Տեխնիկական խափանումներ, օրենքի ոչ լիարժեք կատարում․ անկանխիկի անցման գործընթացը սահուն չէ

Լուրեր

14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
Բոլորը

Թեպետ արդեն օրենքի պահանջով անկանխիկ վճարումների հնարավորության ապահովումը Հայաստանում ծառայություն մատուցող գրեթե բոլոր սուբյեկտների համար պարտադիր է, երկիրը ո՛չ տեխնիկապես, ո՛չ բիզնեսի պատրաստակամության, ո՛չ էլ հասարակության կարողությունների մակարդակով պատրաստ չէ անցնելու անկանխիկ վճարումների համակարգի՝ ահազանգում են փորձագետները։ Գերատեսչական պատասխանատուները, սակայն, համաձայն չեն։

2022 թվականի սկզբում ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ են մտել այս տարվա հուլիսի 1-ից, օրենքն ամբողջությամբ գործելու է 2024 թվականի վերջում։

Չնայած օրենքի պահանջին՝ Հայաստանում դեռ ոչ բոլոր տնտեսվարողներն են ապահովում անկանխիկ վճարումների հնարավորություն։

Օգոստոսի 24-ի Կառավարության նիստին Հայաստանի ողջ տարածքում անկանխիկ առևտրի ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել էր, որ առկա  ավելի քան 67 հազար ՀԴՄ սարքերից միայն մոտ 13 հազարն է ներկայում աշխատում POS տերմինալով։

«Կենտրոնական բանկի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք: Այս պահի դրությամբ՝ ունենք 25․737 էլեկտրոնային դիմում, ունենք նաև թղթային դիմումներ»,- նշել էր Բադասյանը՝ այնուհանդերձ եզրակացնելով, որ «պատկերը, ընդհանուր առմամբ, դրական է»։

Մինչդեռ, անկանխիկ վճարման հնարավորությամբ POS տերմինալների ցածր թվի պարագայում անգամ արդեն իսկ կան պնդումներ, որ երկրում անկանխիկ վճարումներ իրականացնող հիմնական պրոցեսինգային «ԱրՔա» համակարգում օգոստոսի 12-ին տեղի ունեցած խափանումն անկանխիկ գործարքների թվի աճի հետ է կապված։

Խափանումը տեղի էր ունեցել երեկոյան՝ ոչ աշխատանքային ժամի, և մարդիկ չէին կարողանում վճարում կատարել խանութներում, ռեստորաններում, բենզալցակայաններում, չէին կարողանում նաև գումար կանխիկացնել, երկրում անկանխիկ գործարքների պարալիզացում էր։

«ԱրՔա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էլեն Ավագյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը տեխնիկական է եղել՝ չմանրամասնելով՝ արդյո՞ք դա գործարքների աճով էր պայմանավորված։ «ԱրՔա»-ն ստեղծվել և ներդրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի և 10 առևտրային բանկերի նախաձեռնությամբ 2000 թվականին։

«ԱրՔա»-ից զատ՝ ներկայում Հայաստանում գործում են նաև «Ինեկոբանկ»-ի  և «Իդրամ» վճարային համակարգերը, որոնք, սակայն, երբևէ հանրապետության ողջ տարածքում բոլոր շահառուների ծավալն ընդգրկող վճարումներ ապահովելու փորձ չունեն։

Անդրադառնալով օգոստոսի 12-ին ստեղծված իրավիճակին՝ մեդիափորձագետ, «Ամփոփ» կայքի հիմնադիր Սուրեն Դեհերյանը նշել էր, որ իրենք դեռ տարվա սկզբին ուսումնասիրություն էին կատարել ու հասկացել, որ «ներկա համակարգով համատարած անկանխիկ վճարումների պահանջը լավ բանի չի բերելու»։

«Երբ մի մեծ զամբյուղ լցրած մոտենում էին դրամարկղին կամ մի լավ ուտելուց հետո ռեստորանում հաշիվն էին ուզում ու պարզվում էր՝ պիտի կանխիկ վճարեն, քանի որ «ԱրՔա»-ն էլի պայթել է»,- նշել է Դեհերյանը։

Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հերքում են, որ խափանումը գործարքների աճով էր պայմանավորված։

«Միջադեպի պատճառները բացահայտվել և վերլուծվել են «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ-ի կողմից, դրանք որևէ կերպ կապված չեն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում գործարքների աճի հետ։ Միջադեպի օրը խափանման ժամերի ընթացքում նախաձեռնված քարտային գործարքների քանակը արտառոց աճ չի ունեցել նախորդող օրերին այդ ժամերին իրականացված գործարքների քանակի համեմատ»,- նշում են ԿԲ-ից՝ հավաստիացնելով, որ խնդրի լուծմանն ուղղված համապատասխան միջոցառումների մշակման և իրականացման գործընթացն իրենց հսկողության ներքո է։

Այդուհանդերձ, ԿԲ-ն չի մանրամասնում, թե մասնավորապես ի՞նչ պատճառով է տեղի ունեցել խափանումը․««ԱրՔա» քարտային համակարգի գործառնական հուսալիությունը և անվտանգությունը ԿԲ-ի մշտադիտարկման ներքո է, իսկ համակարգում տեղի ունեցած զգալի միջադեպերը (1 ժամ և ավելի տևողությամբ), դրանց պատճառները և վերացմանն ուղղված միջոցառումները մեր ուշադրության կենտրոնում են»:

Տնտեսագետ, Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում նշում է, որ Հայաստանն ամբողջությամբ անկանխիկ վճարումների անցնելու պատրաստ չէ։

«Ես խորհրդակցել եմ այդ ոլորտում տեխնիկական հանգամանքներից տեղյակ մի քանի մասնագետի հետ, ինչպես նաև պարբերաբար տեղի ունեցող խափանումները փաստացի վկայում են, որ երկիրը տեխնիկապես պատրաստ չէ»,- նշում է Խաչատրյանը։

Հատկանշական է, որ 2021 թվականին նույնպես «ԱրՔա»-ի աշխատանքի պաշտոնապես հայտարարված առնվազն երկու խափանում է եղել, ինչի հետևանքով հայաստանյան տարբեր բանկերի հաճախորդներ ժամեր շարունակ չէին կարողանում ո՛չ անկանխիկ վճարում անել, ո՛չ էլ գումար կանխիկացնել։

«Դրանից զատ՝ բնակչության մի ստվար զանգված տեխնոլոգիաների կիրառությամբ մշակույթի կրողը չէ։ Աշխատավարձ ու թոշակ ստացող մարդկանց մեծ մասն այն կանխիկացնում է ստանալուն պես։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ մարդիկ թեև քարտով են ստանում իրենց աշխատավաձը կամ թոշակը, բայց այդ քարտը ամիսը մեկ անգամ են օգտագործում՝ գումարը կանխիկացնելու համար»,- մանրամասնում է տնտեսագետը՝ պետության ներկա մոտեցումն անարդյունավետ անվանելով։

«Պետությունը պիտի խրախուսի, բացատրական աշխատանք տանի, որ մարդիկ հասկանան անկանխիկ վճարումների անհրաժեշտությունն ու կարևորությունը, և հետո մոնիթորինգ անի, որ տեսնի՝ արդյո՞ք իր աշխատանքի արդյունքը մարդկանց վարքագծում ինչ-որ բան փոխել է, թե՞ ոչ։ Փոխանակ նման աշխատանք տարվի՝ բիրտ, կացնային ճանապարհն է ընտրվել՝ պատժամիջոցների, ստիպելու, օրենքով պարտադրելու, որը, բնականաբար, էֆեկտիվ լինել չի կարող»,- եզրակացնում է Խաչատրյանը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ նշում է՝ Հայաստանում նման գործընթացներն արագ չեն լինում տեխնիկական, ֆինանսական, կազմակերպական պատճառներով։

«Կազմակերպությունները սկզբնական շրջանում շատ ակտիվ սկսեցին այս գործընթացը, բայց հետո սառեց։ Սա նման է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման գործընթացին, երբ մի քանի տարի առաջ սկսեցին դրանք ներդնել, տնտեսվարողների մոտ կեսը երկու տարվա ընթացքում դրեցին, մյուս կեսը 4-5 տարի հապաղում էին, ու դեռ մինչև հիմա, ըստ Բադասյանի, մոտ 400 հին սերնդի ՀԴՄ սարք դեռեւս գործում է։ Անկանխիկի հետ, կարծես, նույն պատմությունն է»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է Պարսյանը։

Անահիտ Բաբաջանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: