Խաղաղության ու կանանց մասին՝ պաթոսից անդին

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Հայաստանյան համատեքստում գենդերային հավասարության ու կանանց իրավունքների մասին որոշումներն ու ծրագրերը, որպես կանոն, մնում են պաշտոնյաների թղթապանակներում ու դարակներում, որ «տոն» օրերին այնտեղից դուրս բերվեն ու մաքրվելով փոշուց՝ դառնան շնորհավորական ճոռոմ տեքստեր ու սիրուն, հոգատար մնալու մասին բարեմաղթանքներ։ Միաժամանակ, հետպատերազմական մեր հասարակությունում, որտեղ անվտանգության հետ կապված խնդիրները սրվել են ինչպես երբևէ, խոսակցություններն անվտանգության ու կանանց խնդիրների մասին, դառնում են կրկնակի դժվար ու թիրախավորված։ Անվտանգության հարցերի քննարկումներից մեկի ժամանակ, օրինակ, երբ խոսնակներից մեկը ներկայացրեց իր զեկույցի խորագիրը՝ «Կանանց խնդիրները Հայաստանում», դահլիճից վրդովվեցին․ «Տպավորություն է, թե եվրոպական մի բարեկեցիկ երկրում ենք ապրում ու կարող ենք կանանց խնդիրներից խոսել»։ Կանայք, ուրեմն, խնդիրների մասին խոսել կարող են եվրոպաներում միայն։ Իսկ Հայաստանում խնդիրներն անվտանգության մասին են, պատերազմի մասին, մահվան մասին և ուրեմն․․․կանանց մասին չե՞ն։ Հասարակության մեջ, որտեղ դեռ թարմ են երկար ցուցակները երիտասարդ տղաների անուններով, որ պատերազմի զոհ էին դարձել, իսկապես դժվար է խոսել «հավասարությունից» և/կամ «կանանց խնդիրներից»․․․միայն։ Բայց արդյոք այդպիսի քննարկումները ենթադրո՞ւմ են մտասևեռում միայն կանանց հարցերին ու կենտրոնացում միայն խնդիրների և ոչ նաև հավասար պարտավորությունների ու պարտականությունների վրա։

Միաժամանակ, խաղաղության մասին քննարկումները ինչպես տաբու էին տարիներ շարունակ, այդպես էլ շարունակում են տաբու ու վարկաբեկված մնալ։ Միայն թե, եթե առաջին պատերազմից հետո այդ մասին խոսելը «պարտվողականություն» էր, ապա հիմա նաև «խաղաղություն մուրալ» են անվանում։ Ու վարկաբեկման արշավի մեջ շարունակում են տարածել այնպիսի թյուրընկալումներ, ինչպիսիք են՝
● խաղաղության մասին խոսել նշանակում է չկարևորել պաշտպանվելու անհրաժեշտությունը,
● խաղաղության մասին խոսողները թուլացնում են մեր դիմադրողականությունը,
● խաղաղություն հնարավոր չէ թշնամու հետ,
● ինչպե՞ս կարելի է խոսել թշնամու հետ «բարեկամանալու» մասին։

Վերջից սկսենք։ Խաղաղության մասին քննարկումներն ու բանակցությունները բարեկամի ու գործընկերոջ հետ չեն լինում, խաղաղության մասին խոսելու անհրաժեշտություն ծագում է թշնամիների միջև՝ թշնամանքը հաղթահարելու համար։ Իսկ թշնամանքը հաղթահարել ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ բարեկամանալ։ Երկրներն ու հասարակությունները թշնամի ու բարեկամ լինելու հնարավորությունից զատ՝ բազում այլ որակի հարաբերություններ ունենալու ընտրություն ունեն։ Կարելի է դադարել ռազմական ճանապարհով թշնամանքն արտահայտել, բայց շարունակել զգուշանալ, պաշտպանվել, սառը հարաբերություններ պահպանել կամ առնվազն մոտ ապագայի համար սերտ շփումներից խուսափել։

Դիմադրողականության թուլացման մասին․ երկրի, պետության ու հասարակության դիմադրողականությունը ոչինչ այնքան չի թուլացնում, որքան չլուծված հակամարտությունները, պատերազմի վտանգն ու ինքնին պատերազմներն։ Վիճակագրական տվյալներ չբերենք, վստահ եմ՝ բոլորս էլ գիտենք, թե ինչ տրամադրություններ են հասարակության մեջ, որի գլխին կախված է պատերազմի վտանգը։ Ու ի՞նչ հետևանքներ են ունենում այդ տրամադրությունները երկրի ժողովրդագրության, տնտեսության, կրթության որակի, բանակի ու բոլոր մյուս ոլորտների վրա։ Մոնրեալ, Մարսել կամ Մուրմանսկ գնացած ու սոցիալական ցանցերում արժանապատվության մի վերջին մարտ երազողների օնլայն պաթոսին չարժե խաբվել․ իրենք հո գիտեն, որ այդ մարտի վտանգից են նաև հեռացել կամ հեռացրել որդիներին։

Եվ, վերջապես, խաղաղության մասին խոսելն ամենևին չի նշանակում չկարևորել պաշտպանությունը։ Ճիշտ հակառակը՝ նշանակում է կարևորել համընդգրկուն ու ներառական պաշտպանությունը՝ և՛ երկրի սահմանների, և՛ երկրի մարդկանց (որ երկրի գոյության հիմնական իմաստն են), ու նաև պաշտպանությունը «վաղվա օր» տեսնելու իրավունքի, որին արժանի են մեր սերունդները։

Երկու այս պիտակավորված թեմաների խաչմերուկում, ուրեմն, տասնապատիկ ավելի բարդ է տարածք գտնել՝ վերլուծելու, թե խաղաղության մասին քննարկումներում ու խաղաղության շուրջ բանակցություններում կանայք ընդգրկվա՞ծ են, նաև կանանց առնչվող անվտանգության խնդիրները հաշվի առնվա՞ծ են։ Բայց եթե չենք քննարկում այս հարցերն ու խնդիրները, ամենևին չի նշանակում, որ դրանք դադարում են գոյություն ունենալ, կամ կորցնում են իրենց կարևորությունը։ Այս ամենի համատեքստում է, որ կրկնակի կարևոր է դառնում ոլորտին տեղյակ ու գիտակ կանանց մասնակցությունն առնվազն երկրորդ ուղու դիվանագիտությանը, որոնք կարող են կես քայլ առնվազն ավելի մոտ դարձնել եթե ոչ խաղաղությունը, ապա սկզբի համար առնվազն խաղաղության մասին քննարկումները երկու հասարակություններում։ Խոսել խաղաղ ճանապարհով եղած խնդիրները լուծելու անհրաժեշտության մասին, կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու պարտավորությունն է և դա վերաբերում է հատկապես նրանց, ում «զենքը» գրիչն է ու խոսքը։ Չմոռանանք, որ Ումբերտո Էկոյի պնդումը, թե «խոսքերը կարող են սպանել, միայն քաղաքական գործիչներին չէ, որ վերաբերում է։ Հասարակական տրամադրությունները, դրանց վրա ազդող պատերազմական խոսքն էլ իր հերթին ազդում է որոշում կայացնողների վրա (որոնք, որպես կանոն, նախ իրենց հասարակական վարկի մասին են մտածում): Կին, թե տղամարդ, թույլ չտանք, ուրեմն, որ մեզ համոզեն, թե «այդ ժողովուրդների պահանջով ու ցանկությամբ» է, որ կայացվում են որոշումներ «դավաճան չլինելու» մասին։ Դավաճանությունը, ի վերջո, սեփական վարկանիշը մարդկային կյանքերից վեր դասելն է ու խաղաղության մասին քննարկումները որպես անպատեհություն պիտակավորելը։ Խաղաղության մասին քննարկումները չեն կարող ժամանակավրեպ կամ անպատեհ լինել ու դրանք պիտի հնարավորինս ներառական լինեն, որովհետև խաղաղության բացակայությունն իր սպիներն է թողնում բոլորի վրա։

Հեղինակ՝ Աննա Գևորգյան
Հետազոտող, արևելագետ

Վճարովի բովանդակություն