Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին

Լուրեր

19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
Բոլորը

Վեց երկիր դեմ է քվեարկել ՄԱԿ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) միջև համագործակցության մասին բանաձևին։ Այդ երկրներն են՝ Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Հնդկաստանը, Իսրայելը և ԱՄՆ-ը։

ՄԱԿ-ն ընդունել է Իրանի համահեղինակությամբ ներկայացված բանաձևը, որը նախատեսում է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը հատուկ համագործակցություն կիրականացնի 56 պետություն միավորող իսլամական բլոկի հետ, այդ թվում՝ «մարդու իրավունքների», «միջազգային խաղաղության և անվտանգության» հարցերում։ Բանաձևն ընդունվել է 112 կողմ, 6 դեմ ձայնով։

Հույն լրագրող Պոլ Անտոնոպուլոսը հայտնում է, որ ԻՀԿ-ի գործողությունների ծրագիրը մեծապես կրում է Թուրքիայի ազդեցությունը։ Թուրքիան փորձում է հասնել նրան, որ կազմակերպության դիրքորոշումը գերակայի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541 և 550 բանաձևերին, որոնք վերաբերում են Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացիայի չճանաչմանը։

Կիպրոսը նույնպես խորին ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիայի՝ որպես բանաձևի մշակման գործընթացը համակարգողի գործողություններում բանակցությունների ամբողջ ընթացքում բացակայել են թափանցիկությունն ու ներառականությունը։ Կիպրոսի ներկայացուցիչը հայտարարել է, որ չնայած մասնակցության վերաբերյալ բազմիցս ներկայացված խնդրանքներին՝ երկիրը շարունակաբար դուրս է մնացել հաղորդակցությունից և բանակցություններից։

«Չնայած մեր գործադրած բոլոր ջանքերին և ներկայացրած խնդրանքներին՝ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների ներգրավումը բանակցային գործընթացում համակարգողի քաղաքական հայեցողության հարց չէ, այլ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունք»,- նշել է Կիպրոսի ներկայացուցիչը։

Հունաստանը նույնպես «լուրջ մտահոգություններ» է հայտնել Թուրքիայի համակարգմամբ ընթացած բանակցությունների վերաբերյալ։ Աթենքի ներկայացուցիչը նշել է, որ Եվրամիությունը բարեխղճորեն ներկայացրել է իր դիտողություններն ու փոփոխությունների առաջարկները, սակայն դրանք ոչ պատշաճ կերպով են քննարկվել, և դրանց մերժման վերաբերյալ բավարար հիմնավորումներ չեն ներկայացվել։ Նրա խոսքով՝ վերանայված նախագծերը նույնպես շրջանառության մեջ են դրվել առանց պատշաճ խորհրդակցությունների։

Հունաստանը նաև առարկել է այն փաստի դեմ, որ իր պատվիրակությունը և մի շարք այլ պատվիրակություններ դուրս են մնացել բանաձևի նախագծերի շրջանառության գործընթացից։

«Նման գործելակերպը չի համապատասխանում Գլխավոր վեհաժողովի բանակցություններից ակնկալվող թափանցիկության, ներառականության և բարեխղճության սկզբունքներին։ Մենք համոզված ենք, որ դրանք չեն արտացոլում մեր անդամ պետությունների դիրքորոշումները»,- հայտարարել է Հունաստանի ներկայացուցիչը։

Հայաստանի ներկայացուցիչը, իր հերթին, ներկայացրել է Երևանի դիրքորոշումը «Միավորված ազգերի կազմակերպության և Իսլամական համագործակցության կազմակերպության միջև համագործակցություն» բանաձևի վերաբերյալ։

«Հայաստանն ու իսլամական աշխարհը կապված են դարավոր պատմական կապերով, որոնք հիմնված են բարիդրացիության, միջմշակութային և միջկրոնական երկխոսության վաղեմի ավանդույթների վրա։ Լինելով քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը երկար ժամանակ սերտ կապեր է պահպանել բազմաթիվ իսլամական երկրների և ժողովուրդների հետ՝ նպաստելով խաղաղ համակեցության հարուստ ժառանգության ձևավորմանը, ինչպես նաև պահպանելով, պաշտպանելով և խթանելով իսլամական մշակութային ու կրոնական ժառանգությունը՝ որպես տարածաշրջանի և դրանից դուրս պատմամշակութային բազմազանության անբաժանելի մաս։ Խորը արմատներ ունեցող այս պատմական և մշակութային կապերն այսօր ամուր հիմք են ստեղծում երկխոսության և համագործակցության զարգացման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ վերջին 35 տարիների ընթացքում Հայաստանի և իսլամական երկրների մեծամասնության միջև արագ զարգացել են բարեկամական հարաբերությունները, կառուցողական քաղաքական երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև մշակույթի, կրթության, առևտրի և տնտեսության ոլորտներում։

«Այնուամենայնիվ, ափսոսանքով պետք է նշենք, որ բանաձևի որոշ դրույթներ, մասնավորապես, նախաբանի 20-րդ կետում հիշատակված ԻՀԿ-ի 10/51 բանաձևը, պարունակում են անհիմն հակամարտային բնույթի ձևակերպումներ և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ուղղված պնդումներ։ Ավելին, դրանք չեն համապատասխանում Հարավային Կովկասում ընթացող ներկայիս խաղաղ գործընթացի ոգուն։ Այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանն առաջ են մղում խաղաղության գործընթացը և երկկողմ հարաբերությունների կարգավորումը, մենք կոչ ենք անում ԻՀԿ անդամ պետություններին՝ աջակցել այս պատմական հնարավորությանը և նպաստել Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության ու համագործակցության ամրապնդմանը։ Մենք նաև ափսոսանք ենք հայտնում, որ բանաձևի նախագծի շուրջ բանակցային գործընթացը չի եղել ո՛չ թափանցիկ, ո՛չ ներառական, և Հայաստանի պատվիրակությունը, ՄԱԿ-ի մի շարք այլ անդամ պետությունների պատվիրակությունների հետ մեկտեղ, հրավիրված չի եղել մասնակցելու ոչ պաշտոնական խորհրդակցություններին։ Հայաստանը հույս ունի զարգացնել երկխոսությունն ու համագործակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպության հետ՝ միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հարգման հիման վրա»,-ասվում է ՀՀ ներկայացուցչի հայտարարությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի