ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
Քաղաքականություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (ԱՄԴ) հինգշաբթի վճռել է, որ Մյանմարը խախտել է ցեղասպանությունը կանխելու և այն չիրականացնելու՝ միջազգային պայմանագրերով ստանձնած մի շարք պարտավորություններ, գրում է DW-ն։
Դատարանի նախագահ Յուջի Իվասավան հայտարարել է, որ 15 դատավորներից կազմված պալատը 9 կողմ, 6 դեմ ձայնով որոշել է, որ Մյանմարը Ռախայն նահանգում ցեղասպանություն է իրականացրել ռոհինջաների նկատմամբ։ Դատավորները ձայների մեծամասնությամբ Մյանմարին մեղավոր են ճանաչել նաև մի շարք այլ, ավելի կոնկրետ խախտումների համար։
«Բոլոր ապացույցները միասին դիտարկելու հիման վրա դատարանը գտնում է, որ Մյանմարի գործողությունները բացատրող միակ ողջամիտ եզրակացությունն այն է, որ երկիրը մտադրություն է ունեցել ոչնչացնել Հյուսիսային Ռախայն նահանգի ռոհինջա բնակչության զգալի մասին»,- հայտարարել է դատարանի նախագահ Յուջի Իվասավան։
Նա նշել է, որ Մյանմարը պետք է, հնարավորության և անհրաժեշտության դեպքում, ջանքեր գործադրի՝ տուժածներին կամ նրանց հարազատներին փոխհատուցում տրամադրելու ուղղությամբ։ Նա նաև կոչ է արել ապահովել փախստականների անվտանգ վերադարձը և միջոցներ ձեռնարկել՝ երկրի քաղաքացիների ու անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից կատարված իրավախախտումները հետաքննելու և, անհրաժեշտության դեպքում, մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Արդարադատության միջազգային դատարանը նշել է, որ իր գնահատմամբ՝ ռոհինջաներն առանձին էթնիկ խումբ են՝ իրենց բնորոշ լեզվով ու մշակույթով, և իրենք նույնպես իրենց նույնականացնում են որպես այդպիսին։ Սա նշանակում է, որ ցեղասպանության դեմ միջազգային իրավական նորմերի իմաստով նրանք համարվում են պաշտպանվող խումբ։
Իվասավայի խոսքով՝ Մյանմարի անվտանգության ուժերը «հազարավոր ռոհինջա խաղաղ բնակիչների են սպանել, սեռական բռնություններ, ինչպես նաև երեխաների նկատմամբ ծայրահեղ դաժան բռնություններ իրականացրել»։ Նրանք հարձակվել են ռոհինջաների վրա նաև այն ժամանակ, երբ վերջիններս փորձել են փախչել մարտական գործողություններից։
«Դատարանը լիովին համոզված է, որ 2017 թվականի՝ տարածքների մաքրման գործողությունները լուրջ ֆիզիկական և հոգեկան վնաս են պատճառել պաշտպանվող խմբի զգալի թվով ներկայացուցիչների»,- հայտարարել է դատավոր Իվասավան։
Նա նաև նշել է, որ այդ գործողություններին որոշ խաղաղ բնակիչների մասնակցությունը պարտադիր չէ, որ դիտարկվի որպես պետության կողմից պատվիրված կամ հավանության արժանացած գործողություն։ Սակայն դատարանը պարզել է, որ կառավարությունն ու անվտանգության ուժերը ոչ մի էական քայլ չեն ձեռնարկել՝ ռոհինջա չհանդիսացող խաղաղ բնակիչների կողմից իրականացվող վայրագությունները կանխելու համար, և, ավելին, նպաստել են էթնիկ ու կրոնական լարվածության սրմանը։
Բացահայտումների մանրամասներին ծանոթանալիս՝ Իվասավան նշել է, որ Մյանմայի կողմից ենթադրյալ վայրագությունները պատշաճ կերպով հետաքննելու ձախողման, ինչպես նաև ապացույցներին ու վկաներին հասանելիություն տրամադրելուց կամ պահանջված տեղեկատվությունը ներկայացնելուց հրաժարվելու փաստը։ Նա հայտարարել է, որ սա կարող է նշանակել, թե դատարանը հնարավոր է՝ չունենա հավաստի տեղեկություններ այն փաստերի վերաբերյալ, որոնք հասանելի են միայն Մյանմայի ներսում, և որոնց հասանելիություն դատարանին չի տրամադրվել։
Այս գործը վերաբերում է 2017 թվականին երկրի արևմտյան ափամերձ Ռախայն նահանգում հիմնականում մահմեդական ռոհինջա փոքրամասնության դեմ իրականացված ռազմական գործողություններին։
Բռնությունները սրվել էին դեռևս դրանից մի քանի տարի առաջ, սակայն նահանգի հյուսիսային հատվածում ռազմական գործողությունների ամենաինտենսիվ փուլը սկսվել է 2017 թվականի օգոստոսին՝ մահմեդական զինված խմբավորման համակարգված հարձակումից հետո։ Խմբավորումը հարձակվել էր ոստիկանության և զինվորականների մի շարք դիրքերի ու ծառայողների վրա։
Ավելի ուշ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությունը եզրակացրել է, որ դրան հաջորդած՝ տարածքների մաքրման ռազմական գործողությունների ընթացքում, հավանաբար, զոհվել է շուրջ 10 հազար մարդ։ Մոտ 700 հազար մարդ փախել է Բանգլադեշ, որտեղ նրանց մեծ մասը մինչ օրս բնակվում է աշխարհի ամենամեծ փախստականների ճամբարում։
2019 թվականին Գամբիան Հաագայի դատարան հայց է ներկայացրել՝ մեղադրելով Մյանմարին ռոհինջա փոքրամասնությունն ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու նպատակով հրկիզումների, բռնաբարությունների և սպանությունների կանխամտածված արշավ իրականացնելու մեջ։
Մյանմարի ազդեցիկ զինվորական ղեկավարությունը, որն այժմ կրկին փաստացի ամբողջությամբ վերահսկում է երկիրը՝ չնայած երկարատև քաղաքացիական պատերազմին, պնդում է, որ իրականացրել է օրինական հակաապստամբական գործողություններ։ Այդ ժամանակ երկրի քաղաքացիական նախագահը՝ Աուն Սան Սու Չժին, ավելի չափավոր դիրքորոշում էր որդեգրել, սակայն, այնուամենայնիվ, մեկնել էր Հաագա՝ վիճարկելու առաջադրված մեղադրանքները՝ դրանք անվանելով «թերի և սխալ»։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ հավանաբար, կգրավի նրանց ուշադրությունը, ովքեր ձգտում են Իսրայելին և Բենիամին Նեթանյահուին պատասխանատվության ենթարկել Միջազգային դատարանում՝ Գազայի պատերազմի, Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին էլ՝ Ուկրաինա ներխուժման համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

