Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին Գրիգոր Մինասյանը պահանջում է կարգապահական տույժի ենթարկել․ հիմքում  «ՀԺ-ն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճիռն է

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր սկսվեց ՄԻԵԴ վճռի հիմքով 4 դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը։ Դատավորներից մեկը ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանն է, որը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի սանիկն է, ևս երկուսը նույն դատարանի դատավորներ են՝ Ռուզաննա Հակոբյանը, Հովսեփ Բեդևյանը, մեկն էլ Վարչական դատարանի դատավոր՝  Արգիշտի Ղազարյանը։

Քրիստինե Մկոյանն ու մյուս երեք դատավորներն իրեն կարգապահական գործով նիստին չէին ներկայացել և ոչ էլ ներկայացուցիչներ էին ներգրավել։ Նրանք ԲԴԽ-ին գրություն էին ուղարկել ու խնդրել նիստն առանց իրենց մասնակցության անցկացնել։ Այսպիսի կարգավորում թեև օրենքով նախատեսվում է, բայց առնվազն տարակուսելի է, թե ինչո՞ւ դատավորներին չի հետաքրքրել  կարգապահական գործով իրենց լսված լինելու իրավունքն իրացնելը՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ կարգապահական վարութը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով, և ԲԴԽ-ն մի քանի դատավորի լիազորություն արդեն իսկ դադարեցրել է այս հիմքով հարուցված կարգապահական վարույթներով։

Կարեն Անդրեասյանն ու Քրիստինե Մկոյանն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Նիստի մեկնարկին Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ ինքն ու Քրիստինե Մկոյանն ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել։

Անդրեասյանն իր ինքնաբացարկի միջնորդությունը պարզաբանել էր նրանով, որ ինքն ու Մկոյանը երկար տարիների անձնական և ընտանեկան շփումներ ունեն, և այս վարույթին իր մասնակցությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկածներ հարուցել այս գործով իր անաչառության վերաբերյալ։

Քրիստինե Մկոյանն էլ պատճառաբանել էր, որ կարգապահական վարույթն իր վերաբերյալ է և չի կարող որպես անաչառ դատավոր մասնակցել դրա քննությանը։ 

ԲԴԽ-ն որոշեց երկու միջնորդություններն էլ բավարարել։ Նիստը շարունակեց նախագահել ԲԴԽ կազմից ավագը՝ Նաիրա Հովսեփյանը։ ԲԴԽ ևս մեկ անդամ՝ Արթուր Աթաբեկյանը չէր մասնակցում գործի քննութանը։ Նա,  ըստ ԲԴԽ-ի, չէր ներկայացել վատառողջ լինելու պատճառով։ 

ԲԴԽ-ում ևս մեկ տեղ՝ գիտնական անդամի, թափուր է։ Այսպիսով՝ միջնորդության քննությունն իրականացվեց 6 դատավորի կազմով՝ Վիգեն Քոչարյան, Երանուհի Թումանյանց, Հայկ Գրիգորյան, Նաիրա Հովսեփյան, Արշակ Վարդանյան, Էդգար Հովհաննիսյան։

Կարգապահական վարույթի առիթը «Հայկական ժամանակն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռն է

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը ներկայացրեց  դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Ինչպես պարզվեց՝ կարգապահական վարույթը հարուցվել է «Դարեսկիզբ ՍՊԸ-ն (Հայկական ժամանակ) ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում։ Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» պատկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։ 

«Դարեսկիզբ ՍՊԸ»-ն վարչական դատարանում  վիճարկել է 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նախագահի հրամանագիրը,  մասնավորապես՝ տվյալ ենթաօրենսդրական ակտի համապատասխանությունը օրենքներին, սակայն Վարչական դատարանը, հետագայում նաև՝ դատական ակտը ստուգման ենթարկած ատյանները, դիրքորոշում են հայտնել, որ տվյալ գործը ենթակա չէ քննության Վարչական դատարանում, քանի որ հայցադիմումով բարձրացվում է սամանադրականության հարց։ Սա այն դեպքում, երբ ըստ նախարարության, ՍՊԸ-ն սահմանադրականության հարց բարձրացրած  չի եղել, ավելին, նախարարության գնահատմամբ դատավորները քաջ գիտակցել են, որ այդ վարույթի շրջանակներում, այն ժամանակ գործող իրավակարգավորումների համաձայն, քաղաքացին Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն չէր կարող ունենալ։

Այունամենայիվ, «Դարեսկիզբ ՍՊԸ»-ն  դիմել է Սահմանադրական դատարան, ու ՍԴ-ն դիմումը մերժել է այն հիմնավորմամբ, որ դիմումատուն Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ, բացի այդ՝ Սահմանադրական դատարանը դիրքորոշում է հայտնել, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով անհատական գանգատ ներկայացնելու հնարավորությունը բացակայում է, և ՍԴ-ում կարող էր միայն օրենքի սահմանադրականության հարց  բարձրացվել։

Այսպիսով՝ Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ դատավորների կողմից թույլ են տրվել ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի և իրավահարաբերությունների ծագման  պահին գործող Վարչական դատավարության օրենսգրքի հոդվածների խախտումներ, որոնք  կատարվել են կոպիտ անփութությամբ։

Նշենք, որ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորվում է արդար դատաքննության իրավունքը, տվյալ դեպքում, ըստ ՄԻԵԴ-ի, խախտվել է դատարանի մատչելիության իրավունքը։

Այս գործը ՄԻԵԴ վճռից հետո վերաբացվել է և այժմ քննվում է դատարանում, սակայն, անկախ դրա ելքից, Արդարադատության նախարարության դիրքորոշումն այն է, որ 2008-ին Վարչական դատարանն ակնհայտորեն իրավասու է եղել քննել գործը, սակայն այն վարույթ չի ընդունել։

ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանը հիշեցրեց, որ դատավորներին 2008 թվականին թույլ տված ենթադրյալ կարգապահական խախտում է վերագրվում, ու թեև այն ժամանակ գործող Դատական օրենսգիրքը ևս ՄԻԵԴ վճռի հիմքով կարգապահական վարույթ հարուցելու նորմ նախատեսում էր, բայց այն ժամանակվա կարգավորումների համաձայն՝ կարգապահական վարույթ չէր կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ ակտի ուժի մեջ մտնելուց հետո անցել էր 1 տարի։ Այս ժամկետը օրենսդրական փոփոխությունների հետևանքով նախ դարձել է 8, իսկ այժմ՝ 15 տարի է։ 

Վարդանյանը հարցրեց՝ արդյոք գործ չունե՞նք անձի վիճակը վատթարացնող օրենքի հետ, ինչին ի պատասխան Արտյոմ Սուջյանը նշեց, որ այս հարցին բազմիցս անդրադարձ կատարվել է, այդ թվում՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա հարուցված ու ԲԴԽ-ում նախկինում քննված այլ գործերով։ Ըստ Սուջյանի՝ նախարարության դիրքորոշումն այն է, որ Արդարդատության նախարարությունը պարտավոր է օրենքով առաջնորդվել ու վարույթ հարուցել, մնացած հարցերը նախարարության իրավասության տիրույթում չեն, ավելին՝ Խորհուրդն իր հերթին  նախկինում իրավաչափ է համարել ՄԻԵԴ վճռի հիմքով ներկա կարգավարումների համաձայն կարգապահական վարույթի հարուցումը։

Վարդանյանը նաև նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ն քննում է խորհրդի առնվազն 3 անդամի միջնորդության հիման վրա։

Այս դեպքում, փաստորեն, Քրիստինե Մկոյանը ԲԴԽ անդամ է, բայց նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատոթյան նախարարությունը։ Վարդանյանը հարցրեց՝ արդյո՞ք այս իրավիճակում նախատեսված է հատուկ ընթացակարգ, թե՞ ոչ։

Արտյոմ Սուջյանը պատասխանեց, որ առաջին անգամ է ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանտության ենթարկելու հարց բերվում ԲԴԽ։ Ըստ Սուջյանի՝ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե դատավորի վարքագծի կանոնի խախտման, այլ դատավարական խախտման հետ, որի դեպքում հատուկ ընթացակարգ չի սահմանվում և պետք է առաջնորդվել ընդհանուր կանոններով։ Բացի այդ՝ ըստ Սուջյանի՝ թեև Քրիստինե Մկոյանն այժմ ԲԴԽ անդամ է՝ նրան վերագրվող ենթադրյալ արարքը կապված է ոչ թե ԲԴԽ անդամի, այլ  նրա՝ դատավորի լիազորությունների իրականացման հետ։ Այսպիսով՝ ամփոփելով խոսքը՝ Արտյոմ Սուջյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունն ունի  լիազորություն՝ այս իրավիճակում ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու։

Քրիստինե Մկոյանը նախկինում կողմ է քվերակել իրեն վերագրվող նմանատիպ արարքի համար այլ դատավորների լիազորությունների դադարեցմանը  

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2023 թվականի հուլիսին ՄԻԵԴ վճռի հիմքով դադարեցրել է 3 դատավորի՝ Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները։ Այս դեպքում ևս ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Հայաստանը խախտել է դատարանի մատչելության իրավունքը, քանի որ քաղաքացիական դատարանի քննության ենթակա գործն ակնհայտորեն որևէ ատյանի դատարանում վարույթ չի ընդունվել։ Բացի այդ՝ 2023-ի տարեսկզբին ՄԻԵԴ վճռի հիմքով  դադարեցվել են նաև դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները։ 

Հատկանշական է, որ ՄԻԵԴ վճռի հիմքով 4 դատավորի լիազորությունները դադարեցնելուն կողմ են քվեակել ինքը՝ այսօր կարգապահական գործով պատասխանող Քրիստինե Մկոյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ինչպես նաև նիստին վատառողջ լինելու պատճառով չներկայացած Արթուր Աթաբեկյանը։ Կողմ են քվեարկել նաև այսօր քննվող գործով դատական կազմի դատավորներ Նաիրա Հովսեփյանը, Վիգեն Քոչարյանը, Երանուհի Թումանյանցը և Հայկ Գրիգորյանը։ Ենթադրվում է, որ ինչպես այս 4 դատավորները, այնպես էլ ԲԴԽ նիստին մասնակցելու դեպքում Արթուր Աթաբեկյանը պետք է կողմ քվեարկեին նաև Մկոյանի, Ղազարյանի, Բեդևյանի և Հակոբյանի լիազորությունները դադարեցնելուն, ուստի Աթաբեկյանի՝ նիստին մասնակցելու և կողմ քվերակելու դեպքում Քրիստինե Մկոյանի և մյուս 3 դատավորների լիազորությունները կդադարեցվեին։ Սակայն, փաստացի, Աթաբեկյանը նիստին չի մասնակցել և որոշման կայացմանը ևս մասնակցել չի կարող։

Նշենք, որ ԲԴԽ կազմի մեկ այլ դատավոր՝ Արշակ Վարդանյանն էլ ՄԻԵԴ վճռի հիմքով հարուցված նախորդ գործի շրջանակներում դեմ է քվեարկել դատավորներ Բարսեղյանին, Խառատյանին ու Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն և հատուկ կարծիք է գրել, որ ներկա իրավակարգավորումները դատավորների վիճակը վատթարացնող են, քանի որ ենթադրյալ արարքը կատարելու պահին դատավորների նկատմամբ ՄԻԵԴ վճռի հիմքով կարգապահական վարույթ կարող էր հարուցվել, եթե ՄԻԵԴ ակտի ուժի մեջ մտնելուց հետո անցել էր 1 տարի, իսկ այժմ այդ ժամկետը 15 տարի է։

Այսինքն՝ ենթադրվում է, որ Արշակ Վարդանյանը ևս այս գործով իր դիրքորոշումը չի փոխի և դեմ քվեարկի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն։

ԲԴԽ կազմում միակ անդամը, որի դիրքորոշումը, իրադարձությունները նշված սցենարով ընթանալու դեպքում հայտնի չէ, դատավոր Էդգար Հովհաննիսյանն է։ Վերջինիս դիրքորոշումը կարող է էական նշանակություն ունենալ գործի ելքի համար։

Այսպես՝ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի համաձայն՝ Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: Այսինքն՝ որպեսզի այսօր քննվող գործով դատավորները կարգապահական պատասխանատվության ենթարկվեն, նրանց լիազորությունները դադարեցվեն, դրան կողմ պետք է քվեարկի առնվազն ԲԴԽ 5 անդամ, որից 4-ը արդեն իսկ կարգապահական գործով քննության ենթակա հարցի վերաբերյալ նախկինում դիրքորոշում են հայտնել, որ դատավորներին վերագրվող արարքը նրանց լիազորությունները դադարեցնելու հիմք է։ Մեկ դատավոր էլ հակառակ դիրքորոշումն է հայտնել։ Եթե Էդգար Հովհաննիսյանը կողմ քվերակի դատավորների լիազորությունների դադարեցմանը, ապա առնվազն 5 անդամի շեմը կհաղթահարվի, և դատավորների լիազորությունները կդադարեցվեն, իսկ եթե դեմ քվեարկի, այդ շեմը չի հաղթահարվի։ 

Թե ինչպես կքվեարկեն խորհրդի անդամները, պարզ չէ։  ԲԴԽ-ն հեռացել է  խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Արաքս Մամուլյան