«Մարտի 1»-ից 12 տարի անց. Ռոբերտ Քոչարյանը բանտում է, 10 սպանությունները կատարողները՝ չբացահայտված. ամփոփում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Հեղափոխությունից հետո 2008 թվականի մարտյան արյունալի իրադարձությունների գործով արդեն երկրորդ Մարտի 1-ն է, որը երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կդիմավորի բանտում՝ որպես այդ գործով առանցքային մեղադրյալ: Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց 2018 թվականի հուլիսին։ Այս երկու տարվա ընթացքում Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու անգամ փոխվեց, այժմ նա կալանքի տակ է:

Երկրորդ նախագահից բացի՝ ամբաստանյալի աթոռին են նաև նրա երեք նախկին ենթակաները. 2008 թվականին ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը, որը ևս մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար, 2008-ին Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, որը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, խոշոր չափի կաշառք ստանալու և ապօրինի ձեռք բերված գույքը օրինականացնելու համար, ինչպես նաև 2008 թվականին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովը, որն էլ մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար:

Ռոբերտ Քոչարյանից բացի՝ մյուս երեք նախկին պաշտոնյաները կալանքի տակ չեն եղել: Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց է ընտրված 5 միլիոն դրամ գրավը, Օհանյանի և Գևորգյանի համար՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

2019թ. մայիսի 28-ին դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին։ Նա, սակայն, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, հունիսի 25-ին կրկին կալանավորվեց:

Այժմ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն են ներկայացնելու պատրաստակամություն են հայտնել Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերը:

Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգի տապալման փորձի մեղադրանք առաջադրվեց նաև 2008 թվականի մարտի 1-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանին: Նա Ռուսաստանի Դաշնությունում է, հանդիսանում է ՌԴ քաղաքացի և չի արտահանձնվի Հայաստանին: Այնուամենյանիվ, հայկական կողմը Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Այս գործով ապացույցներ կեղծելու, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին: Նա ևս հետախուզման մեջ է:

2019-ին մեղադրանք առաջադրվեց նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և հանցագործությունը պարտակելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախորդ տարի հետախուզվողների ցանկը լրացրեց նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը։ Նա Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածներով: Կոստանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Այս տարի Կոստանյանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ պատրաստ է մեկ օրվա ընթացքում լինել Հայաստանում, եթե վարչապետը, ՀՔԾ պետը համաձայնվեն բաց և հրապարակային կերպով իրեն մեղսագրվող արարքների շուրջ բանավիճել և ապացուցել դրանք: Այս հայտարարությունը ՀՔԾ-ն որակեց քննությանը չներկայանալու հերթական հնարք։

2019-ին, ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպանություն գործեց այս գործով կարևոր վկա, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանը։ Շատերի պնդմամբ՝ նա դատարանում կարող էր կարևոր տեղեկություններ փոխանցել:

Ինչպես արդեն նշեցինք՝ 10 սպանության կատարողների անունները դեռևս հանրությանը հայտնի չեն: Իսկ ի՞նչ է արվել այդ ուղղությամբ:

2019-ի հունիսի 4-ին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին՝ Մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար: Պետրոսյանը մեղադրանքը չէր ընդունում։ Երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո նա ստորագրությամբ ազատ արձակվեց։ Պարզվեց, որ նրա կողմից արձակված փամփուշտն ու զոհի մարմնում հայտնաբերվածը չեն համապատասխանել միմյանց: Այս գործով նախաքննությունը շարունակվում է։

Ի՞նչ է արվել մնացած ինը զոհերի սպանությունների բացահայտման ուղղությամբ՝ առայժմ հայտնի չէ:

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը Factor.am-ի հետ զրույցում աղմկահարույց հայտարարություն էր արել՝ ասելով, որ Մարտի 1-ին Արցախից Հայաստան բերված զորքին օլիգարխներ են ֆինանսավորել: Նա նար տվել էր անուններ:

Չնայած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախաքննությունն ավարտվել է, և 2019-ի մայիսի 13-ին մեկնարկել է բուն գործի քննությունը, բայց կողմերը դեռևս չեն անցել գործով ապացույցների հետազոտմանը։ Մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր դատական նիստերին քննվել են Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու, քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ։

Տուժողներն ու նրանց ներկայացուցիչները Քոչարյանի պաշտպաններին մեղադրում են դատական նիստերը միտումնավոր ձգձգելու համար: Ի պատասխան այս հայտարարությունների՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից ասում են, որ իրենք նիստերը հետաձգելու միտում չունեն, իրենց նպատակը Քոչարյանի կալանքը փոխելն է, որի համար կանեն օրենքով նախատեսված բոլոր քայլերը:

Հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործի շուրջ ուշագրավ դրվագներից մեկն էլ 2018-ի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումն էր: Նրանք զրուցում էին Ռոբերտ Քոչարյանի և Յուրի  Խաչատուրովի կալանքի թեմայով: Ուշագրավ է նաև այն, որ այս երկու տարվա ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենը հասցրեց «հեղափոխվել»:

Այս երկու տարվա մեջ արվեց ևս մեկ բան. Մարտի 1-ի տասը զոհերի հարազատներին, իշխանության որոշմամբ, 30 միլիոն դրամ փոխհատուցում տրվեց, բացի այդ՝ հաստատվեց նախագիծ, ըստ որի՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում կտեղադրվի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:

Ուշագրավ է նաև, որ Մարտի 1-ի գործով ՀՀ գրեթե բոլոր առաջին դեմքերը տարբեր կարգավիճակ ունեն: Դատարանում ամբաստանյալի աթոռին հայտնված Ռոբերտ Քոչարյանից բացի՝ դատարան կգան նաև մյուսները՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վկա հարցաքննվելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան