Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.06.2026 | 17:40«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի կարծիքով՝ Ազգային ժողովի ընտրություններին իրենց ուժի չմասնակցելը ճիշտ որոշում էր, քանի որ ձևավորված մթնոլորտում իրենց նման «համեստ հնարավորություններ ունեցող և որևէ ձևով չապականված» ուժը հաջողության հասնելու հնարավորություն չուներ։ Factor TV-ի հետ զրույցում նա վերլուծել է ընտրությունների արդյունքները՝ դրանք որակելով որպես «հավաքական ընդդիմության ջախջախիչ պարտություն» և քաղաքական դաշտի ապականման վկայություն։
«Մեր չմասնակցելու հիմքում դրված էին իրատեսական հաշվարկներ, մենք շատ լավ գնահատում էինք քաղաքական դաշտը, քաղաքական իրավիճակը, և արդյունքներն էլ հավաստեցին, որ ճիշտ որոշում կայացրինք», – նշել է Նորիկյանը։
Նորայր Նորիկյանի գնահատմամբ, թեև Նիկոլ Փաշինյանը չի հաղթել իր պատկերացրած արդյունքներով, սակայն ընդդիմությունը ջախջախիչ պարտություն է կրել։ «Իրենց խոսույթը, իրենց հավակնությունները, իրենց պատկերացումները և իրենց ակնկալիքներն այնպիսին էին, որ Նիկոլը հաղթելու շանս չունի»,- պարզաբանել է նա։
Ըստ նրա՝ բարձր մասնակցությունը պայմանավորված էր երկու հիմնական գործոնով։ Քաղաքացիների մի զանգված, ըստ Նորիկյանի, լսել է Փաշինյանի կոչերը և քվեարկել նրա օգտին՝ «տեր կանգնելու խաղաղությանը» և թույլ չտալու համար, որ իշխանության գան, ըստ Փաշինյանի ձևակերպման, «եռագլուխ, քառագլուխ» կուսակցությունները, որոնք ենթատեքստով ընկալվում էին որպես ռուսական ազդեցության կրողներ։ Մյուս կողմից, ընդդիմությանը ձայն տված քաղաքացիներն առաջնորդվել են Փաշինյանից ազատվելու գաղափարով և, հնարավոր է, նյութական շահագրգռվածությամբ։
Նորիկյանը համոզված է, որ Ռուսաստանի ոչ հավասարակշռված քայլերը նպաստել են Փաշինյանի հաղթանակին։
«Իսկ դուք մեկ վայրկյան վստահ չե՞ք, կամ համոզված չե՞ք, ես, օրինակ, վստահ եմ, մի քիչ էլ համոզված եմ, որ հենց այդ Օվերչուկի, Պեսկովի, Զախարովայի հաղորդագրությունները նպաստեցին Նիկոլ Փաշինյանի այսքան ձայն ստանալուն։ Այդ մեր սահմանում Վերին Լարսի փակելը, մեր գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ անհարկի խնդիրներ առաջացնելը…»,- նշել է նա։
Ըստ նրա՝ եթե Ռուսաստանը հայտարարեր, որ կհարգի Հայաստանի ժողովրդի ցանկացած ընտրություն, ապա իր նկատմամբ ավելի լոյալ վերաբերմունք կձևավորվեր։
Նորայր Նորիկյանի խորին համոզմամբ, Հայաստանի քաղաքական դաշտը դեգրադացվել է, և ընտրությունները դրա վառ ապացույցն էին։ «Ո՞ւմ է հաղթել Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ինքը հաղթել է «թալանչուն, լրտեսին, հանցագործին»։ Այսինքն՝ ինքը նորմալ, կայացած, քաղաքական միտք ունեցող, քաղաքական կշիռ, հետագիծ ունեցող որևէ քաղաքական ուժի չի հաղթել»։
Նա պնդում է, որ քաղաքական դաշտի ապականման պատասխանատուները հենց այն ուժերն են, որոնք այսօր հանդես են գալիս որպես ընդդիմություն։ «Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը, և այդ սեգմենտները, իրենք են Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության, պահել իշխանության, պահում իշխանության», – հայտարարել է քաղաքական գործիչը՝ Սամվել Կարապետյանին համարելով «զոհ», որին, իր կարծիքով, «պադստավկա են արել»։
Խոսելով ԱԺ-ի հնարավոր կազմի մասին՝ Նորիկյանը հատուկ կարևորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ 4%-ի շեմը հաղթահարելու հարցը։ Եթե ԲՀԿ-ն մտնի ԱԺ, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» չի ունենա որոշ օրենքների և նշանակումների համար անհրաժեշտ 3/5-ի մեծամասնությունը։
«Եթե ԲՀԿ-ն այնուամենայնիվ վերջնական արդյունքում հաղթահարի 4%-ը և անցնի պառլամենտ, բնականաբար, նա դառնալու է իշխող ուժի հարձակման թիրախը։ Չի բացառվում, որ ամեն ինչ արվի ԲՀԿ-ի խմբակցությունը կազմաքանդելու և նրա անդամներին, այսպես ասած, ՔՊ մեծամասնության ազդեցության ներքո տանելու ուղղությամբ։ Բազառի թեմա է բացվում։ Այդ բազառում ո՞վ կհաղթի, ո՞վ չի հաղթի, հիմա ես չգիտեմ՝ ով ում վանդակը կտանի, ինչ առյուծներ կամ չգիտեմ ինչ, թող իրենք որոշեն, բայց ակնհայտ է, չէ՞, որ Գագիկ Ծառուկյանի 4-5 մանդատները դառնում են ճակատագրական», – նշել է նա։
Իր խոսքի վերջում Նորայր Նորիկյանը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ է «մաքրել այս քաղաքական աղբը քաղաքական դաշտից» և ձևավորել որակապես նոր քաղաքական մշակույթ՝ հավելելով, որ իրենց ուժի համար առաջիկա տարիները լուրջ աշխատանքի դաշտ են ստեղծել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան