Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.11.2026 | 18:50Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանն իր ելույթում անդրադարձավ իշխանական համայնքապետերի և նրանց ընտանիքների անդամների մասնակցությամբ պետական գնումներին՝ բարձրացնելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերի և շահերի բախման հարցը։ Պատգամավորը ներկայացրեց Թալինի, Արտաշատի և Սիսիանի համայնքապետարանների օրինակները՝ քննադատելով նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի արձագանքը։
Յոլյանը խոսեց նախարարի՝ սոցիալական ցանցում կատարած գրառման մասին, որով վերջինս համայնքների ղեկավարներին հորդորել էր իր դեմ դատական հայցեր ներկայացնել։ Պատգամավորի խոսքով՝ դրանից հետո մի շարք համայնքապետեր դիմել են դատարան, սակայն նախարարն անձամբ նման քայլի չի դիմել։
«Իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, որ նախարարը հորդորում է, որ համայնքների ղեկավարները դատի տան, բայց ինքը ինձ դատի չի տալիս: Շատ ճիշտ է անում, հավանաբար մտածում է, որ «Կոռուպցիայի ծաղկման մատյան ողբերգությունը» գրած գալու եմ և կարդալու եմ»,- ասաց Յոլյանը։
Պատգամավորն այնուհետև անդրադարձավ Թալին համայնքում իրականացված պետական գնումներին։ Նա նշեց, որ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի բաժնետերերը, ըստ նրա, համայնքապետ Տավրոս Սափեյանի հայրն ու հորեղբայրն են, հաղթել է 15 միլիոն 714 հազար դրամի գազամատակարարման մրցույթներում։ Յոլյանի խոսքով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է համայնքի ղեկավարին, սակայն դրանից հետո էլ ընկերությունը շարունակել է շահել մրցույթներ։
Անդրադառնալով Արտաշատ համայնքին՝ Յոլյանն ասաց, որ ավագանու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից մեկը հաղթել է ընդհանուր 723 միլիոն դրամի ճանապարհաշինական ծրագրերի մրցույթներում։ Պատգամավորը նշեց նաև, որ դատարանի վճռով համայնքի ղեկավարը ճանաչվել է շահերի բախման իրավիճակում գտնված։
Յոլյանը խոսեց նաև Սիսիանի համայնքապետարանում կնքված պայմանագրերի մասին։ Նրա ներկայացմամբ՝ համայնքապետ Հովսեփ Առաքելյանի ծնողներին պատկանող «Առաքել» ՍՊԸ-ի հետ սկզբում կնքվել է 56,9 միլիոն դրամի, իսկ ավելի ուշ՝ 85 միլիոն դրամի պայմանագիր։
Պատգամավորը քննադատեց նման գործելակերպը՝ պնդելով, որ նախկին իշխանությունների օրոք այդպիսի դեպքերը կդիտարկվեին որպես կոռուպցիայի դրսևորումներ, մինչդեռ այժմ, իր գնահատմամբ, խախտումների համար սահմանվող տուգանքները չեն կանխում շահերի բախման հնարավոր դեպքերը։
«Նախկինների ժամանակ սա համարվում էր կոռուպցիա, բայց այս իշխանության օրոք կգան և կասեն՝ «Բա մերոնց էլ ենք մենք դատում», 300 000 դրամ վճարում են… ոչ թե փող են տալիս ու խախտում են, այլ ջեքփոթ են շահում․ ինչո՞ւ չէ, որ 300 000 կարող են վճարել, 700 միլիոն դրամ ջեքփոթ շահել և տենդերների մասնակցել»,- հայտարարեց Յոլյանը։
Անդրադառնալով իրավապահ մարմինների աշխատանքին՝ պատգամավորը մեղադրեց նրանց ընտրովի մոտեցում ցուցաբերելու մեջ։ Նրա պնդմամբ՝ եթե նմանատիպ դեպքերում ներգրավված լինեին ընդդիմադիր համայնքապետեր, Քննչական կոմիտեի արձագանքը բոլորովին այլ կլիներ։
«Եթե, օրինակ, որևէ ընդդիմադիր համայնքապետ լիներ, Քննչական կոմիտեն Օսկարի արժանի մի տեսանյութ էր նկարել ու ինչում ասես մեղադրելու էին համայնքի ղեկավարին՝ փողերի լվացում, պաշտոնեական դիրքի չարաշահում, փողերի վատնում… Բա ինչո՞ւ չի գնում Քննչական կոմիտեն»,- հարցրեց Յոլյանը։
Ելույթի ավարտին Իրինա Յոլյանը կրկին դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավոր եղած տարիներին հնչեցրած խոսքերը։
«Ինչպես կասեր երբեմնի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը․ «Պարո՛ն նախարար, դուք կոռումպացված Կառավարության նշանակված անձ եք, ես՝ ընտրված պատգամավոր, և այսուհետ չփորձե՛ք շանտաժի լեզվով խոսել ինձ հետ»»,- հայտարարեց Յոլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

