Ապրիլյան պատերազմի պատասխանատուները․ նոր բացահայտումներին ընդառաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:11
ՔՊ-ական պատգամավորը կիսատ թողեց հարցազրույցը` լսելով Աղազարյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն այսօր ավարտեց շուրջ մեկ տարի տևած աշխատանքը։ Ապա կսկսվի աշխատանքը եզրակացության վրա, որը կունենա ինչպես գաղտնի, այնպես էլ հրապարակային  մաս։

Ըստ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ հետևյալ հարցերի պատասխանները կտրվեն՝ արդյոք մինչև Ապրիլյան պատերազմը գործած անվտանգության համակարգը պատրա՞ստ է եղել կանխարգելել հակառակորդի գործողությունները, պատերազմում ճի՞շտ են օգտագործվել Զինուժի հնարավորությունները, կպատասխանեն մինչ օրս հնչած կասկածներին, թե առաջնագծի զինվորները մնացել են մենակ, պետությունը լիարժեք չի կատարել կառավարման խնդիրները, և ի վերջո՝ ինչո՞ւ հակառակորդը սկսեց պատերազմը և ինչով է այն ավարտվել։ Factor TV-ի հետ զրույցում Քոչարյանը նաև մանրամասնեց՝ Ապրիլյան պատերազմում բանակի թիվ մեկ պաշտոնյան՝ Յուրի Խաչատուրովն այդպես էլ չներկայացավ հանձնաժողով, իսկ այսօր հանձնաժողովի հարցերին պատասխանել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։

«Մենք երբեք մեր հարցաշարը չենք հանրայնացնում, եթե դրա կարիքը չկա, և այս պարագայում կարող եք ֆիքսել, որ մենք պարոն նախագահին ուղղել ենք հարցեր, և այդ հարցերը եղել են մեր վերջին կոնտակտը մեր նախանշած պաշտոնյաների հետ աշխատանքի շրջանակում»,- ասաց Քոչարյանը։

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը կարծում է՝ Բակո Սահակյանը պատասխանատվություն է կրում պատերազմի օրերին ի հայտ եկած մի շարք առանցքային թերացումների համար։ Մասնավորապես, Սահակյանը պարտավոր է բացատրություններ տալ հետախուզության աշխատանքի, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների զեկույցների, առաջնագծի մարտական հենակետերի կահավորման, սպառազինության վիճակի մասով: «Հատկապես անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցների մասին չմտածելը, բնականաբար, ապրիլից հետո այդ կողմում զգալիորեն իրավիճակ է փոխվել, ինչպես նաև դիվերսիոն գործողությունները տեխնիկական միջոցներով չեզոքացնելը, որը նույնպես մինչև ապրիլ չեն արվել։ Գլխավոր մեղավորը Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն են։ Որոշում կայացնողները եղել են էդ երկուսը, և բնականաբար, բոլոր կորուստներն ու զոհերը նրանց խղճին են ընկած»,- ասաց Հայկ Խանումյանը։

Պատերազմի օրերին Արցախի խորհրդարանի միակ ընդդիմադիր գործիչը կասկած անգամ չունի՝ Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի մեղքն է, որ մինչև 2016-ի ապրիլ Արցախի պաշտպանական ենթակառուցվածքները չէին հզորացվել այն մակարդակի, որ Ադրբեջանը նույնիսկ չհամարձակվեր մտածել դիվերսիաներ ձեռնարկել և ի վերջո՝ պատերազմ սկսել։ Ըստ Խանումյանի՝ քայքայիչ ազդեցություն է ունեցել նաև բանակում առկա կոռուպցիան։ Հայկական զինուժը պատերազմում տուժել էր հակառակորդի անօդաչու թռչող սարքերի գործողություններից, իսկ դրանք չեզոքացնելու կարողությունները փաստացի զարգացած չէին։

Հայկ Խանումյանը նշեց․ «Մենք զգալի զոհեր ունեցանք անօդաչու թռչող սարքերի կիրառումից, կամավորների մի ամբողջ ավտոբուս անօդաչու թռչող «Կամիկաձեի» հետևանքով կործանվեց, բացի այդ՝ ավերիչ ազդեցություն է գործել նաև անօդաչու թռչող սարքերի կողմից հետախուզության իրականացումը մինչև ապրիլը և ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ հստակ կոորդինատներ էին կարողանում փոխանցել հրետանուն, երբ ոչնչացնում էին կամ խոցում մեր տեխնիկան, զինծառայողներին»։

Ապրիլյան պատերազմի ավարտին հակառակորդի ազդեցության ներքո մնացին տասնյակից ավելի մարտական հենակետեր։ Նախ՝ Սերժ Սարգսյանը  խոստովանեց 800 հեկտար կորստի փաստը, ապա վերջերս այդ թիվը կրկնակի քիչ ներկայացրեց՝ 400 հեկտար։ Չնայած երրորդ նախագահը ռազմավարական նշանակություն չունեցող էր կորսված դիրքերը որակում, Հայկ Խանումյանն ասում է, որ տարածքային այդ կորուստները հակառակորդի առաջ խոցելի են դարձրել ոչ միայն մարտական որոշ դիրքեր, այլև առնվազն մեկ գյուղ, ինչը չի կարող չազդել անվտանգային միջավայրի վրա։

Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբերի պետեր Յուրի Խաչատուրովն ու Նեջմեդդին Սադիկովը Մոսկվայում կնքեցին հրադադարի համաձայնագիր։ Այդպիսով, հայկական կողմը փաստացի համաձայնեց ադրբեջանական հսկողության ներքո թողնել գրավված հայկական դիրքերը։ Ըստ Հայկ Խանումյանի՝ այս կորուստը հայկական կողմին հոգեբանական մեծ վնաս է հասցրել ու ոգևորել ադրբեջանցիներին։

«Էդ ժամանակ Բակո Սահակյանը բավականին մեծ անվճռականություն դրսևորեց, որովհետև օրինակ՝ եթե գոնե ոչ այդ դիրքերի, ապա գոնե բազմաթիվ այլ դիրքերի, հատկապես՝ արևելյան հատվածում, նոր դիրքեր ձեռք բերելու հնարավորություն կար, սակայն վախեցավ դրան գնալուց, մանավանդ որ Ադրբեջանը սպառնում էր հրթիռակոծել Ստեփանակերտը և Բակո Սահակյանը վախեցավ դրան գնալուց, դա իր սխալներից մեկն էր»,- ասաց Խանումյանը։

«Հայ կառուցողական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի տվյալներով՝ Ապրիլյան պատերազմում հայկական կողմը ամենամեծ կորուստները կրել է ադրբեջանական հարձակման առաջին ժամերի ընթացքում։ Այն ժամանակ աղմուկ էր բարձրացրել ադրբեջանական հարձակումը պատկերող՝ Ղուկասյանի հրապարակած տեսանյութը, որում երևում է՝ ինչպես են հակառակորդի հատուկջոկատայինները ներթափանցում հայկական դիրքերի թիկունք։ Զինվորները կապ են տալիս, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլտվություն խնդրում, սակայն սպասելու հրաման է գալիս․ «Հարձակումը սկսվել էր ժամը երկուսի սահմաններում և երկու-երեք ժամվա մեջ ադրբեջանցիները գրավել են բազմաթիվ դիրքեր՝ հյուսիսում և հարավում և այս պահին ունեցել ենք հիմնական զոհերը։ Ինչ վերաբերվում է Բակո Սահակյանին, անմիջական կապ ունեն էդ մարդիկ Արցախի պաշտպանական բանակի գործողությունների հետ կապված և պատասխանատվությունը նրանց վրա է, և նրա համար, որ այդ հարձակումը հանկարծակի եղավ, և դրա արդյունքում կորոստներ եղան տարածքային ու մարդկային և որ հետագայում էդ դիրքերը հետ չվերցվեցին»։

Անդրիաս Ղուկասյանը ևս մեկ մեղադրանք է ներկայացնում Արցախի նախկին նախագահին ու բանակի հրամանատարին։ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը պետք է ավարտվեր Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմամբ, որ խախտվել է 1994 թվականի հրադադարի համաձայնագրով։ Արցախին պատկանող 5000 ք/կմ տարածքի 500 ք/կմ-ը՝ Շահումյանը, Մարտակերտի ու Մարտունու որոշ շրջաններ Ադրբեջանի օկուպացիայի տակ են։

«Բակո Սահակյանի պարտականությունն էր Լևոն Մնացականյանի հետ միասին հարված հասցնել Շահումյանի շրջանին և ադրբեջանցիներին էդտեղից դուրս շպրտել, ինչպես նաև ազատել Մարտունու և Մարտակերտի շրջանները, ինչը Բակո Սահակյանն ու մյուս պաշտոնյաները չեն արել։ Դրանով կատարել են այնպիսի գործողություններ, որոնք պարունակել են հանցագործության տարրեր»,- ընդգծեց Ղուկասյանը։

Ապրիլյան հանձնաժողովի եզրակացությունը, սպասվում է, որ պատրաստ կլինի մինչև աշուն։ Դրա առանձին մասեր կարող են դառնալ իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա։ Պատերազմի օրերին Արցախը ղեկավարած Սահակյանից բացի, հանձնաժողովում հարցերի պատասխանել են Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը, Լևոն Մնացականյանը և այլք։

Ռոբերտ Անանյան