Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.11.2026 | 20:00Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրվելու առաջարկին, խորհրդարանական ընդդիմության դիրքավորմանը, երկրի աշխարհաքաղաքական վեկտորին և ներքաղաքական դաշտում նոր դեմքերի հայտնվելուն։
Անդրադառնալով վարչապետի այն առաջարկին, թե նոր Սահմանադրության ընդունման դեպքում ինքը հրաժարական կտա ու այլևս չի առաջադրվի, Գևորգ Սաֆարյանը շեշտում է, որ խորհրդարանական ընդդիմությունը չպետք է ընդունի այդ առաջարկը։
«Այս իշխանությունները, ըստ էության, ոչնչով չեն տարբերվում նախորդ իշխանություններից։ Հիշենք նմանատիպ ձևակերպումներ ժամանակին անում էր Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ սահմանադրական փոփոխություններից հետո ինքը վարչապետի թեկնածու չի լինելու, և այսպիսով փորձում էր համոզել մարդկանց… Նույն բանը էսօր անում է Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարում է Սաֆարյանը:
Նա վարչապետին առաջարկում է հեռանալ ոչ թե պայմանով, այլ հենց հիմա. «Եթե Նիկոլ Փաշինյանն ունի այն մոտեցումը, որ ցանկացած դեպքում ինքը հեռանալու է, ապա խնդրեմ, թող հիմա ինքը հեռանա։ Եվ այն փոթորկալից վիճակը, որ ինքը ստեղծել և ստեղծում է քաղաքական դաշտում, հանրության մեջ, թող էդ ամեն ինչը հանդարտվի, իհարկե, դա միանգամից չի լինի, դրա համար մեկ-երկու տարի պետք կլինի: Եվ արդեն հանդարտ մթնոլորտում հանրությունը… քննարկի՝ խաղաղության պայմանագիր կոչեցյալը… պետք է խաղաղություն, թե պետք չի»։ Բանախոսը հավելում է, որ Փաշինյանի խոսքերով խաղաղություն չի հաստատվում։
Խոսելով խորհրդարանական ընդդիմության մասին՝ ԱԺԲ խորհրդի անդամը քննադատում է նրանց մանդատներ վերցնելու որոշումը. «Այս մարդիկ վերցրեցին այդ մանդատները և գնացին էնտեղ ստորացուցիչ կարգավիճակում… Իսկ Փաշինյանը, որը էնտեղ ներկայանում է վարչապետ, ով պետք է գնա պառլամենտ զեկուցելու… գնում և էնտեղ էդպես լպիրշ վարքագիծ է դրսևորում, հիշենք իր արտահայտությունները՝ «վրադ մատ էլ թափ կտամ, ուրիշ բան էլ կտամ», և այլն, և այդ լպիրշ վարքագծով, և այդ փոքրամասնությունը ստիպված կուլ է տալիս այդ վարքագիծը… Որովհետև իրե՛նք են դա ընտրել»։
Ըստ Սաֆարյանի՝ եթե ընդդիմությունը համաձայն չէր հանրաքվեներին ու ընտրություններին, պետք է փողոց դուրս գար, քանի որ «Հայաստանում ինչպես ընտրությունները կեղծվել են, այնպես էլ շարունակում են կեղծվել… Իշխանափոխության այլ եղանակ, քան հեղափոխությունը, չկա»։
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության շուրջ ընդդիմադիրների «Ոչ»-ի ճամբարի ձևավորմանն ու համախմբմանը, Սաֆարյանը տրամաբանական հակասություն է տեսնում. «Եթե Ազգային ժողովի փոքրամասնությունը չի ստորագրում սահմանադրական այդ փոփոխությունների թույլտվության տակ, ապա սահմանադրական փոփոխություններ չեն լինում։ Էդ պայմաններում էդ համախմբումը… նպատակը ո՞րն է։ Սահմանադրական հանրաքվեն կլինի, եթե իրենք ասեն այո: Այսինքն՝ մենք կարող ենք ենթադրել, որ նրանք ուզում են այո ասել Ազգային ժողովում սահմանադրական փոփոխություններին… Եթե դեմ քվեարկեն, հանրաքվե չի լինելու»։
Անդրադառնալով արտաքին քաղաքական վեկտորին, ԱԺԲ ներկայացուցիչը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները երկիրը տանում են ոչ թե դեպի Եվրամիություն, այլ՝ դեպի ԵՄ թշնամի հանդիսացող Թուրքիա. «Սովետական Հայաստան, Ռուսահայաստան պրոյեկտը իրականացվեց ռուս-թուրքական համաձայնություններով… Մենք չենք ունենալու այլընտրանք, քան լինել կամ Ռուսաստանի գաղութ, կամ Թուրքիայի վիլայեթ»։
Իսկ ինչ վերաբերում է ներքաղաքական դաշտում Արմեն Գրիգորյանի հնարավոր դերակատարմանը, ապա Սաֆարյանը դա համարում է իշխանական նախագիծ։ «Ինչ վերաբերվում է Արմեն Գրիգորյանին ջրի երես բերելու գործողությանը, սա իշխանությունների գործողությունն է։ Հիշու՞մ եք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պիտի ձևավորվի նոր ընդդիմություն, որը կլինի երիտասարդ ընդդիմություն, և ըստ էության կսպասարկի իշխանության ծրագրերը։ Դա փորձում են տեսնել ի դեմս Արմեն Գրիգորյանի, բայց կարծում եմ, որ դա սխալ հաշվարկ է, քանի որ Արմեն Գրիգորյանը քաղաքական դաշտում որպես այդպիսին գոյություն չունեցող մարդ է»,- եզրափակել է Գևորգ Սաֆարյանը:
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

