Լաբորատորիան դադարեցրել է կորոնավիրուսի թեստավորումը. ԱՆ-ն համագործակցում է Սամվել Ալեքսանյանի ԲԿ-ի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի ախտորոշման համար թեստավորում իրականացվում է չորս լաբորատորիաներում: Դրանք են՝ Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող երկու հաստատություն՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս» լաբորատորիան՝ ներառյալ Սյունիքի և Լոռու մասնաճյուղերն ու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը:
Թեստավորման համար ընդգրկված են նաև նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնը և «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ն: Այս մասին Factor.am-ին փոխանցում են Առողջապահության նախարարությունից:
Ըստ նախարարության տրամադրած փաստաթղթերի՝ մասնավոր ընկերություններին ներգրավել են ապրիլից, իսկ մինչ այդ, թեստավորումներն իրականացվել են վերոնշյալ պետական երկու լաբորատորիաներում:
Նախարարության գրավոր պատասխանն ուսումնասիրելիս արձանագրում ենք, որ Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսն ախտորոշող լաբորատորիաների հետ կապված լուրջ խնդիրներ կան: Բանն այն է, որ նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է իրականացրել 8 մասնավոր լաբորատորիաներում և ընդամենը երկուսն են համապատասխանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած պահանջներին:
«Լաբորատորիաների ընտրությունը կատարվել է առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից՝ թվով 8 լաբորատորիաներում անցկացված գնահատման աշխատանքների արդյունքում, որոնք իրականացվել են ԱՀԿ կողմից առաջարկված և ՀՀ ԱՆ-ի հրամանով հաստատված փորձագիտական գործիքի կիրառմամբ: Հաշվի են առնվել որակի, կենսանավտանգության ասպեկտները՝ ներառյալ նշումների, թափոնների և տեղեկատվության կառավարումը, շենքային և ենթակառուցվածքային պայմանները, տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև մասնագիտական ներուժն ու կոմպետենտությունը: Գնահատման արդյունքում աշխատանքային խումբը եզրակացրել է, որ «Աստղիկ» ԲԿ-ի և «Պրոմ Տեստ» ՍՊԸ-ի լաբորատորիաներն ունեն կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր ախտորոշմանը ներկայացվող նվազագույն պահանջները բավարարող շենքային և ենթակառուցվածքային պայմաններ, համապատասխան մարդկային ներուժ և տեխնիկական հագեցվածություն»,- նշված է Factor.am-ին նախարարության տրամադրած պատասխանում:
Նկատի առնելով կորոնավիրուսի վարակի դեպքերի աճի միտումը և լաբորատորիաների հետ կապված առկա պատկերը՝ հարց է ծագում՝ ինչպես է կազմակերպվելու համավարակի դեմ արդյունավետ պայքար, եթե ուսումնասիրված 8 լաբորատորիաներից ընդամենը երկուսն ունի համապատասխան պայմաններ: Եվ այն էլ, պարզվում է, որ այս երկու լաբորատորիաների և Առողջապահության նախարարության համագործակցությունը հարթ չի անցնում:
Factor.am-ին Առողջապահության նախարարությունից մասնավոր զրույցների ընթացքում տեղեկացրել էին, որ նախարարությունը չի վճարում լաբորատորիաներին, նրանց հետ կնքել է ծառայությունների մատուցման անվճար պայմանագրեր, ինչն էլ հանգեցրել է նրան, որ թեստավորման գործընթացը երբեմն պատշաճ չի իրականացվում:
«Աստղիկ» ԲԿ-ի և «Պրոմ Տեստ» ՍՊԸ-ի լաբորատորիաների կողմից անվճար ծառայություններ մատուցելու մասին մեր տեղեկությունը պաշտոնապես հաստատեցին նաև Առողջապահության նախարարությունից՝ մեր գրավոր հարցերին ի պատասխան:
Առողջապահության նախարարությունը պաշտոնապես որևէ հիմնավորում չի ներկայացնում, թե ինչու են մասնավոր ընկերություններն անվճար ծառայություն մատուցում պետությանը:
«Թեստերը մենք ենք տրամադրում, մեզ լրացուցիչ ներուժ է անհրաժեշտ, օգնում են: Անվճար ծառայություն են մատուցում, գուցե իրենցի՞ց ճշտեք, թե ինչու են որոշել անվճար հետազոտություններ իրականացնել»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
ԱՆ խոսնակը, անդրադառնալով մեր ունեցած տեղեկություններին, որ մասնավոր լաբորատորիաներից «Պրոմ Տեստ»-ի կատարած ախտորոշումները չեն բավարարում սահմանված պահանջներին, ինչն էլ նպաստել է, որ պայմանագիրը դադարեցվի, ասաց. «Ես դրա վերաբերյալ տեղեկություն չունեմ: Պետք է հասկանանք թեստերի ոչ լիարժեք պատասխան ասելով ինչ նկատի ունենք, որովհետև հնարավոր է, որ ցանկացած թեստ ցույց տա և՛ դրական, և՛ բացասական, ու մի քանի օր հետո, օրինակ, փոխվի արդյունքը: Իրենցից ճշտեք՝ խնդիրներ ունեն, թե՝ ոչ»:
«Պրոմ Տեստ» լաբորատորիայի տնօրեն Արթուր Մելքոնյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ դադարեցրել է Առողջապահության նախարարությանն անվճար ծառայություններ մատուցելը: Սակայն նա պնդում է, որ պատճառը ոչ թե իր ղեկավարած կենտրոնի աշխատանքի վատ արդյունքն է, այլ այն, որ նախարարությունը չի վճարել, բայց առաջարկել է լաբորատորիայում թեստավորում իրականացնել: Արթուր Մելքոնյանն ասում է՝ այս ընթացքում մեծ ծախսեր է կատարել:
«Դժվար օրեր էին՝ օգնեցինք, ինչ կար որ, մեծ բան չենք արել: Սա մեզ համար լրացուցիչ ծախս էր, բայց չեմ էլ հաշվում, չգիտեմ, թե որքան է ծախսվել: Հիմա դադարեցրել ենք, այլևս չենք անում: Մեզ համար դժվար է այդքան լաբորատորիաները պահելը, աշխատողներին աշխատավարձ տալը: Մենք քսան օր արեցինք: Հետո ասացի, որ դժվար է, չեմ կարող շարունակել, քանի որ 15 բուժաշխատող ներգրավված էին այդ գործի մեջ: Ասացի, որ էլ չեմ կարող, կամ էլ՝ վճարեք, իրենք էլ ասացին, որ չեն վճարում, բայց խնդրեցին՝ մի քիչ էլ արեցի: Ասեցին, որ մինչև մայիսի 14-ն անենք, ես մտածեցի, որ այդքան արել եմ՝ այդ երկու շաբաթն էլ կանեմ, բայց իրենց մոտ որոշ նյութեր վերջացան, տեղն այլ նյութեր առաջարկեցին, դա էլ իմ սարքավորումներին չհամապատասխանեց և ավարտեցինք: Ուղիղ մեկ ամիս օգնեցինք»,- ներկայացրեց նա:
Այնուհանդերձ, երբ Արթուր Մելքոնյանին փոխանցեցինք մեր տեղեկությունները, որոնց համաձայն՝ «Պրոմ Տեստ»-ում կատարված թեստավորումների հետ կապված անճշտություններ են եղել, նա արձագանքեց․ «Եղել է, որ ուրիշ լաբորատորիայում ուրիշ պատասխան են ստացել, մենք՝ ուրիշ բան, բայց դա իմ գործը չի, որ մեկնաբանեմ, թե որն է ճիշտ, որը՝ սխալ: Լուրջ աշխատանք է պետք հասկանալու համար, թե ինչու նույն մարդու պլյուսը դարձավ մինուս կամ մինուսը պլյուս, դա սխալի արդյունք էր, թե հիվանդի մոտ էր փոփոխություն, թող իրենք զբաղվեն: Մենք պատրաստ ենք մեր ամեն մի ախտորոշման համար պատասխան տալ»:
Արթուր Մելքոնյանը նշեց, որ իրենց կենտրոնը դադարեցրել է նախարարության կարիքների համար իրականացվող թեստավորումները և հիմա դա արվում է միայն կոմերցիոն հիմունքներով: Ուստի, ստացվում է, որ Հայաստանում այս պահին ընդամենը երեք լաբորատորիայում է կորոնավիրուս ախտորոշվում:
Իսկ ահա Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ի գործադիր տնօրեն Ասատուր Ասատրյանը չցանկացավ ասել, թե, այնուհանդերձ, ինչու են իրենք անվճար թեստավորում անում՝ Առողջապահության նախարարության խնդրանքով։
Իրենք թեստերը տալիս են, մենք անում ենք: Դա մեր գաղտնիքն է, թե ինչու ենք անվճար անում թեստավորումը: Պարտավո՞ր եմ ասել: Պետությունը մեզ անվճար թեստեր է տալիս, մենք էլ մեր կասկածվող անձնակազմին ու հիվանդներին ենք թեստավորում»,- ասաց նա:
Ի դեպ, նշենք, որ կորոնավիրուստի առաջին դեպքի հաստատումից՝ մարտի 1-ից մինչ մայիսի 11 -ը Հայաստանում 33 հազար 313 թեստավորում է կատարվել: Ապրիլի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարությունն իր առջև խնդիր է դրել օրը հազար թեստավորում իրականացնել: Factor TV-ին ուսումնասիրել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի կողմից տրամադրվող տվյալները և պարզել, որ վերջին տասը օրվա ընթացքում միջինում շուրջ 1000 թեստավորում է իրականացվել: Թե Հայաստանի առողջապահության համակարգի ռեսուրսները մեկ օրում որքան թեստավորում անելու հնարավորություն են տալիս, մեզ Առողջապահության նախարարությունից չհայտնեցին, միայն նշեցին, որ թեստավորումներն իրականացվում են ըստ անհրաժեշտության։ Նաև հավելեցին, որ, օրինակ, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի լաբորատորիայում օրական հնարավոր է իրականացնել 500 թեստավորում:
Նարեկ Կիրակոսյան