Որտե՞ղ է մորթվում շուկա բերվող միսը, երբ սպանդանոցները պարապուրդի են մատնված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
01.04.2025 | 19:13Բուրաստան համայնքում գործող «Նաջարյան» սպանդանոցն Արարատի մարզի անասնաբույծները շատ լավ գիտեն։ Դեռ երիտասարդ տարիներից անասնապահությամբ զբաղվող Զոհրապ Թորոսյանին ոգևորել է հայտնի «Ոսկե ցլիկ» ֆիլմի հերոսը, հետո որոշել է սկսած գործը նրա անունով կոչել։ Ասում է՝ ժամանակակից չափանիշներին համապատասխանող սպանդանոցը 2020 թվականին կառուցելու համար շուրջ 60 միլիոն դրամ է ներդրել, բայց չորս տարի սպանդանոցի դուռը բացող չկար։
«Եթե իմանայի՝ էսպես պիտի լիներ, չէի սարքի, էսքան ներդրում չէի անի, հիմա գործի կեսից չեմ կարող հետ կանգնել»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Զոհրապ Թորոսյանը։
Սպանդանոցային մորթի պահանջն ամբողջ հանրապետությունում պարտադիր է դարձել դեռևս 2020 թվականի հուլիսի 1-ին, սակայն միայն 2023-ի վերջին պատկան մարմինները սկսեցին հետամուտ լինել պահանջի կատարմանը։ Անասնապահները, ըստ այս կարգավորման, այլևս չեն կարող նախկինի պես բակերում անասուն մորթել և շուկա տանել։
Սպանդանոց հիմնած Զոհրապ Թորոսյանի խոսքով՝ գործը սկսեց մի փոքր աշխուժանալ նախորդ տարվա վերջին, երբ մսի վաճառքի կետերում սննդամթերքի անվտանգության տեսուչները սկսեցին ամենօրյա ստուգումներ իրականացնել՝ պարզելու՝ վաճառվող միսն ունի՞ սպանդանոցային մորթը հաստատող 5-րդ ձևի փաստաթուղթ, թե՞ ոչ։ Նա նշում է՝ իր սպանդանոցում շաբաթը 10-15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու մորթ է լինում, 20-25 գլուխ էլ խոզ է մորթվում։
«Այսօր մորթ չի եղել, երեկ երկու-երեք հատ է եղել, կարող է լինի՝ մի երեք օր մորթ լինի, մյուս օրերին՝ չլինի։ Ինձ թվում է՝ պատճառը ռեալիզացիան է, կախված է, թե մարզում ինչքան միս է ծախվում»,- նշեց «Նաջարյան» սպանդանոցի տնօրենը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում գրանցված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզի, ձիու, ճագարի՝ 118, ինչպես նաև թռչնի մորթ իրականացնող 24 սպանդանոց։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցած տվյալներով՝ գրանցված սպանդանոցներից 13-ն այս պահին չի գործում։ Օրինակ՝ Շիրակի մարզում գրանցված չորս սպանդանոցներից ոչ մեկը մորթ չի իրականացնում։ Factor TV-ն կապ հաստատեց այդ ընկերությունների ղեկավարների հետ՝ պարզելու, թե ինչու են պարապուրդի մատնված։ Սպանդանոցային բիզնես հիմնած տնտեսվարողները պնդում են՝ գլխավոր պատճառը սպանդանոցում մորթի համար սահմանված արժեքն է։ Եթե ֆերմերը նախկինում բակային մորթի համար մսագործին 5000 դրամ էր վճարում, հիմա սպանդանոցում ժամանակակից պահանջներով մորթի համար պետք է 10,000-15,000 դրամ վճարի, պարտավոր է նաև սեփական միջոցներով կենդանուն այնտեղ հասցնել։ Սպանդանոցի տերերն ասում են՝ այս պայմաններում վնասով են աշխատում թե՛ իրենք, թե՛ գյուղացիները։
«Հավատալով օրենքին՝ սպանդանոց կառուցեցինք, բայց օրենքը, ցավոք, այդպես էլ չգործեց։ Տարվա մեջ երկու-երեք անգամ մսի վաճառքի կետերում խստացումներ են լինում, այդ ժամանակ էլ սկսում ենք աշխատել»,- նկատում է Սեյրան Սմբատյանը։
Հայկաձոր գյուղի ֆերմերը կենդանուն ամենամոտ սպանդանոց՝ Արագածոտնի մարզի Թալին քաղաք հասցնելու համար պետք է 35 կիլոմետր ճանապարհ կտրի։
Թեև օրենքի պարտադիր պահանջ է, որ առևտրի կետերում վաճառվող միսը 5-րդ ձևի փաստաթուղթ ունենա, բայց մսավաճառները վստահեցնում են՝ գնորդներից շատերը տեղյակ չեն այդ մասին։
Սպանդանոցային մորթի խթանման նպատակով անցած տարեվերջին Կառավարությունը գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերման նոր արտոնություններ սահմանեց: Մոդուլային կամ շարժական սպանդանոց ձեռք բերելիս կանխավճարի 80 տոկոսը պետությունն է սուբսիդավորում։ Բայց սպանդանոցների շուրջ գյուղացիների դժգոհությունը չի մարում։ Շիրակի մարզի ֆերմերները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պատկան մարմիններից պահանջելով լուծել սպանդանոցների հարցը։
Նիկոլ Փաշինյանն անցած ամռանը Կառավարության նիստում անդրադարձավ սպանդանոցների ծրագրին՝ նշելով, որ որոշել են շարժական սպանդանոցներ ձեռք բերելու դեպքում գրեթե ամբողջությամբ փոխհատուցել ծախսը, սուբսիդավորել վճարած տոկոսները: Փաշինյանի համոզմամբ՝ անկախ նրանից, թե Կառավարությունն ինչ աջակցություն է ցուցաբերում, յուրաքանչյուր բիզնեսմեն պետք է հասկանա՝ գործի պատասխանատուն ինքն է։
«Գնալու ենք մարզեր, տեսնելու ենք՝ սիրուն, ներկած շրջիկ սպանդանոցը դրած, մի քաղաքացի տխուր դիմացը կանգնած սպասում է մեզ։ Ասելու է՝ չի աշխատում, պահանջարկ չկա։ Մենք բացատրելու ենք՝ դա քո բիզնեսն է, մենք աջակցել ենք։ Քիչ է մնում՝ վերջը ասեն՝ եկեք սպանդանոցն աշխատացրեք, մենք էլ տանը նստած ենք, կբերեք փողը կտաք»,- հայտարարել էր Փաշինյանը։
Չնայած պետական աջակցությանը՝ ծրագրի մեկնարկից գրեթե 8 ամիս անց շարժական սպանդանոց կառուցելու նոր հայտ դեռևս չի ստացվել: Իսկ հանրապետությունում գործում է 6 շարժական սպանդանոց․ 4-ը՝ Արամավիրի, 1-ը՝ Արագածոտնի, 1-ը՝ Լոռու մարզերում: Այս տարի սպանդանոց կառուցելու 3 հայտ է ստացել ՍԱՏՄ-ն, որոնք կկառուցվեն Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերում։ 1-ն արդեն իսկ գրանցվել և գործում է Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր բնակավայրում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցած տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին գրանցված խախտումների վերաբերյալ կազմվել է 92 ակտ, առգրավվել և ոչնչացվել է 3 հազար 509 կգ ոչ սպանդանոցային ծագման միս, իսկ այս տարվա փետրվարի դրությամբ՝ 27 ակտի հիման վրա՝ 496 կգ ոչ սպանդանոցային միս։
Արդյո՞ք սա ոչ սպանդանոցային մորթի ենթարկված մսի իրացման ողջ ծավալն է․ պետական գերատեսչություններն այս մասին լռում են, բայց դժվար չէ գուշակել հարցի պատասխանը, եթե հաշվի առնենք փաստը, որ, օրինակ, Շիրակի մարզում, որտեղ անասնապահությունը գյուղացիների հիմնական զբաղմունքն է, գործող ոչ մի սպանդանոց չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մանյա Պողոսյան