«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.11.2026 | 20:30«Ես պատերազում եմ կռվել, խնդրում եմ՝ ինձ հետ հարգանքով խոսեք»,- երբ 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները նոր էին մեկնարկել, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանն այսպես էր արձագանքել Factor TV-ի հարցին՝ արդյո՞ք եղել է ՀՀԿ անդամ, թե՞ ոչ։
ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Շիրազ Մանուկյանը 2021-2022 թվականներին եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ, 2022-2025 թվականներին՝ ՀՀԿ ուսանողական կազմակերպությունների խորհրդի անդամ։
Մեր հարցին Մանուկյանի արձագանքն անմիջապես հայտնվեց հանրային քննարկումների կենտրոնում։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ընդդիմադիրների մասին, անուղղակի անդրադարձավ Շիրազ Մանուկյանի հայտարարությանը։
«Մի հատ երիտասարդ կա, չեմ ուզում ասել՝ ջահել, առաջին օրը եկել մտել է ԱԺ, ներկայանում է 44-օրյա պատերազմի հերոս, չգիտեմ ինչ։ Ասում եմ՝ արա, ո՞վ է էս տղեն, արժանի գնահատականի չենք արժանացրել, պարզվում է՝ ճողոպրել է»,-հայտարարեց վարչապետը։
Ավելի վաղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր ԱԺ-ում խոսել Շիրազ Մանուկյանի՝ պատերազմին մասնակցության մասին։ Առիթը եղել էր հենց Մանուկյանի՝ բանակում խնդիրների վերաբերյալ նախարարին ուղղված հարցը։
«44-օրյա պատերազմի մասին հերոսապատումներ կերտելիս խնդրում եմ մանրամասնել՝ քանի՞ օր եք մասնակցել, որտե՞ղ եք եղել և ե՞րբ եք զորացրվել»,- հարց էր ուղղել Պապիկյանը։
Շիրազ Մանուկյանը հակիրճ էր արձագանքել Սուրեն Պապիկյանին․ «Դրվագների մասին խոսելը ցավ է»։
Factor TV-ն այս բանավեճից հետո գրավոր հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարությանը և խնդրել տեղեկություններ, թե Շիրազ Մանուկյանը որտեղ ու երբ է մասնակցել պատերազմին։
«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված ձեր գրության՝ տեղեկացնում ենք, որ Շիրակ Սմբատի Մանուկյանը 2019 թվականի հուլիսի 19-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, 28.09.2020թ.-ին թեթև վնասվածքներով տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ 29.09.2020թ.-ից մինչև 22.12.2020թ. գտնվել է Երևանի կայազորային հոսպիտալում։ ՀՀ պաշտպանության նախարարի 19.12.2020թ.-ի №1206 հրամանով վաղաժամկետ զորացրվել է առողջական վիճակով պայմանավորված»,- ասվում է գրավոր պատասխանում։
Այսօր Factor TV-ն ճեպազրույցի ընթացքում վարչապետին փոխանցեց, որ, ըստ ՊՆ-ի տրամադրած պատասխանի, Շիրազ Մանուկյանը վիրավորվել է պատերազմի դաշտում։
«Ինձ ասել են, որ ճողոպրել է»,- պնդեց նա։
Շիրազ Մանուկյանն այսօր Factor TV-ին հայտնեց, որ առաջնագծում է եղել, ոտքի բեկորային վնասվածք է ստացել, երկար ժամանակ ձեռնափայտով է քայլել։
«Ես չեմ ճողոպրել, այսքանը կասեմ։ Ընդհանուր առմամբ էլ, երեկ ԱԺ-ում տեսանք իր պահվածքը։ Լուրջ մի վերաբերվեք։ Եղել եմ առաջին գծում, Թալիշի հատվածում։ Ես Փաշինյանի ասածներին լուրջ չեմ վերեբերվում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Շիրազ Մանուկյանն անարձագանք թողեց Փաշինյանի մեղադրանքները դատարանում վիճարկելու մասին հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

