Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.11.2026 | 15:55Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների կիրառման և դրանց հնարավոր քաղաքական նպատակների հարցին։
Ռուբինյանը հղում արեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հրապարակած զեկույցին՝ նշելով, որ դրանում խոսվում է նախընտրական շրջանում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ կիրառելու մասին։ Նրա խոսքով՝ այդ գործողությունների նպատակը եղել է քաղաքացիներին ընդդիմության օգտին քվեարկելուն մղելը։
«Վերջերս հրապարակվեց ԵԽԽՎ զեկույցը, որտեղ նշված է, որ մեր նախընտրական քարոզչության ժամանակ Ռուսաստանը Հայաստանի դեմ տնտեսական սահմանափակումներ է կիրառել, որպեսզի մարդկանց մղի ընդդիմության օգտին քվեարկելուն։ …Ընդհանրապես ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է բացասական ընդդիմության դերը և ի՞նչ ռիսկեր է գեներացնում Հայաստանի տնտեսական կյանքում»,- հարցրեց Ռուբինյանը։
Արձագանքելով հարցին՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ ԿԲ-ն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է չեզոքության սկզբունքով և ձգտում է գործընկերային հարաբերություններ պահպանել միջազգային բոլոր ազդեցության կենտրոնների հետ։
«Մենք, որպես Կենտրոնական բանկ, հարաբերությունները կառուցելիս ունենք հավասարահեռ ու գործընկերային հարաբերություններ բոլոր կենտրոնների հետ, ինչը կարծում եմ, որ բավականին դրական է։ …Ցանկացած սահմանափակում իր հետ բերում է բացասական ազդեցություններ ոչ միայն գետնի վրա, այլ նաև ընդհանուր տրամադրությունների ձևավորման վրա»,- նշեց Գալստյանը։
Ռուբեն Ռուբինյանը կրկին անդրադարձավ հարցին՝ փորձելով պարզել, թե արդյոք ԿԲ նախագահը համաձայն է այն գնահատականին, որ ընդդիմության օգտին քվեարկությունը խթանելու նպատակով կիրառված տնտեսական սահմանափակումների հետևանքով տուժել է Հայաստանի տնտեսությունը։
«Հաշվի առնելով, որ ԵԽԽՎ-ն պաշտոնապես ֆիքսել է, որ Հայաստանի դեմ տնտեսական սահմանափակումներ են մտցվել, որպեսզի ընդդիմությունը ավելի շատ քվե ստանա, կարծո՞ւմ եք արդյոք, որ ընդդիմության ավելի շատ քվե ստանալու դրդմամբ Հայաստանի տնտեսությունը տուժել է»,- հարցրեց ԱԺ փոխնախագահը։
Մարտին Գալստյանը, սակայն, խուսափեց ընդդիմության գործողություններին քաղաքական գնահատական տալուց՝ նշելով, որ չի կարող միանշանակ պատասխանել այդ հարցին։
«Պարո՛ն Ռուբինյան, կդժվարանամ պատասխանել Ձեր հարցին․ չգիտեմ, չեմ կարող ասել, միանշանակ կդժվարանամ պատասխանել որևէ կերպ»,- ասաց ԿԲ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

