85 բանկոմատ՝ 866 գյուղում․ անկանխիկ վճարումների անցումը՝ խնդիր գյուղաբնակ թոշակառուների համար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

2023 թվականից Հայաստանի 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում կենսաթոշակներն ու նպաստները բացառապես անկանխիկ եղանակով են փոխանցվելու, սակայն ոչ բոլոր գյուղաբնակ թոշակառուներն են պատրաստ այս փոփոխությանը։

Արմավիրի մարզի Շահումյան գյուղը, վերջին մարդահամարի տվյալներով, 1600-ից ավելի բնակիչ ունի։ Էջմիածնից 5, իսկ Երևանից՝ 27 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղում Factor TV-ին հանդիպած տարեցներն ասացին՝ դեռ կանխիկ են թոշակ ստանում, փոստում կամ փոստատարի փոխանցմամբ՝ տանը։ Ասում են՝ տեղյակ են Կառավարության նոր որոշման մասին, բայց զայրանում են՝ պարզաբանելով, որ գյուղում բանկոմատներ չկան, իսկ Կառավարությունը, առանց ենթակառուցվածքներ ապահովվելու, նոր որոշումներ է կայացնում։

«Ո՛չ բանկոմատից օգտվել գիտեմ, ո՛չ էլ կարող եմ Էջմիածին գնալ։ Ինձ ավելի ձեռնտու է էստեղից ստանամ, քան թե բանկոմատից»,- ասում է Շահումյան գյուղի բնակիչ, թոշակառու Սերգեյ Սարգսյանը։

Գյուղի ևս մեկ բնակիչ՝ Մյասնիկ Գրիգորյանը 37 հազար դրամ թոշակ է ստանում, դժգոհում է՝ մի գրպանից մտնում՝ մյուսից դուրս է գալիս, հիմա չի էլ ուզում մտածել թոշակը կանխիկացնելու նպատակով Էջմիածին հասնելու ավելորդ ծախսի մասին։

«Ես չեմ կարող ամիսը մեկ գնամ Էջմիածին, բանկոմատից փողս հանեմ, գամ։ Ինչքան գումար պետք է ծախսեմ, գնամ էջմիածին, գամ։ Եթե ինձ մեքենայով կապահովեն, տանեն, բերեն, կհամաձայնվեմ, եթե չէ՝ ինձ էստեղից ձեռք է տալիս»,- ասում է Մյասնիկ Գրիգորյանը։

Ռուբիկ Սարգսյանը միանում է համագյուղացուն, ասում է՝ Շահումյանում քարտով ստանալը հարմար չէ, գյուղում բանկոմատներ չկան։

«Էս մեր փոստից ենք ստանում, բայց երևի մեզ ձեռք չի տա, որ մենք քարտով ստանանք, որովհետև հնարավորություն չկա։ Ավելի հարմար է գյուղից ստանանք թոշակը, փոստից ստանանք»,- ասում է Շահումյան գյուղի բնակիչ, թոշակառու Ռուբիկ Սարգսյանը։

«Պետական նպաստների» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 1-ից թոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով՝ խորհրդարանում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Հաջորդ տարվա հուլիսից անկանխիկ է լինելու նաև մինչև հազար բնակիչ ունեցող բնակավայրերի թոշակների վճարումը, իսկ արդեն 2024-ից Հայաստանում կենսաթոշակ և նպաստ հնարավոր կլինի ստանալ միայն անկանխիկ տարբերակով։

Անկանխիկի անցման դրույթը վերաբերում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։

Երևանի պետական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն անհարկի է համարում նման շտապողականությունը և հավելում, որ համակարգը մինչև վերջ պատրաստ չէ փոփոխություններին։

«Անշուշտ, ժամանակի ընթացքում փուլ առ փուլ պետք է գնանք այդ փոփոխություններին։ Բայց նման շտապողականությունն իրականում, իմ կարծիքով, անհարկի է և, փաստացի, արդարացված չէ, որովհետև առանց համապատասխան ենթակառուցվածքները զարգացնելու, առանց շահառուների շրջանում համապատասխան աշխատանք տանելու՝ ուղղակի օրենսդրական ակտերով կամ Կառավարության որոշմամբ այդ սահմանափակումները կիրառելը, կյանքը ցույց է տալիս, որ այդքան էլ էֆեկտիվ չէ»,- ասում է Կառլեն Խաչատրյանը։

Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ «ՀայՓոստ»-ից տեղեկացնում են, որ մարզային 2 բաժանմունքում միայն ունեն անկանխիկ վճարման հնարավորություն, առաջիկայում նախատեսում են տեղադրել 150 անկանխիկ վճարման համակարգ Երևանում և մարզերում։ Հայաստանի Կենտրոնական բանկից էլ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշում են, որ 85 ավտոմատ գանձման մեքենա՝ բանկոմատ է տեղադրված է Հայաստանի 58 գյուղական համայնքներում։

Անկանխիկ գործարքներն ավելացնելու, կանխիկի շրջանառությունը նվազեցնելու նպատակով Կառավարությունն այս տարվա հուլիսից թոշակը քարտային վճարումներով ծախսող քաղաքացիներին գումարի մինչև 10 տոկոսի չափով հետվճար է տրամադրում՝ առավելագույնը 5 հազար դրամի չափով։ Սակայն սա էլ գյուղաբնակ թոշակառուների համար խթան չի դարձել․ բանկային քարտով առևտուր անելու մասին գյուղացիները չեն էլ ուզում մտածել։

«Չէ, ես դեռ ոչ մի բանից էլ չեմ օգտվում, խանութից առևտուր եմ անում՝ թե՛ գյուղից, թե՛ դրսից եմ անում իմ առևտուրը, ընդհանրապես քարտով առևտուր չեմ արել, չեմ էլ ուզում մտածել՝ պե՞տք է անեմ, թե՞ չէ։ Հետագայում կերևա»,- ասում է Շահումյան գյուղի բնակիչ, թոշակառու Լիդա Ղազարյանը։

Շահումյանում 10-ից ավելի խանութների զգալի մասն արդեն անկանխիկ վճարման հնարավորություն ունի, սակայն գյուղացիները, այդ թվում՝ թոշակառուները, քարտով առևտուր գրեթե չեն անում։

«Չեմ ուզում, չեմ անում, դա իմ կամքն է արդեն։ Ինչի՞ են տենց բան անում։ Որ քարտով չկարողանամ անել, ի՞նչ պետք է անեմ։ Ուրեմն, թող թույլ տան թոշակառուներին՝ իրենց կամքով անեն։ Քարտով չեմ կարողանում։ Շնորհակալ եմ, ա՛յ մարդ, սովորացնելու կարիք չեմ զգում, էդքան էլ անգրագետ չեմ»,- ասում է շահումյանցի թոշակառու Նվարդ Գրիգորյանը։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը բացատրում է, որ թոշակառուներն իրենց թոշակը հիմնականում օգտագործում են կենսական կարիքների՝ դեղորայք և սննդամթերք ձեռք բերելու նպատակով։ Օրինակ, պտուղ-բանջարեղենը փորձում են շուկայից գնել՝ ավելի էժան տարբերակ գնելու համար կամ հիմնական առևտուրը կատարել ավելի փոքր խանութներից, որտեղ գներն անհամեմատ էժան են և, օբյեկտիվորեն, ոչ միշտ է հնարավոր քարտային վճարումներ կատարել։

«Պետք է նայել վիճակագրությանը և ակնհայտ կերևա, որ թոշակառուների ճնշող մեծամասնությունը թոշակը ստանալու օրը գումարն ամբողջությամբ բանկոմատից կանխիկացնում է։ Այդ մշակույթը փաստացի ձևավորված չէ թոշակառուների շրջանում, և դա, գուցե, օբյեկտիվ է, որովհետև բանկային համակարգի և նորագույն տեխնոլոգիաների հանդեպ համապատասխան վստահություն, որոշակի ֆինանսական գրագիտության մակարդակն է ցածր, և Կառավարությունը, բացատրական աշխատանքների փոխարեն, ինտերակտիվ կանոնն է մտցրել, և այս օրինակները ցույց են տալիս, որ նման սահմանափակումներն ուղղակիորեն ևս մեկ գլխացավանք են դառնում տարեցների համար, որոնք փորձում են որևէ բանկոմատի մոտ սպասել երիտասարդ  մեկին, որպեսզի իրենց գումարը կանխիկացնեն»,- ասում է Կառլեն Խաչատրյանը։

Կենտրոնական բանկից Factor TV-ին տեղեկացնում են, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ փաստացի տեղադրված ՊՈՍ տերմինալների քանակի վերաբերյալ տվյալները նախատեսվում է ամփոփել մինչև տարեվերջ, և հրապարակել 2023 թվականի հունվարի ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Անտոնյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: