«Քայլ ձիով»՝ անմատչելի քաղաքում․ Հայաստանում 194 640 անձ հաշմանդամություն ունի

Լուրեր

24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
24.06.2026 | 12:10
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է // Պապոյանը ԵՄ դեսպանների հետ արտահանման հարցեր է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 12:03
Ալիևը Հայաստանին մեղադրել է իսլամական կրոնական և մշակութային հուշարձանները «ոչնչացնելու» մեջ
24.06.2026 | 12:02
Արցախի դրոշը կրկին հեռացվել է Ֆրանսիայի հրապարակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
Բոլորը

Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցի 15 շենքում, որն առավել հայտնի է որպես Կույրերի մշակույթի տուն, հուլիսի 21-ին անսովոր աշխուժություն էր: Առավոտյան ժամը 11-ից մեկնարկել էր «Հայաստանի կույրերի առաջնություն» շախմատի մրցաշարը: Հայաստանի տարբեր մարզերից տեսողության խանգարումներ ունեցող 14  շախմատիստ հավաքվել էին մշակույթի տանը՝ մրցելու միմյանց հետ:

 

4 ժամ տևող մրցաշարի ողջ ընթացքում շախմատային մրցաշարերին բնորոշ լռությունը խաթարվում էր շախմատի տախտակի վրա մասնակիցների կողմից խաղաքարերը շոշափելով տեղաշարժելու, երբեմն մասնակիցների աթոռների տեղաշարժի ձայնով։

Մրցաշարից դուրս  տեսողական խնդիրներ ունեցող շախմատիստներին երկրպագելու եկածները զրուցում էին առօրյա հարցերից եւ  հաշմանդամություն ունեցող անձանց  համար առկա դժվարություններից։

Շախմատային մրցաշարի մասնակից Վահան Սարգսյանն ասում է՝ պետության խնդիրներն ուղղակորեն պրոեկտվում են իրենց վրա:

«Երկրում չի կարող ամեն բան վատ լինել, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ լավ»,- ասում է նա։

Վահանի խոսքով՝ տեսողություն չունեցող երեխան սովորական դպրոցում չի կարող որակյալ կրթություն ստանալ, որովհետև ապահովված չէ ոչ գրականությամբ, ոչ անհրաժեշտ մասնագետներով: «Կան մասնագետներ, ովքեր Բրայլյան համակարգով են կրթում, բայց դա բավարար չէ»։

Վահանն՝ ինքը, ժամանակին բախվել է կրթական համակարգում առկա խնդիրներին: Մոտ երկու տարի սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, այնուհետև, ստիպված է եղել կրթությունը շարունակել Վանաձորում:

«Սովորել եմ ծնողներիս, կուրսեցիներիս շնորհիվ, եթե իմ կուրսեցիները ինձ անընդհատ չուղեկցեին, սովորելն անհնար կլիներ»,- ընդգծում է Վահանը։

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության՝ երեխաների և երիտասարդների իրավունքների շահերի պաշտպան, տեսողական խնդիրներ ունեցող Փիրուզ Մկրտչյանը, ներկայացնելով  կազմակերպության իրականացրած մոնիթորինգի տվյալները, ընդգծում է՝ Երևանում տեսողության խնդիր ունեցող մարդկանց համար անմատչելի շատ վայրեր կան:

«Բոլոր համալսարանները տոտալ անմատչելի են, մատչելի են՝ Սարյանի, Կոմիտասի, Ժամանակակից արվեստի թանգարանները, գետնանցումներից՝ Մետրոնոմի անցումը և Մաշտոցի պուրակի նորաբաց գետնանցումը, մասնակի մատչելի է Պատմության թանգարանը»։

Մրցաշարի մյուս մասնակից, Կույրերի մշակույթի տան համակարգչային ինստրուկտոր  Անդրանիկ Քոչարյանն էլ մատնանշում է  տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար տրանսպորտից օգտվելու դժվարությունները։

«Անցումները փորձում եմ լուսացույցներով կամ վերգետնյա և ստորգետնյա անցումներով անցնել, իսկ տրանսպորտի համարները տեսնելն ինձ համար ամենամեծ դժվարությունն է»,- ասում նա։

Անդրանիկը թվերի տեսանելիության հետ կապված    խնդիրների է բախվում  նաև բանկերում: «Բարձրաձայն ասում է A57, մոտեցեք 8-րդ պատուհանին, բայց դու պիտի իմանաս էդ պատուհանը որ մեկն է, որովհետև չես տեսնում»,- ասում է նա։

Չհարմարեցված քաղաքի խնդիրները բարձրաձայնելուն  զուգահեռ Անդրանիկը նշում է նաեւ դրականը․ վերջին տարիներին կառուցված մոլերը հաշվի են առել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները:

«Դրանք կառուցված են ժամանակակից ստանդարտներին համապատասխան՝ կան շարժասանդուղքներ, թեքահարթակներ, մուտքերում չկան աստիճաններ: Մոլերը քիչ թե շատ հարմարեցված են»,- ընդգծում է Անդրանիկը։

«Հույսի կամուրջ» ՀԿ  նախագահ Սուսաննա Թադևոսյանը եւս նկատում է, որ մասնակի՝ որոշ տեղերում կան հարմարեցումներ, մասնավորապես՝ անցումների ձայնային լուսացույցեր, թեքահարթակներ,  սակայն ընդհանուր առմամբ՝  Երևանը հաշմանդամություն ունեցող մարդկանց  ազատ տեղաշարժման համար հարմարեցված չէ․

«Հարմարեցումները համալիր մոտեցմամբ պետք է արվեն, ոչ թե՝ մասնակի,  տոկոսային հարաբերությամբ: Ինչ-որ բաներ արվում են, բայց  կատարյալ հարմարեցվածություն  հաշմանդամություն ունեցող անձանց համար չկա»։

Նոր օրենքը փոփոխությունների սկի՞զբ

Երևանի ավագանու անդամ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Սիփան Ասատրյանի խոսքով՝  իր համար ամենասպասված փոփոխությունը  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» նոր օրենքի ընդունումն էր:

Հիշեցնենք՝  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և այլ հարակից օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ կողմից ընդունվել էր այս տարվա մայիսին, իսկ արդեն  հունիսի չորսից  գործում է նոր օրենսդրությունը։

Այն  համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից ընդունված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային, որը Հայաստանը ստորագրել է դեռ  2010 թվականին։

Մինչ այս հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության մոտեցումներն ու սկզբունքները սահմանվում էին  1993 թվականին ընդունված օրենքով, որը հնարավորություն չէր տալիս   իրականացնել անձի կարողությունների բազմակողմանի գնահատում, հաշվի չէին  առնվում շրջակա միջավայրի գործոնները, որոնք էական ազդեցություն ունեն հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կյանքում լիարժեք գործունեություն իրականացնելու վրա:

«Մինչև հիմա հաշմանդամությունը ճանաչվում էր բժշկական մոդելի հիման վրա, այսինքն անձը դիտարկվում էր՝ որպես հիվանդ խնամյալ և արտոնությունների կարիք ունեցող անձ: Ըստ նոր օրենսդրության, անձի հաշմանդամությունը պետք է ճանաչվի ֆունկցիոնալության միջազգային դասակարգման հիման վրա, այսինքն օրենքը միտված է լինելու անձի ֆունկցիոնալությունը վերականգնելուն, ոչ թե տանը փակելուն և միայն դեղեր կամ նպաստ տրամադրելուն»,- նշում է Սիփան  Ասատրյանը։

Նա կարծում է,  որ նոր օրենքը  խթանելու է  հաշմանդամության հիմքի վրա խտրական դեպքերի նվազեցմանը․

«Նոր օրենքով հնարավորություն է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների կողմից  դատական հայցեր ներկայացնել։ Անձը ՀԿ-ի աջակցությամբ կարող է դատարան դիմել եւ պաշտպանել իր  խախտված իրավունքները։ Դպրոցներում այլևս չեն կարող մերժել երեխաներին, ովքեր ունեն կրթության առնձնահատուկ կարիք։ Մի քանի տարվա ընթացքում շենք-շինությունները որոշակի պլանով պետք է դառնան մատչելի, եթե ոչ՝ պետք է տուգանքներ վճարեն»,- նշում  է Սիփան Ասատրյանը։

Նշենք, որ ըստ օրենքի, կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինություններն, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում, վերակառուցվելու են՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը։

Իսկ  մինչ այդ ինչ է անում մայրաքաղաքային իշխանությունը՝ թեթեւացնելու համար հաշմանդամություն ունեցող անձանց առօրյան։ Երեւանի ավագանու անդամի ներկայացմամբ՝  մայրաքաղաքում արդեն առկա հարմարեցված  100 նոր ավտոբուսներին առաջիկայում կավելանան  եւս 211-ը։ Դրանք եւս կունենան  ցածր հատակ, ձայնային բարձրաձայն ազդարարման համակարգ, լուսատախտակ, որը նախատեսված է նաև լսողության խնդիրներ ունեցող  անձանց համար։

«Այս տարի Երևանում տարբեր հատվածներում նաեւ  տեղադրվելու է 63 հետիոտնային կանչող լուսացույց, որոնք հագեցած են ձայնային ազդարարման սարքերով, այսինքն կոճակը սեղմելուց հետո, բացի կանաչ լույսից, նաև ձայնային ազդանշան է լինելու»,-  նշում է Ասատրյանը։

Նոր օրենսդրությամբ ակնկալվող դրական փոփոխությունները Սոկրատ Շահնազարյանի անվան Կույրերի մշակույթի տան տնօրեն Յուրիկ Ավետիսյանը ողջունում է։ Նա, սակայն, նշում է, որ անհրաժեշտ են ավելի գործուն սոցիալական ծրագրեր․

«Չտեսնող երիտասարդները չեն ամուսնանում, քանի որ չունեն ոչ աշխատանք, ոչ բնակարան: Շատերի համար առկա սոցիալական խնդիրներից բացի, չտեսնող մարդկանց դեպքում դժվարությունները կրկնապատկվում են»,- ընդգծում է Կույրերի մշակույթի տան տնօրենը։

Հավելենք, որ նոր օրենսդրությամբ՝ հաշմանդամության խմբերի փոխարեն այսուհետ կսահմանվեն անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր, խորը:

Տեղեկանք․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Factor․am-ին փոխանցած տեղեկատվության համաձայն, 2021թ. հունիսի 31-ի դրությամբ՝ Հայաստանում հաշմանդամության խումբ է սահմանվել 194,640 անձի, որից 92,805-ը կանայք են։

Նախարարության փոխանցմամբ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց ընդհանուր թիվը կազմում է 16,118:

2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ, համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալերի, Հայաստանում բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 964 հազար 100 մարդ: Համադրելով ներկայացված վիճակագրությունը՝ Հայաստանի ընդհանուր բնակչության շուրջ  6,6 տոկոսն ունի հաշմանդամություն:

Մարիամ Ստեփանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

©Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions
Պատրաստվել է  “Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում․ Հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը” ծրագրի շրջանակում։