամբարների կառուցման խնդրին 2023-ին անդրադարձել էր վարչապետը։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, դժգոհելով ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումից, շեշտել էր, թե Հայաստանում ջրամբարներ նախագծող միայն մեկ ընկերություն կա և հավելել, որ պետք է միջոցներ ձեռնարկել նաև օտարերկրյա ընկերությունների ներգրավելու համար, քանի որ մեկ ընկերության պարագայում ջրամբարների կառուցման տեմպը կարող է չափազանց դանդաղ լինել:
Մանյա Պողոսյան