Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները

Լուրեր

12.01.2025 | 22:00
Ընտրությունները կեղծվեցին, բայց մենք էլ չպատրաստվեցինք այնպես, ինչպես անհրաժեշտ էր․ Զուրաբիշվիլի
12.01.2025 | 21:00
Պատկերասրահը պետք է դառնա ժամանցի վայր՝ լավ իմաստով. ապաքաղաքական զրույց Մարինա Հակոբյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 20:40
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը Մախաչկալայից ուղևորվել է Երևան. Քաղավիացիա
12.01.2025 | 20:35
2024թ․-ին վարկային և դրամաշնորհային ծրագրերով ասֆալտապատվել է 38 կմ ճանապարհ․ նախարար
12.01.2025 | 20:05
Ավտովթար՝ Ջրվեժ գյուղում
12.01.2025 | 19:46
Լոս Անջելեսի սիրելի բարեկամներ, այս դժվարին պահին Երևանը ձեր կողքին է․ Ավինյան
12.01.2025 | 19:12
Հայտնաբերվել է պատերազմում նահատակված Արմեն Գասպարյանի տնից գողություն կատարելու մեջ կասկածվող անձը
12.01.2025 | 18:04
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2024թ․-ին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները
12.01.2025 | 17:49
Սպիտակ-Վանաձոր երթուղու միկրոավտոբուսի վթարի հետևանքով 12 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, բոլորը դուրս են գրվել
12.01.2025 | 17:36
Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն հենց իրենք դատավորները․ ԲԴԽ նախագահ
12.01.2025 | 16:47
2018 թ. հեղափոխությունից հետո ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով գնալը կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան
12.01.2025 | 15:50
Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 15:30
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Գալյանը՝ դատավորներին
12.01.2025 | 15:27
Հարցնում են` ինչու նրանք կալանավորված չեն, ձեզ ուղղված հարցերին ես եմ պատասխանում. Փաշինյանը` իրավապահ ոլորտի ղեկավարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 14:16
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Բոլորը

Գլխավոր դատախազության ավագ դատախազ Գարեգին Իսախանյանը, որն ի թիվս այլ ունեցվածքի,  բանկերում 35 մլն դրամ ավանդ ունի, պարզվում է՝ դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Նրան պատկանող ընկերությունը ևս խնդիրներ է ունեցել հարկային մարմինների հետ ու դարձյալ սնանկ ճանաչվել:

Գարեգին Իսախանյանը 2014թ. հունիսի 23-ից դատախազի պաշտոն է զբաղեցնում: Մինչ այդ էլ աշխատել է Դատախազությունում որպես քննիչ: Այժմ զբաղեցնում է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնը: Սնանկության դատարանի 2022թ. մայիսի 6-ի վճռով նա սնանկ է ճանաչվել, որը մտել է օրինական ուժի մեջ:

Վերջին տարիներին Հայաստանում գնալով ավելանում է սնանկ ճանաչվածների թիվը, որոնց զգալի մասը ֆիզիկական անձինք են: Սնանկությունը երբեմն դարձել է պարտավորությունների կատարումից խուսափելու միջոց: Օրինակ, քաղաքացիները դիտավորյալ չեն կատարում իրենց ֆինանսական պարտավորությունները, որպեսզի դրանց չափը գերազանցի օրենքով նախատեսված շեմը ու դրանից հետո կամավոր դիմեն կամ իրենց դեմ դիմում ներկայացնեն դատարան և սնանկ ճանաչվեն՝ այդ կերպ ազատվելով հետագա պարտավորություններից:

Ուշագրավ է, որ դատախազին սնանկ ճանաչելու գործը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում փակ է, հետևաբար՝ վճռի մանրամասները հայտնի չեն: Սակայն Գարեգին Իսախանյանը սնանկ ճանաչվել է Արա Վաթյանի դիմումի հիման վրա: Վերջինս ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Արմեն Վաթյանի եղբայրն է: Քանի որ վճիռը հանրությանը հասանելի չէ, փորձեցինք գրավոր հարցմամբ դատախազ Իսախանյանից տեղեկանալ մանրամասների մասին, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին: Մնում է միայն ենթադրել, թե ինչ հանգամանքներ են ստիպել գործող դատախազին սնանկ ճանաչվել:

FactorTV-ի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սնանկ է ճանաչվել ոչ միայն դատախազ Գարեգին Իսախանյանը, այլև նրան պատկանող ընկերությունները: Նա չի մարել նաև բանկում ունեցած վարկային պարտավորությունները, ինչի հետևանքով նրա ու կնոջ դեմ հայցադիմումներ են ներկայացվել դատարան:

Մասնավորապես՝ 2023թ. հունվարին «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գարեգին Իսախանյանի և նրա կնոջ՝ Հերմինե Իսախանյանի, հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ գումարի բռնագանձման և բռանագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին: Իսախանյանները բանկին պարտք են եղել 22 մլն դրամից ավելի գումար, և ժամանակին պարտավորությունը չեն կատարել:

Դատախազն ու կինը դատարան դիմում են ուղարկել՝ տեղեկացնելով Գ. Իսախանյանի սնանկ ճանաչված լինելու մասին: «Սնանկության մասին» օրենքով նախատեսված է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից՝ կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը: Նրա դեմ պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում, հետևաբար՝ բանկի հայցադիմումի հիման վրա հարուցված գործը 2023թ. մարտին կարճվել է:

Դրանից առաջ՝ 2023թ. հունվարին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դարձյալ կարճել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի մեկ այլ պահանջ՝ 7 մլն դրամի չափով: Դարձյալ հիմնավորումը Գարեգին Իսախանյանի սնանկ ճանաչվելն է:

Դատախազ Իսախանյանը բարեխղճորեն չի վճարել նույնիսկ փոքր վարկերը: Մասնավորապես՝ 2019թ. նույն բանկի և Գարեգին Իսախանյանի միջև կնքվել է վարկային պայմանագիր և նրան տրամադրվել է 300 հազ. դրամ վարկ՝ 2 տարի մարման ժամկետով: Գրավադադրվել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակարանը: Դատախազը չի կատարել իր վարկային պարտավորությունը և վարկի մայր գումարի վրա ավելացել են նաև տույժ տուգանքներ:

2022թ. մայիսին դատարանը Գ. Իսախանյանից մոտ  343 հազ. դրամ բռնագանձելու վճիռ է կայացրել՝ բռնագանձում տարածելով գրավադրված Կոմիտասի պողոտայում գտնվող բնակարանի վրա:

Այժմ վարչական դատարանում քննվում է մի գործ, ըստ որի՝ Գարեգին Իսախանյանը վիճարկում է Երևան քաղաքի Աէրացիա 1 հասցեի շինության 2013թ.  գույքահարկը չվճարելու վերաբերյալ քաղաքապետարանի որոշումը՝ մոտ 120 հազ. դրամ բռնագանձելու մասին: Վարչական դատարանը Իսախանյանի օգտին վճիռ է կայացրել, ինչի դեմ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը: Գործի քննությունը դեռ չի ավարտվել:

Ուսումնասիրելով Գարեգին Իսախանյանի գույքի, եկամուտների հայտարարագրերը, պարզեցինք, որ նա 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ունի 5 անշարժ գույք՝ 2 բնակարան և 1 ավտոտնակ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, 2 հողամաս՝ Տավուշի և Արագածոտնի մարզերում:

Ուշագրավն այն է, որ ավանդը ենթադրում է եկամուտի ստացում, այսինքն՝ բանկերը պետք է տոկոս վճարեն ավանդատուին, մինչդեռ տարիներ շարունակ ոչ ավանդի մայր գումարներն են փոխվում, ոչ էլ որպես եկամուտ տոկոսագումար է հայտարարագրվում: Ստացվում է, որ Գարեգին Իսախանյանը ամբողջությամբ չի հայտարարագրում եկամուտները:

Գարեգին Իսախանյանի 2023թ. միակ եկամուտը եղել է աշխատավարձը՝ 12 մլն 500 հազ. դրամ: Ընդհանրապես, 2021թ-ից սկսած (ավելի վաղ ներկայացված հայտարարագրերը ԿԿՀ-ի կայքում հասանելի չեն) նա որպես եկամուտ միայն դատախազությունից ստացած աշխատավարձն է հայտարարագրում:

Դատախազն ու կինը մասնակցություն ունեն նաև առևտրային ընկերություններում: 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Գ. Իսախանյանին է պատկանել «Արբումպրոմ» ՍՊԸ-ի 50%-ը, «Բար» ՍՊԸ-ի՝ 53%-ը, իսկ կնոջը՝ Հերմինե Իսախանյանին պատկանել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հիմնած Gintra UAB ընկերությունը, որի 80%-ի սեփականատերն է: 

 

Սնանկ է ճանաչվել նաև դատախազի ընկերությունը

 

2017թ. մարտի 21-ին ՊԵԿ-ի կողմից դիմում է ներկայացվել դատարան ընդդեմ «Արբումպրոմ» ՍՊԸ-ի` սնանկ ճանաչելու պահանջի մասին: Ընկերությունը չի կատարել իր հարկային պարտավորությունները և կուտակել է 2 մլն 704 հազ. դրամ պարտք: Նույն տարվա սեպտեմբերին «Արբումպրոմ»-ը սնանկ է ճանաչվել: Սնանկության դատարանը 2023թ. հոկտեմբերի 27-ին սնանկության վերաբերյալ գործն ավարտել է:

Դատարանի նշված վճռում գրված է, որ դատարան պահանջ է ներկայացրել Գարեգին Իսախանյանը ` 541 մլն դրամ և 141 հազ. ԱՄՆ դոլար գումար պահանջով, որն ընդգրկվել է համապատասխան խմբում: Սակայն, ուսումնասիրելով Գ. Իսախանյանի հայտարարագրերը, որևէ նշում չկա 141 հազ. ԱՄՆ դոլարի մասին, որը փոխառության կամ որևէ այլ եղանակով հանձնել է «Արբումպրոմ» ՍՊԸ-ին: Մինչդեռ հայտարարագրում երևում է 541 մլն դրամը` որպես ընկերությանը հանձնած փոխառություն: Ստացվում է, որ 141 հազ. դոլարը չի հայտարարագրվել:

Սնանկ ճանաչվելուց հետո 2004թ. ստեղծված «Արբումպրոմ» ՍՊԸ-ն 2024թ. հունվարի 25-ին լուծարվել է: Սկզբում ընկերության 99.6%-ի սեփականատերը եղել է Հերմինե Իսախանյանը, իսկ 2012թ-ից մինչև լուծարումը՝ 50% սեփականատեր է դարձել դատախազ ամուսինը: Գործունեության տարիների ընթացքում ընկերությունը ստացել է կապիտալ շինարարություն իրականացնելու լիցենզիա: 2011թ-ին Կենտրոնական բանկի կողմից տրվել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա: Այնուհետև ընկերությունը ստանդարտների կատալոգում գրանցել է քացախի ու քացախաթթվի, ինչպես նաև կենցաղում օգտագործելու համար նախատեսված անձեռոցիկների արտադրությունները:

Գարեգին Իսախանյանի վերջին տարիների գույքի ու եկամուտների հայտարարագրերում նշված է, որ «Արբումպրոմ» ՍՊԸ-ին փոխառությամբ հանձնել է 541 մլն դրամ, որից 2023թ. մոտ 2 մլն 300 հազ. դրամը հետ է վերադարձվել: Նույն հայտարարագրերում նշված է նաև, որ Արա Վաթյանը ևս Իսախանյանից փոխառությամբ գումար է վերցրել՝ 10 մլն 400 հազ. դրամի չափով: Այնինչ հայտարարագրերի այլ բաժիններում նշված է ճիշտ հակառակի մասին, որ «անցած տարիների ընթացքում պարտատիրոջ կողմից՝ պարտապանին օգնության կարգով, փոխառությամբ, տարբեր չափերով տրամադրել է ընդհանուր գումարով 10 400 000 ՀՀ դրամ գումար: Հաշվետու տարում կողմերի միջև կնքվել է փոխառության պայմանագիր՝ նշված չափով»: Այստեղ պարտատերը Արա Վաթյանն է, որի դիմումով դատախազ Իսախանյանը սնանկ է ճանաչվել: Իսկ հաշվետու տարին եղել է 2021 թվականը: Հենց այդ ժամանակ էլ Արա Վաթյանի և Գարեգին Իսախանյանի միջև 6 ամսով կնքվել է փոխառության պայմանագիր:

Նույն հակասական տեքստով հայտարարագրերը ներկայացվել են նաև 2022- 2023 թվականներին և պատշաճ ուշադրության չեն արժանանացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

Պետական եկամուտների կոմիտեն 2022թ. օգոստոսին դիմում էր ներկայացրել դատարան Գարեգին Իսախանյանին պատկանող մյուս ընկերությանը՝ «Բար» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: ՊԵԿ-ը հայտնել է, որ ընկերության ընդհանուր հարկային պարտավորությունը` ներառյալ տույժերն ու տուգանքները, կազմում են 16 մլն 534 հազ. դրամ: Ըստ ՊԵԿ-ի, ընկերությունն իր հարկային պարտավորությունները չի կատարել սկսած 2021թ-ից: Սակայն Սնանկության դատարանը մերժել է ՊԵԿ-ի պահանջը՝ պատճառաբանելով, որ ընկերության պարտավորությունն անվիճելի չէ, և Վարչական դատարանում պարտավորությունների առաջացման վերաբերյալ տարբեր հայցերով վեճեր կան:

Ինչ վերաբերում է դատախազ Իսախանյանի կնոջը՝ Հերմինե Իսախանյանին, ապա նա ամուսնու հետ բնակարանների և հողամասի համասեփականատեր է: Իսկ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող առանձնատան միանձնյա սեփականատեր է: Ունեցել է նաև 2008թ. արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենա, որը 2023թ. նվիրել է սկեսրայրին՝ Օրբիկ Իսախանյանին: Հերմինե Իսախանյանի 2023թ. տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 240 հազ. դրամ:

2022թ. Հերմինե Իսախանյանը հայտարարագրել է 60 հազ. դոլար և 40 հազ. եվրո կանխիկ գումար, իսկ 2021-ին՝ 2 մլն դրամ, 80 հազ. դոլար և 50 հազ. եվրո:  Նրա 2023թ. տարեկան հայտարարագրում ևս անհամապատասխանություն կա. հայտարարագրված 60 հազ. դոլարն ու 40 հազ. եվրոն անհասկանալիորեն դարձել են համապատասխանաբար 40 հազ. դրամ և 30 հազ. դրամ:

Նշենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2023թ. հունիսի 29-ի հրամանով Գարեգին Իսախանյանը պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով՝ Դատախազության կազմավորման 105-րդ ամյակի և դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:

 

4 հաղորդում, որից 2-ը՝ կարճված

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատախազների կողմից ապօրինի հարստանալուն և հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելուն կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելուն վերաբերող ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ հանցագործության մասին 4 հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ: Դրանցից միայն 2-ով է նախաքննությունը շարունակվում, մյուս 2 հաղորդումների հիման վրա նախաձեռնված վարույթները կարճվել են, քանի որ կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում:  Գլխավոր դատախազությունը՝ անմեղության կանխավարկածից ելնելով, չի հայտնում, թե որ դատախազների մասով են նախաձեռնվել քրեական վարույթները:

Այս ընթաքում բարեվարքությանը վերաբերող նորմերին չհամապատասխանելու համար որևէ դատախազ չի ազատվել զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաև չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

Բարեվարքության համակարգը ներառում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները, անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումներ և շահերի բախումը:

Բարեվարքության ուսումնասիրության պահանջ նախատեսված է դատախազների թեկնածությունների, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում, դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության 2022-2026թթ, հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է ներդնել դատավորների, դատախազների և քննիչների ընթացիկ բարեվարքության, քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգման կառուցակարգեր։ 2024թ. ապրիլի 11-ին ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, նախատեսվել է նաև դատախազների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու պահանջ:

Ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից՝ առաջին անգամ դատախազի պաշտոնում նշանակվելու տարվանից հետո՝ վեցերորդ տարում:

 

 

Թեև բարեվարքության ստուգումները որևէ հետևանք չեն առաջացրել դատախազների համար, սակայն Գլխավոր դատախազությունից FactorTV-ին հայտնեցին, որ 2020-2024թթ. տարբեր պատճառներով կարգապահական վարույթներ են հարուցվել 95 դատախազի նկատմամբ, որոնցից 5-ն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ 41-ի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», «խիստ նկատողություն», «դասային աստիճանի իջեցում», «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժեր: 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը FactorTV-ի հետ զրույցում ասում է, որ նախորդ ռազմավարությամբ դատախազներին վերաբերող հարցերը կյանքի չկոչվեցին, իսկ նոր ռազմավարությամբ դրանք թույլ են կամ որոշ հարցեր ամբողջությամբ դուրս են մնացել:

«Սկսած Գլխավոր դատախազի նշանակումից, թե ինչ ընթացակարգով ընտրվի, արտաքին մասնագիտական խորհուրդ պիտի ձևավորվի, ովքեր պետք է թեկնածուների հետ անցողիկ փուլերն ապահովեն և այլն: Հիմա ստացվում է՝ իշխող ուժն իր հանձնաժողովով Ազգային ժողով է ներկայացնում թեկնածուներ,  այնտեղ էլ պրոցեսը գնում է, ընտրվում է, ինչպես որ տեսել ենք»,-ասում է Հասմիկ Հարությունյանը:

Վարքագծի կանոներից բխող պահանջ է, որ դատախազը պարտավոր է բարձր պահել դատախազության հեղինակությունը, անձնական վարվեցողությամբ և գործողությամբ հարգանք ու վստահություն ներշնչել դատախազության և իր անձի նկատմամբ, ընդունել այնպիսի սահմանափակումներ, որոնք կապահովեն իր հավասարակշռության, անաչառության հասարակական ընկալումը: Մինչդեռ ոչ միշտ են դատախազները հետևում այդ պահանջներին:

Երբ խոսվում է արդարադատության մասին, հանրային ընկալումներում առաջին պլան են գալիս դատավորները, որպես անմիջականորեն արդարադատություն իրականացնողներ, սակայն այդ համակարգի բաղկացուցիչ մաս են կազմում նաև դատախազները՝ հանրային մեղադրողները, որոնք նկատմամբ հանրային պահանջները կարծես թե նույնը չեն:

Դատախազների ու նրանց հետ փոխկապակցված անձանց խոշոր ունեցվածքը, կանխիկ գումարները, դատական տարբեր պատմությունները չեն կարող կասկած չհարուցել կամ հարցեր չառաջացնել նրանց բարեվարքության վերաբերյալ։ Հատկապես իրավապահ համակարգում աշխատողներն իրենց վարքագծով պետք է օրինակ ծառայեն հանրությանը և կասկած չառաջացնեն իրենց գործողություններով, քանի որ օրինական վարքագիծ և գործողություններ պահանջում են այլ անձանցից: Սակայն, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միշտ չէ, որ, օրինակ, դատախազները, կարող են լավ օրինակ լինել:

 

Կանխիկ գումարներ, կրիպտոարժույթներ ու բարձր ռիսկայնություն

 

Գարեգին Իսախանյանը միակ դատախազը չէ, որին առնչվող ռիսկային ցուցիչները բարձր են: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բազմիցս հայտարարել է, որ ռիսկային ցուցանիշների հիման վրա իրականացնում է հայտարարագրերի, դրանցում ներառված տվյալների վերլուծություն։ Հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնում կանխիկ դրամական միջոցների հայտարարագրման և տնօրինման դեպքերին ու դրամական միջոցների ծագման առաջնային աղբյուրներին: Կանխիկ դրամը հանձնաժողովի կողմից դիտարկվում է որպես ռիսկային ցուցիչ, և հայտարարատուներին մշտապես առաջարկվում է դրամական միջոցները տնօրինել անկանխիկ եղանակով: Կանխիկ դրամական միջոցների հայտարարագրումը և այդ դրամական միջոցների կանխիկ տնօրինումը ռիսկային է, քանի որ դառնում է անվերահսկելի: Սակայն այդ առաջարկները մնում են օդում կախված:

Կանխիկ գումարի հայտարարագրումն ու դրա չափն, ըստ էության, թողնված է պաշտոնյայի հայեցողությանը:

Իսկ պաշտոնյաները կարող են հայտարարագրել գոյություն չունեցող կանխիկ գումարներ՝ հետագայում ինչ-ինչ ճանապարհով ստացած գումարները «օրինականացնելու» նպատակով:

Նույնիսկ, եթե հանձնաժողովը պահանջի «ներքնակի» տակ պահած գումարները՝ որևէ երաշխիք չկա, որ պաշտոնյան իր հայտարարագրած ու ունեցած գումարն է ներկայացնելու, այլ ոչ ազգականներից, ընկերներից հավաքած գումարը, որպեսզի հանձնաժողովի անդամները տեսնեն ու դրանից հետո հետ վերադարձնեն իրական տերերին:

Մյուս կողմից էլ, պաշտոնյաները ընթացիկ տարվա հայտարարագիրը ներկայացնում են մինչև հաջորդ տարվա  մայիսի 31-ը: Եթե նույնիսկ հանձնաժողովը պահանջի այդ գումարը, պաշտոնյան հանգիստ կարող է ասել, որ այն նախորդ տարում ծախսել է արդեն, հնարավոր չէ ներկայացնել: Լուրջ կասկածներ է առաջանում նաև ունեցած կանխիկ գումարի օրինական ծագման վերաբերյալ:

Ընդ որում, սա միայն կանխիկ գումարն է, որը չի արտացոլում նրանց ամբողջ ֆինանսական հոսքը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը յուրաքանչյուր հայտարարատուի մասով անհատական մոտեցում է ցուցաբերվում, և ռիսկային դեպքեր հայտնաբերելիս, հայտարարատուից պահանջում է պարզաբանումներ և հիմնավորող փաստաթղթեր կանխիկ դրամական միջոցների առաջնային ծագման աղբյուրի վերաբերյալ: Սակայն եթե նույնիսկ հիմնավորվի, որ այդ գումարն իրականում կա, օրինական է,  միևնույն է դրանից չի նվազում բարձր ռիսկը, որ այդ գումարները հնարավոր է օգտագործվեն ոչ օրինական նպատակներով, շրջանառվի ստվերային հատվածում և դուրս մնա վերահսկողությունից: Բացի այդ՝ պաշտոնյաները սովորել են ասել, որ դրանք նվեր են ստացել իրենց հանգուցյալ հարազատներից, կամ կոպեկ-կոպեկ հավաքել են, դրան ավելացրել են ծննդյան, այլ առիթներով ստացած նվերների գումարներն ու տարիների ընթացքում կուտակել կլորիկ գումարներ: Այս դեպքում վերահսկողությունն ավելի է թուլանում:

Բնականաբար օրենքով արգելված չէ, որ պաշտոնյաներն օրինական գումարներ ունենան՝ անկախ չափից, սակայն դրանք ռիսկային են դառնում և բարձրանում է ոչ օրինական լինելու կասկածները, երբ կանխիկ են պահվում:

Ինչպես այլ պաշտոնյաներ, այնպես էլ դատախազները չեն հրաժարվում կանխիկ գումար հայտարարագրելուց: Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Գագիկ Մնացականյանը, որն ընդամենը 27 տարեկան է, 2023թ. հայտարարագրել է 50 մլն դրամ, 24 հազ. 500 ԱՄՆ դոլար և 13 հազ. եվրո կանխիկ գումար, փոխարենը բանկային հաշիվների մնացորդը կազմել է ընդամենը 3 մլն դրամ: Զգալի կանխիկ ֆինանսական միջոցներ ունեցող դատախազը հայտարարագրել է նաև 410 հազ. դրամ վարկ: 

Մնացականյանը դատախազի պաշտոնը ստանձնել է 2022թ. և այդ ժամանակ ևս գրեթե նույն չափի կանխիկ գումար է հայտարարագրել:

Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ Արթուր Խաչատրյանը 2023թ. հայտարարագրել է 80 մլն դրամ, 50 հազ. ԱՄՆ դոլար և 13 հազ. եվրո կանխիկ գումար: Սակայն, կանխիկ գումար ունենալով մոտ 8 մլն դրամի վարկ է վերցրել: Մոտ 8 մլն դրամ էլ կազմում է բանկային հաշիվներում պահվող գումարները:

35-ամյա Դատախազ Արթուր Խաչատրյանը արտարժույթով գումարները նույն չափով հայտարարագրել է նաև 2021-2022թթ-ին: Ինչ վերաբերում է դրամին, ապա 2021թ. ունեցած 20 մլն կանխիկ գումարը 2022-ի տարեվերջին դարձել է 80 մլն դրամ: 2022թ. Արթուր Խաչատրյանը մոտ 59 մլն դրամի գույք է օտարել՝ բնակարան և ավտոմեքենա, սակայն, հայտարարագրից կարող ենք եզրակացնել, որ վաճառքից ստացած գումարները դատախազը նախընտրել է պահել «բարձի» տակ, քան բանկում, որն ավելի վերահսկելի է ու շրջանառության տեսանկյունից՝ թափանցիկ:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը ևս նախընտրում է գումարը կանխիկ պահել: Նա 2023թ. տարեկան հայտարարագրում նշել է, որ ունի 28 մլն դրամ կանխիկ գումար այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա գումարի չափը կազմել է 151 հազ. դրամ:

Գլխավոր դատախազության միջոցով փորձել ենք նշված դատախազներից պարզաբանումներ ստանալ, թե ինչու են նախընտրում գումարները կանխիկ պահել: Դրանք ի պատասխան, դատախազությունը մեզ ընդհանրական պատասխան է տվել՝ առանց անդրադառնալու վկայակոչած դատախազներին: Մասնավորապես՝ նշել են, որ դատախազությունում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների առանցքային ուղղություններից է հանդիսանում, ի թիվս այլնի, դատախազական համակարգը արհեստավարժ և բարեվարքության չափանիշներին համապատասխանող կադրերով համալրելը: Դատախազությունում ներդրվել է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձանց, ինչպես նաև պաշտոնեական առաջխաղացման հավակնող դատախազների բարեվարքության պարտադիր ստուգման կառուցակարգը:

Նշված մեխանիզմի միջոցով ներկայումս դատախազության համակարգում պաշտոնավարող դատախազների ավելի քան 50 տոկոսն արդեն իսկ անցել են բարեվարքության ստուգում:

«Հարկ է արձանագրել նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունները, ի թիվս այլ հանգամանքերի, մշտապես որոշիչ դեր են խաղում դատախազների նշանակման կամ պաշտոնեական առաջխաղացման վերաբերյալ որոշումներ կայացնելիս: Բացի այդ, 2024 թվականին ներդրվել է նաև դատախազների բարեվարքության ընթացիկ ստուգման մեխանիզմը, որի շրջանակներում մինչև 2027 թվականը դատախազական ամբողջ համակարգն անցնելու է բարեվարքության ստուգում»,-նշված է պատասխանում:

Անդրադառնալով որոշ դատախազների կողմից խոշոր չափերի կանխիկ գումարներ հայտարարագրելու դեպքերին՝ դատախազությունից պատասխանել են, որ նշված հարցը կարող է քննարկման առարկա դառնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից՝ տվյալ դատախազների բարեվարքության ստուգման գործընթացում: Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ռիսկեր տեսնի տվյալ դատախազների բարեվարքության կապակցությամբ՝ կապված հիշյալ գումարների առաջնային ծագման աղբյուրների հետ, ապա համապատասխան հիմքերի առկայության դեպքում հանձնաժողովի եզրակացության մեջ նշված հանգամանքներին կտրվի պատշաճ իրավական գնահատական:

Այն, որ պաշտոնյաները կամ նրանց ընտանիքի անդամները կամայականորեն են հայտարարագրում կանխիկ գումարները՝ հստակ երևում է նաև նրանց հայտարարագրերից: Մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատշաճ ուշադրություն չի դարձնում հայտարարագրերին: Օրինակ, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արամ Եդիգարյանը հայտարարագրել է 3 մլն 514 հազ. 456 դրամ կանխիկ գումար: Հետաքրքիր է գումարի մնացորդ 56 դրամը ի՞նչ թղթադրամով կամ մետաղադրամով է պահում: 2021թ. էլ հայտարարագրել է 3 մլն 999 հազ. 999 դրամ: Նույն հարցն առաջանում է նաև այս դեպքում՝  99 դրամի մասով: Արագածոտնի մարզի դատախազ Էռնա Խաչինյանն էլ 2023թ. հայտարարագրել է ընդամենը 900 դրամ կանխիկ գումար, 2022-ին՝ 800 դրամ, ինչն արժանահավատ չէ: Ակնհայտ է, որ առկա է տեխնիկական խնդիր, ինչի վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուշադրություն չի դարձրել, քանի որ 2021թ. հայտարարագրում երևում է, որ դատախազ Խաչինյանը հայտարարագրել է 300 հազ. դրամ, ինչը 2022թ. սկզբին դա դարձել է 300 դրամ: Այս հանգամանքը տարիներ շարունակ «վրիպել» է հանձնաժողովի աչքից:

Խոշոր կամ անարժանահավատ կանխիկ գումար հայտարարագրած պաշտոնյաների շարքը կարելի է երկար թվարկել:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ կանխիկ գումար պահելու պրակտիկան ոչ միայն պահպանվում է, այլև շատանում է, ինչը մտահոգիչ է, և կասկածների տեղիք է տալիս:

«Ստացվում է՝ մի կողմից պետությունը բոլոր քաղաքաիներին տանում է համընդհանուր հայտարարագրման դաշտ,  մյուս կողմից պաշտոնակար աձինք սկսում են կանխիկը շատ օգտագործել: Տպավորություն է ստեղծվում, որ բանկերին չեն վստահում»,-նշում է Հասմիկ Հարությունյանը:

Այսպիսով պարզ է դառնում, որ Հայաստանում բարեվարքություն ասվածը մեկնաբանվում է շատ լայն՝ կորցնելով բուն  իմաստը, իսկ պաշտոնյաններն, այդ առումով, ամենևին էլ օրինակելի կերպարներ չեն:

 

Ռոզա Վարդանյան