Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
Քաղաքականություն
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովի ներքին կադրային կառավարման (HR) համակարգերը դարձել են վնասակար կիբերհարձակման թիրախ։ ԵՄ փորձագետները դեռ գնահատում են՝ արդյո՞ք գողացվել են գաղտնի անձնական տվյալներ, գրում է Euronews-ը։
Առայժմ պարզ չէ, թե ով է կանգնած դրա հետևում։
Մի քանի օր շարունակ Եվրահանձնաժողովի աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել Sysper՝ կադրային կառավարման ներքին հարթակ, որտեղ նրանք ստուգում են աշխատավարձի վերաբերյալ տեղեկությունները, արձակուրդի և հիվանդության պատճառով բացակայության դիմումներ ներկայացնում, լրացնում աշխատաժամանակի հաշվառման թերթիկները և գրանցվում վերապատրաստման դասընթացների։ Euronews-ին անանունության պայմանով պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ հինգշաբթի Sysper համակարգը կրկին սկսել է գործել, մինչդեռ առողջության ապահովագրության Joint Sickness Insurance Scheme (JSIS) համակարգը դեռևս անհասանելի է եղել։
Համեմատաբար փոքր այս խափանումներից բացի՝ պետական ծառայողների մեծ մասը գրեթե չի նկատել, որ համակարգերը ենթարկվել են հարձակման։ ԵՄ կառույցների կիբեռանվտանգության ծառայությունը՝ CERT-EU-ն, այժմ փորձում է գնահատել հասցված վնասը։
Հիմնական հարցն այն է՝ արդյո՞ք դեռևս չպարզված ինքնությամբ հարձակվողին հաջողվել է հասանելիություն ստանալ Sysper, JSIS և կադրային կառավարման այլ համակարգերում պահվող տվյալներին։ Սովորաբար այդ համակարգերի հասանելիությունը չի ենթադրում մուտք Եվրահանձնաժողովի ներքին փաստաթղթերին, որոնք պահվում են առանձին համակարգում։
Այնուամենայնիվ, այս հարթակներում պահպանվում են զգայուն անձնական տվյալներ, այդ թվում՝ պաշտոնյաների անունները, աշխատավարձերի չափերը, բնակության հասցեներն ու կոնտակտային տվյալները։ Նման տվյալների բազան կարող է հիմք դառնալ առանձին աշխատակիցների դեմ ուղղված՝ շատ ավելի բարդ կիբեռհարձակումների համար։
ԵՄ կառույցների աշխատակիցները դեռևս միջադեպի վերաբերյալ պաշտոնական ներքին հաղորդագրություններ չեն ստացել, քանի որ հասցված վնասի ծավալները դեռ գնահատվում են։
Եվրահանձնաժողովը նախկինում ևս ենթարկվել է կիբերհարձակումների։ Մարտին կոտրվել էր նրա ամպային ենթակառուցվածքը, որտեղ տեղակայված են Europa.eu կայքերը։ Դրա հետևանքով գողացվել էր շուրջ 91,7 ԳԲ տվյալ, այդ թվում՝ անձնական տեղեկություններ և էլեկտրոնային նամակների բովանդակություն։
Հունվարին կիբերհարձակման թիրախ էր դարձել հանձնաժողովի շարժական սարքերի կենտրոնական ենթակառուցվածքը, ինչը կարող էր հանգեցնել աշխատակիցների անունների և հեռախոսահամարների բացահայտմանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

