Ինչպե՞ս են պատգամավորներն ու նախարարները պետական բյուջեից խոշոր եկամուտներ ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Գաղտնիք չէ, որ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կամ նրանց պատկանող ընկերություններ տարիներ շարունակ մասնակցել են պետական գնումներին: Ընդ որում, երբեմն մասնակցել են իրենց իսկ ղեկավարած նախարարության կամ այլ գերատեսչության գնումների համար հայտարարված մրցույթներին ու հաղթել:

Այդպիսով՝ նրանք պետբյուջեից ունեցել են երաշխավորված եկամուտ, ինչու չէ, նաև գերշահույթ ստանալու հնարավորություն: Ընդդիմությունը, հասարակական կազմակերպություններն ու մամուլը պարբերաբար անդրադարձել են այս հարցին, բայց սայլը տեղից չի շարժվել: Այս տարի վերջապես հարցին անդրադարձավ ամենապատկան մարմինը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

Հանձնաժողովը ուսումնասիրել է 2014-2017թթ. գնումների հաղթող ճանաչված այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք ունեցել են կամ ունեն մասնակցություն:

Դրանք 69-ն են, մեզ հայտնի են այդ ընկերությունները, հայտնի են նաև նրանց տերերը: «Ավշարի գինու գործարան»՝ պատկանում է Արայիկ և Արամայիս Գրիգորյան եղբայրներին: Նրանցից առաջինը պատգամավոր է, իսկ Արամայիսը տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ բնապահպանության նախարար, Արարատի մարզպետ: «Արփա-Սևան» ընկերություն՝ պատկանում է ՀՀԿ -ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին: «Էյ-Ի-Ջի-Սերվիս»՝ ներտնային գազասպասարկում իրականացնող ընկերություն, որն այդ ոլորտում ունի մենաշնորհային կարգավիճակ: Մամուլի հրապարակումների համաձայն՝ ժամանակին այս ընկերության բաժնետեր է հանդես եկել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը: Էթիկայի հանձնաժողովը, սակայն, թե այս, թե բոլոր 69 ընկերությունների դեպքում չի մանրամասնում, թե պետական ինչ գնումների են մասնակցել և որ գերատեսչության համար ինչ արել: Տարիներ առաջ մամուլը հրապարակեց, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ բյուջեից ինչ-որ գնման դիմաց 9 մլն դրամ էր փոխանցել իրեն պատկանող NATIONAL հյուրանոցին: Մեկ տարի անց, երբ Հովիկ Աբրահամյանը դարձավ վարչապետ, կառավարության կայքից անհետացան մեկ անձից կատարվող խոշոր գնումները: Դրանք խճճված սխեմաներով և աչքից հեռու էին արվում: Իսկ մեկ անձից կատարվող գնումներն այն գործարքներն են, որոնց համար մրցույթ չի հայտարարվում և որոնց դեպքում կոռուպցիոն ռիսկերը մեծ են:

Հ.Աբրահամյանի խնամուն՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին վերագրվող միանգամից մի քանի ընկերություններ են հայտնվել Էթիկայի հանձնաժողովի ցանկում: «Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատ», «Օնիրա քլաբ»:

Վերջինը բոլորիս հայտնի «Փարավոն» ռեստորանային համալիրն է: Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Ծառուկյանն անձամբ բիզնես գործունեությամբ չի զբաղվում և իրեն պատկանող ընկերությունների բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման: Գ.Ծառուկյանի մեկ այլ խնամուն՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին պատկանող «Մետրոպոլ» հյուրանոցը նույնպես օգտվել է պետական միջոցներից: Պետական գնումներից բաժին է հասել նաև առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Վարդանանց» բժշկական համալիրին, «Պեռնո ռիկար Արմենիա» ընկերությանը, որտեղ պաշտոն է զբաղեցրել և որտեղ որոշակի բաժնեմաս է ունեցել գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին պատկանող «Արաբկիր բժշկական համալիրը» նույնպես Էթիկայի հանձնաժողովի հրապարակած ցանկում է: Այս շարքում է նաեւ մեկ այլ պատգամավոր՝ Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»‘ ընկերությունը:

Հանդիպեցինք նաև մամուլից շատ հայտնի՝ «Հանարդնախագիծ» ընկերությանը, որը պատկանում է ՀՀԿ խմբակցության անդամ, նախկին բնապահպանության և քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանին: Վերջինս, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, քաղաքաշինության նախարար եղած ժամանակ սեփականացրել էր կառավարության դիմաց գտնվող շենքի մի մասը ու այն վարձակալությամբ է տալիս նույն կառավարությանը և յուրաքանչյուր տարի պետական բյուջեից մի քանի տասնյակ միլիոն դրամ վարձավճար ստանում: Պարզվում է, սակայն, անգամ Էթիկայի հանձնաժողովի նման հրապարակումից հետո իրավական գործընթացներ սկսելու, պատասխանատվության հարց բարձրացնելու հնարավորությունները սահմանափակ են: Գործող օրենսդրությամբ այդ գործարքները օրինական են համարվում:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանին չի զարմացրել Էթիկայի հանձնաժողովի այդ ուսումնասիրությունը: Իրենք նույնպես նման հետազոտություններ արել են ու պարզել, որ պետական գնումների ոլորտում մեծ են կոռուպցիոն ռիսկերը և առկա է շահերի բախում: Մտածել են, որ Քրեական դատավարության օրենքի համաձայն այն համավում է հաղորդում հանցագործության մասին, բայց իրավապահ մարմինները երբևէ հետամուտ չեն եղել՝ պարզելու կազմակերպության զեկույցի հիմքերն ու նշված փաստերը: «Մենք նախկինում դիմել էինք Էթիկայի հանձնաժողով, ՀՔԾ և դատախազություն՝ նախկին բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի հետ կապված։ Լինելով այդ պաշտոնին՝ նրա ընկերությունը մասնակցել էր Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանների վերամշակման աշխատանքներին և շահել էր մրցույթը: Բայց դատախազությունն ու ՀՔԾ-ն գտան, որ որևէ չարաշահման փաստ չի արձանագրվել, դա ընդամենը մեր ենթադրություններն են:

Տարիներ առաջ էլ դիմել էինք դատախազություն, թե ՀԴՄ կտրոնների ժապավենի վաճառքի մրցույթը հաղթել է մի ընկերություն, որը վերագրվում է ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ու նրա որդիներին: Բայց ամեն անգամ ստանում էինք ոչ թե որոշում քրգործ հարուցելու մասին, այլ գրավոր պատասխան այն մասին, որ դրանք ընդամենը մեր ենթադրություններն են՝ փաստով չհիմնավորված: Վերջում էլ չէին զլանում մեզ հիշեցնել սուտ մատնության հոդվածի մասին»,-ասում է Հ.Տիգրանյանը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը նույնպես ցավով է նշում, որ իրենց ուսումնասիրությունը անմիջական իրավական հետևանքի չի կարող հանգեցնել, քանի որ այդ բոլոր կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և պետական մարմինների գործունեությունը մեր օրենսդրության տեսանկյունից համարվում են թույլատրելի:

Նա որպես հարցի լուծում առաջարկում է օրենսդրական փոփոխությունների միջոցով գոնե արգելել, որ պաշտոնատար անձի հետ փոխկապակցված ընկերությունը չմասնակցի տվյալ պաշտոնյայի պաշտոնավարման ոլորտի գնումներին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը շուտով կավարտի իր գործունեությունը, և փոխարենը կստեղծվի նոր մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողովը:

Այն պետք է ունենա շահերի բախման տեսանկյունից կոռուպցիոն երևույթների վրա ազդեցության ավելի մեծ հնարավորություններ: Բայց այս հանձնաժողովի ստեղծման ժամկետները համընկան մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության հետ, այդ պատճառով էլ գործընթացները ուշացան: Նոր իշխանություններն իրենց փոփոխությունների մարաթոնում դեռ այս խնդրին չեն հասել, իսկ ԱԺ-ն չի արագացնում գործընթացները: Բայց այս դեպքում կարևորը ոչ այնքան այդ մարմնի շուտափույթ ստեղծումն է, որքան դրա հետագա գործունեությունը: Որպեսզի պետական պաշտոնյան՝ պատգամավորը կամ նախարարը, չկարողանա իր հետ փոխկապակցված ընկերության միջոցով մտնել պետության գրպանը, հատկապես՝ իր իսկ ղեկավարած գերատեսչության գրպանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմինե Ավետյան