«ՏՏ ոլորտին Կառավարության օժանդակությունը հետմահու էր»․ ինչո՞ւ է ոլորտում անկում նկատվում

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Վերջին 2 տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտում զգալի աճ նկատվեց, որը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից մասնագետների ներհոսքով: Սակայն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներն այդքան էլ լավատեսություն չեն ներշնչում։

Tvyal.com կայքի տվյալների համաձայն՝ ՏՏ ոլորտում հարկատուների թիվը նվազել է, այդ թվում՝ նվազել է ՀՀ քաղաքացիների մասնաբաժինը։

Ներկայացնենք տնտեսագետ Աղասի Թավադյանի գծապատկերը․

Թավադյանն իր հոդվածում նշում է՝ Հայաստանում գրանցված ՏՏ ընկերությունների թիվը կտրուկ նվազել է՝ 5,163-ից մինչև 1,174 (4.4 անգամ): Օտարերկրյա գրանցում ունեցող ՏՏ ընկերությունների դեպքում էլ կտրուկ աճ է եղել՝ 5,511-ից մինչև 8,180:

Factor․am-ը ոլորտում գրանցված վայրիվերումների մասին զրուցել է CyHub նախագծի տեխնիկական փորձագետ Ալեքսեյ Չալաբյանի հետ։

-Ըստ Ձեզ՝ որո՞նք են ՏՏ ոլորտում գրանցված անկման պատճառները։

-Իրականում պատճառների հանրագումար կա։ Ռելոկանտների գալու հետևանքներից մեկը դոլարի փոխարժեքի տատանումն էր, երբ աշխարհում դոլարն ավելի ուժանում էր, մեր պարագայում քիչ երկրներից ենք, որ տեղական արժույթն է ուժեղացել։ Դա, իհարկե, խանգարեց արտահանմանը, ինչպես նաև ծառայությունների ոլորտին։ Հայկական աշխատավարձերն արդեն բավականին բարձր էին աութսորսինգի համար՝ մյուս երկրների շուկայի համեմատ, օրինակ՝ Հնդկաստանի կամ նման այլ երկրների, և դրամի գրեթե 20% արժևորումն առաջին խնդիրն էր։ Ճիշտ է, Կառավարությունն ինչ-որ բան որոշեց անել, բայց բավականին ուշ։ Ցավոք, այդքան դինամիկ չգտնվեց, որքան ՏՏ ոլորտն է։ Կես տարի անց ինչ-որ բան արեց, և ընկերությունը պետք է որոշակի պայմաններ բավարարեր, որպեսզի դիմեր այդ օժանդակության համար։ Դեպքեր կային, որ այդ օժանդակությունն ուղղակի տրվել է փաստացի ընկերության լուծարման համար, իրենք փակում էին իրենց կուտակած աշխատավարձային պարտքերը և փակվում։ Այդ օժանդակությունը, կարելի է ասել, հետմահու էր, ոչ թե նրա համար, որ բիզնեսը գոյատևի։

Մյուս՝ ոչ պակաս կարևոր պատճառը միջազգային գլոբալ փոփոխություններն են։ Ոմանք դա համեմատում են նախաճգնաժամային իրավիճակի հետ, երբ շատ բիզնեսներ դառնում են ավելի զգուշավոր։ Դա նաև իրականում հետևանք է Covid-19-ի ժամանակ շատ շռայլորեն մի կողմից ստացվող գումարների, հետո մի պահ կար միտում, որ այդ ստացված գումարները, ՏՏ ընկերությունների արժևորումը բերեց նրան, որ այդ ընկերությունների մոտ ավելի շատ գումար էր հայտնվել, քանի որ այն մարդիկ, ովքեր ԱՄՆ-ում ստանում էին գումարներ պետական բյուջեից, դա ներդնում էին տարբեր, այդ թվում՝ ՏՏ ընկերությունների բաժնետոմսերի մեջ, և այդպես ՏՏ ընկերությունները ստացան անսպասելի շատ գումար։ Դրա հաշվին սկսել էին շատ մարդկանց ընդունել գործի, հետո այդ ճոճանակը սկսեց հակառակ կողմ պտտվել, և սկսեցին զանգվածային կրճատումներ։ Շատ մեծ ընկերություններ տասնյակ հազարավոր մարդկանց միանգամից ազատում էին աշխատանքից։ Դա բավականին ցավոտ գործընթաց էր, որը ցնցեց համաշխարհային ՏՏ ոլորտը, շատ մասնագետներ ուղղակի հայտնվում էին դրսում։ Դրան գումարվեց նաև արհեստական բանականության գալը, որը մի քիչ գերարժևորված էր, այն իրոք նոր որակ էր տալիս, որը մինչ այդ չունեինք, սակայն սպասելիքները մի քիչ ավելի լավատեսական էին։

-Արհեստական բանականության դերն այս անկման դեպքում որքա՞ն է։

-Մի պահ կար կարծիք, որ միջին և ցածր մակարդակի աշխատողներ ուղղակի պետք չեն, արհեստական բանականությունը կարող է նրանց փոխարինել։ Առաջին հայացքից, հնարավոր է, որոշ դեպքերում այդպես է, օրինակ՝ այն բավականին լավ անում է լրիվ սկսնակ ծրագրավորողի աշխատանքը, պրիմիտիվ մակարդակի կոդ գրողի աշխատանքը, բայց բազմաթիվ օրինակներ կան, որ եթե նոր, սկսնակ մակարդակում մարդիկ չեն աճում, ապա մի քանի տարի անց չենք ունենում արդեն միջին և բարձր մակարդակի աշխատողներ, որովհետև իրենք ուղղակի չունեն այն տեղը, որտեղ ձեռք կբերեն փորձառություն, չունեն աշխատատեղ, որտեղ թեկուզ ֆինանսական մոտիվացիա կարող են ստանալ որպես մասնագետ ավելի զարգանալու համար։ Դա նույնպես բավականին անսպասելի և նոր երևույթներ բերեց աշխատաշուկայում։ Հիմա, կարելի է ասել, արհեստական բանականության «մեղրամիսն» անցնում է՝ համեմատած 2 տարի առաջվա հետ։ Մարդիկ հասկանում են, որ դա հերթական լավ գործիք է, բայց այն դեռ միայն գործիք է, ոչ թե մարդկանց փոխարինող։ Ամեն դեպքում, որոշակի օբյեկտիվ մաս կա։ Օրինակ՝ Հայաստանում քովիդի վերջին հատվածում շատ մասնագետներ մտան ՏՏ ոլորտ առանց մաթեմատիկական լուրջ գիտելիքների և իրենք պայմանական 3-4 ամիս ինչ-որ կուրսերի գնալուց հետո ունակ են նախնական աշխատանք կատարելու։ Այդ կարգի աշխատողների պահանջարկը շատ ավելի քիչ է լինելու, այդ թվում՝ արհեստական բանականության պատճառով և գլոբալ ՏՏ պահանջարկի հետ կապված․ բոլոր ընկերությունները շատ ավելի զգուշավոր են ծախսում գումարները։ Դա նաև արտացոլվում է աութսորսինգի մեջ։ Եթե խոսում ենք ցուցանիշների մասին, այստեղ պետք է հիշենք, որ մենք ստացանք ռելոկանտների ռեսուրսը Ռուսաստանից, որը, ցավոք, չկարողացանք պահել, չկարողացանք նրանց ինտեգրել, թեկուզ կենցաղային գնաճի, բնակարանների վարձակալության գները չկարողացանք այնպես մեղմել, կարգավորել, որպեսզի մարդիկ արագ չգնան։

-Որքանո՞վ է Կառավարության դերը ռելոկանտների ներուժը բաց թողնելու հարցում։

-Հիմա զգալի մասը կա՛մ վերադարձել է Ռուսաստան, կա՛մ տեղափոխվել է Վրաստան կամ Կիպրոս։ Հիմնական պատճառը, որ մարդիկ նշում են, առաջին հերթին գներն են, նաև մնացած պայմանները։ Վրաստանն ավելի լոյալ գտնվեց, քան մեր Կառավարությունը, և այդ ընկերություններին տվեց ավելի շահավետ պայմաններ։ Հայաստան եկած մի շարք ընկերություններ տեղափոխվեցին Վրաստան։ Այստեղ նույնպես դժվար է միանշանակ մեղադրել Կառավարությանը, որովհետև երբ դու, օրինակ, հարկերից ազատում ես ՏՏ ընկերություններին, այդ ոլորտում աշխատողներին, արդարացի հարց է առաջանում այլ մասնագետներից՝ ինչո՞ւ է ՏՏ-ն նման պայմաններում աշխատում, և դա բերում է մյուս խնդրին․ Հայաստանում տեսնում ենք, որ բոլոր ոլորտներից բարձր որակավորմամբ, բարձր աշխատավարձով մասնագետներ՝ բժիշկներ, միջուկային մասնագետներ, թողնում են իրենց 10-20 տարվա կարիերան և գնում ՏՏ ոլորտում են աշխատում որպես սկսնակ, որովհետև այնտեղ փողն ավելի շատ է, գործ գտնելը՝ ավելի հեշտ։ Այստեղ սոցիալական խնդիր էր առաջանում այլ ոլորտներում մասնագետներ պահելու հետ կապված, բայց եթե կողքի բոլոր երկրները ՏՏ ընկերություններին առաջարկում են 0% հարկ աշխատողների համար, և Հայաստանը նույնը չի անում, տեսնում ենք, որ Հայաստանը կորցնում է ՏՏ ոլորտի ընկերություններին։ Իսկ ՏՏ ընկերությունները խթանող էֆեկտ ունեն տնտեսության մեջ, որովհետև իրենք շատ այլ ոլորտներ՝ շինարարություն, տուրիզմ, սպասարկման ոլորտ, առողջապահություն, ֆինանսավորում են, և դա սկսում է ազդել այլ ոլորտների վրա։

Այստեղ բավականին դժվար ընտրություն պետք է կատարել՝ արդյո՞ք մենք ՏՏ ընկերություններին «սուրբ կովի» տեղ ենք դնում, և եթե դնում ենք, լուծո՞ւմ ենք մի խնդիր՝ ներքին սոցիալական հարցեր, թե՞ չենք դնում, և այդ «սուրբ կովը» գնում է այլ երկրներ, որտեղ իրեն սրբորեն են վերաբերվում։ Այստեղ չկա հեշտ պատասխան, բայց թվերը հուշում են, որ պետք է ինչ-որ ոսկե միջին գտնել կամ փորձել նաև այլ կարևոր ոլորտների աշխատողներին խրախուսել։

-Այս պահին, եթե Կառավարությունը չմիջամտի, հնարավո՞ր է՝ լուրջ հետևանքներ ունենանք։

Արդեն իսկ ակնհայտ է, որ եթե ոչինչ չանենք, ապա ոլորտը կորցնելու ենք։ Ես ուղղակի չունեմ պատրաստի ինչ-որ լուծումներ։ Գուցե այդքան հույս չպետք է դնել աութսորսինգի վրա, փորձել սեփական պրոդուկտներն առաջ տանել։ Միանշանակ, պետք է զարգացնել ներքին աշխատաշուկայի ռեսուրսները։ Ինչպես արդեն նշեցի՝ արհեստական բանականության շնորհիվ սկսնակ մասնագետների պահանջարկը նվազում է, փոխարենն աճում է լավ մաթեմատիկական գիտելիքներով լուրջ մասնագետների պահանջարկը։ Գուցե պետք է մաթեմատիկական գիտելիքները զարգացնել։ Նաև ընկերությունները պետք է աշխատեն, որպեսզի ավելի ծավալուն լուծումներ առաջարկեն, որը նույն Հնդկաստանի միջին ծրագրավորողը չկարողանա ավելի էժան գնով առաջարկել։

Այստեղ խնդիրն այն է, որ դա պահանջում է տարիների աշխատանք։ Հնարավոր է 40 տարեկան մարդուն սովորեցնել ծրագրավորման հիմունքներ 3 ամսում, բայց գրեթե անհնար է սովորեցնել բարձրագույն մաթեմատիկա նույնիսկ 3 տարում։ Կրկին պետք է հիշենք մեր կրթության մասին, դպրոցական տարիքից գիտելիքների ավելի բարձր մակարդակ պետք է ապահովել, հատկապես՝ ճշգրիտ գիտությունների ոլորտում, որը չենք արել։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ հատկապես Երևանից դուրս տխուր է վիճակը, հաճախ ֆիզիկայի, ինֆորմատիկայի ուսուցիչ չկա, այդ ամբողջ գործն անում է մաթեմատիկայի ուսուցիչը։ Պետք է հասկանալ՝ ինչպես մեր երեխաներին պատրաստել մոտական տասնյակ տարիների աշխատանքին, որովհետև անընդհատ փոխվելու է աշխատաշուկան։ Մասնագիտությունները, որոնք պահանջված են լինելու 5-10 տարի հետո, մենք այս պահին չգիտենք։ Մնում է մեր երեխաներին գիտելիքների լավ բազա տալ, ինչպես նաև սովորեցնել՝ ինչպես արագ սովորել ինքնուրույն։ Դա ակնհայտորեն ամենակարևոր հմտություններից մեկն է լինելու։

Անժելա Պողոսյան