Սերժ Սարգսյանի փեսայից փաստեր են պահանջում. ՊԵԿ-ից ասում են՝ առգրավված ինքնաթիռ չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Հեղափոխությունից երկու տարի անց ակտիվացել է Սերժ Սարգսյանի իշխանության առանցքային դեմքերից մեկը. նրա փեսա Միքայել Մինասյանը։ Հետախուզման մեջ գտնվող նախկին դեսպանն իր պարբերական խոհանոցային տեսաուղերձներում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերին օղակներին վերագրում է կոռուպցիոն գործարքներ: Մասնավորապես, մայիսի 2-ին Մինասյանը տեղեկացրեց, որ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով իրեն առաջարկել է սիմվոլիկ գումար վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Մինասյանի հայտարարության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված է քրեական գործ: Մայիսի 6-ին հարցաքննության է հրավիրվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: ՀՔԾ-ից այսօր Factor TV-ին փոխանցեցին, որ նախաքննությունը դեռ շարունակվում է, գործի շրջանակում մեղադրյալներ չկան:

Սերժ Սարգսյանի փեսայի հայտարարությանը մայիսի 16-ին հրավիրված առցանց մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը․ «Սա մի հարց է, որ պետք է քրեական գործի շրջանակներում պատասխանել: Իրավապահ մարմինները զբաղվում են և թող պատասխանեն բոլոր հարցերին: Հարցը պետք է լուծվի իրավական ընթացակարգերով, ոչ թե բանավեճի կամ լեզվակռվի ֆորմատով»:

Մինչև վարչապետի ասուլիսը, Միքայել Մինասյանը Փաշինյաններին մի շարք այլ մեղադրանքներ էր վերագրել: Սերժ Սարգսյանի փեսան մայիսի 12-ին և 18-ին հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Հրաչյա Հակոբյանը և Սիփան Փաշինյանը ներգրավված են մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Ռուսաստան արտահանված ծխախոտային սկանդալի մեջ:

Հիշեցնենք՝ մինչ Մինասյանի հայտարարությունը, ապրիլի 29-ին տեղեկություն տարածվեց, որ ՌԴ հատուկ ծառայություններն ապրիլի 25-ին Կրասնոդարի օդանավակայանում մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ են կալանավորել, իսկ մյուս խմբաքանակը, ըստ Մինասյանի, առգրավվել է Վորոնեժում․ «Սիփան Փաշինյանը հասկանում է, որ չի կարող շրջանցել աներձագին, քանի որ Աննա Հակոբյանն է որոշում, թե ով ինչ պետք է արտահանի: Եվ ուրեմն, դիմում են Հրաչյա Հակոբյանին, Հրաչյա Հակոբյանը դիմում է Աննա Հակոբյանին, Աննա Հակոբյանը զանգահարում է Շուշաննա Ներսիսյանին, և կանաչ լույսերը վառվում են ու կարանտինի պայմաններում մի ամբողջ ինքնաթիռ, մաքսանենգ ապրանքով, մեկնում է Հայաստանից: Հասկանում եք, չէ՞, որ դա անհնարին է մինչև ամենաբարձր մակարդակի OK-ները չլինեն»:

Մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև ծխախոտի արտահանման սկանդալային պատմությանը: Նա ևս մեկ անգամ շեշտել էր, որ գործը իրավապահների տիրույթում է: Ու մինչ իրավապահները բացահայտումներ կանեն, Միքայել Մինասյանը հայտարարեց, որ Փաշինյանները ներգրավված են ադամանդների անօրինական արտահանման գործարքում: Վարչապետ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ հարցին, թե ինչու չեն հերքում իրենց ուղղված կոռուպցիոն մեղադրանքները։

«Մի հատ էլ մեր կողմնակիցները նամակ են գրում, ասում են՝ հերքում տարածեք: Երկու տարի է՝ հերքում ենք տարածում, կարո՞ղ է կյանքներս անցնի՝ հերքում տարածելով: Յուրաքանչյուրը մտածում է՝ իր փչացածության աստիճանին համապատասխան: Յուրաքանչյուրը մտածում է, որ ես վարչապետ լինեի, ի՞նչ կանեի, որտեղ հնարավոր է, փայ կմտնեի, կգռփեի, ռեկետ կանեի, կսպանեի, ոտքի տակ կտայի, կլափեի, կթալանեի: Ես էդ մարդկանց հետ կապ չունեմ: Ընդ որում, կապ չունի՝ նրանք հրապարակում կանգնած են եղել, թե կանգնած չեն եղել»,- ասաց Փաշինյանը։

Վերադառնալով ծխախոտի սկանդալին, նշենք, որ Փաշինյաններից զատ Մինասյանը շրջանառում է նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի անունը: Ըստ նրա, քանի որ Ներսիսյանը ղեկավարում է Մաքսային ծառայությունը, ապա նրա իմացությամբ է ծխախոտի անօրինական արտահանումը կազմակերպվել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը, սակայն, Factor TV-ի հետ զրույցում Միքայել Մինասյանի հայտարարությունը հերյուրանք համարեց:

«Սիգարետների արտահանման գործ կա՞: Դրանք բոլորը հերյուրանքներ են, ուզում եք, որ հերյուրանքնե՞րը մեկնաբանեմ: Չկա, այդպիսի գործ չկա: Սիգարետի գործ հասկացությունը… պետք է հասկանալ կա՞ նման քրեկան գործ, կա՞ որևէ կարգավիճակ ունեցող պրոցես: Չկա նման գործ: Այդ նույն հարցը ես կարող եմ Ձեզ տալ՝ ինչո՞ւ է շրջանառվում իմ տեղակալի անունը: Դուք գիտե՞ք այդ հարցի պատասխանը: Ես ևս չգիտեմ, եթե Դուք չգիտեք»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Դավիթ Անանյանը պնդում է, որ արտահանումն իրականացվել է օրենքի տառին համապատասխան և հարուցված որևէ քրեական գործ լինել չի կարող: Ավելին, նա ակնարկում է, որ կարող է լինել քրգործ՝ հնչեցված հերյուրանքները քննելու համար: Անդրադառնալով բազմաթիվ լրատվամիջոցների կողմից օրեր շարունակ հրապարակվող և այդպես էլ չհերքվող տեղեկատվությանը, թե ՌԴ-ում ծխախոտով բեռնված երկու ինքնաթիռ է առգրավվել, Անանյանն արձագանքեց. «Ո՞վ է առգրավվել, Դուք նման տեղեկություն ունե՞ք: Ես նման տեղեկություն չունեմ: Նախկին դեսպանն է ասում, իրեն էլ հարցրեք, թող ներկայացնի այն փաստերը, որոնց հիման վրա նա այդ հայտարարություններն անում է: Ինչո՞ւ եք ինձ հարցնում: Ես չգիտեմ նման փաստ»։

Դավիթ Անանյանն ասաց, որ տեղեկություններ չունի արդյոք որևէ իրավապահ կառույցում քննվո՞ւմ է Միքայել Մինասյանի հայտարարությունների կեղծ լինելու հարցը:

Այդուհանդերձ, ՊԵԿ նախագահը բացառո՞ւմ է, որ Հայաստանից հնարավոր էր մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանել: Այս հարցին Դավիթ Անանյանը տարակուսելի պատասխան տվեց․ «Այդ ի՞նչ արտահայտություն եք անում: Հիմա դուք բացառում եք, որ մամուլի բոլոր ներկայացուցիչներն անկաշառ են: Ես ասում եմ, որ նման որևէ տեղեկատվություն չունեմ»։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հակված չէ հավատալ Մինասյանի այն պնդումներին, որ վարչապետի ընտանիքը ներգրավված է կոռուպցիոն սկանադալում, սակայն նշում է․ և՛ ադամանդների, և՛ ծխախոտի արտահնման հետ կապված փաստեր կան, ուստի մեզ անհրաժեշտ է անկախ դատաիրավական համակարգ բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար. «Ճշմարտությունը բավականին բարդ կլինի իմանալ, որովհետև, եթե մենք ունենայինք դատաիրավական անկախ համակարգ, ապա այս գործերի հետ կապված քննություն կիրականանար, և մենք կվստահեինք այդ արդյունքներին: Մենք ունենք իրավապահ համակարգ, որը վերահսկվում է վարչապետի կողմից, ապա հույսը պետք է դնել միայն վարչապետի անկեղծության վրա, որ անկախ նրանից, թե ով է կատարվել, պարզվի»։

Իշխանյանը կարծում է, որ վարչապետն այս հարցով ասելիք չունի, գնդակն իրավապահների դաշտում է: Իրավապաշտպանը հստակ պատասխան է ակնկալում՝ արդյոք նման արտահանում եղե՞լ է, թե՝ ոչ: Միաժամանակ շեշտում է, որ բոլոր ժամանակների ընդդիմությունները բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցրել իշխանությունների մասին և, մեծավմասամբ, դրանք մնացել են անպատասխան:

«Երբ ինքն ընդդիմադիր գործիչ էր, խոսում էր նախկինների թալանի մասին: Նրանք չէին հերքում՝ էլի մտածելով, որ ամեն ինչ չենք հերքելու: Ամեն անգամ իշխանություններին տարբեր մեղադրանքներ է ներկայացնում ընդդիմությունը, թե դրանցից որն է հավաստի, մենք այդպես էլ չենք հիմանում, քանի որ իշխանությունները, կտրված լինելով իրականությունից, արհամարհում են հարցերին պատասխանելը»,- ասում է իրավապաշտպանը։

Թրանսփարենսի ինթրնեյշնլ հակակոռուպցիոն կոնտրոնի ծրագրերի գծով տնօրեն Վարուժան Հոկտանյանը ևս՝ քաղաքական պատասխանների փոխարեն իրավապահների գնահատականներն է նախընտրում լսել․ «Իշխանության միակ հակադարձումը, որը համարժեք կգնահատեի, դա ինֆորմացիայի հիման վրա քրեական գործերի հարցումն է և անաչառ քննությունն է: Ես չեմ պատկերացնում, որ այդ ամենը կարող է հաստատվել կամ հերքվել քաղաքական նկատառումներից ելնելով: Բնականաբար, նախկինները պետք է ասեն, որ այդպես է եղել, իսկ ներկաներն էլ պետք է ասեն, որ այդպես չի եղել»։

Հոկտանյանը հույսեր ունի, որ իրավապահները գործն անաչառությամբ կքննեն: Սակայն, շեշտում է, որ քաղաքական ազդեցություններ կլինեն: Ըստ նրա Հայաստանը, օրինակ, Իսրայելը չէ, որ դատախազը հարկ եղած դեպքում վարչապետին ձերբակալելու կամք ունենա․ «Ես դեռ հույս ունեմ, որ իրավապահներն անաչառ կերպով կքննեն այս գործը: Բարդ իրավիճակ։ Այսպիսի դեպքերում, որ կապված են իշխանության հետ, բնականաբար, պարզ է, որ այդպիսի հետաքննությունների վրա քաղաքական ազդեցություն կարող է լինել»։

Վարուժան Հոկտանյանն ասում է, որ սա կլինի լավագույն փորձաքննությունը՝ պարզելու համար, թե Հայաստանում կա՞ արդյոք անկախ դատական համակարգ: Ըստ նրա՝ պետք է բացահայտվեն նաև Մինասյանի անվան հետ կապվող բոլոր կոռուպցիոն գործարքները, որոնց Սերժ Սարգսյանի փեսան չէր անդրադառնում իր իշխանության օրոք. «Իշխանությունները պետք է փորձեին բացահայտել Միքայել Մինասյանի կոռուպցիոն հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել: Հարուցված են քրեական գործեր, տեսնենք, թե ընթացքը ինչպես է լինելու։ Եթե լուրջ բացահայտումներ լինեն, սա էապես կփոխի իրավիճակը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան