Մահից առաջ Էդգար Ծատինյանը պատմել է, թե ոստիկաններն ինչպես են իրեն խոշտանգել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
Բոլորը

Ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած Երևանի 36-ամյա բնակիչ Էդգար Ծատինյանի ընտանիքը հայտարարում է՝ տևական ժամանակ է, ինչ իրենք ապրում են վախի ու ահաբեկման մթնոլորտում: Հարսի և թոռան հետ ապրող 57-ամյա Լարիսա Եթարյանը՝ մահացած երիտասարդի մայրը, պնդում է, որ ոստիկանության ծառայողները վախեցնում են իրենց, որ այլևս չբարձրաձայնեն ոստիկանության գործողությունների մասին:

«Մեզ վախեցնում են, տարբեր մեքենաներ են գալիս, տարբեր տղաներ են գալիս, էստեղ պատուհանի մոտ կանգնում՝ մեզ են նայում, անծանոթ: Կենտրոնի ոստիկանության գործերն է՝ վախեցնում են, որ չբողոքենք: Մենք ստեղ չենք քնում, 12-ին գալիս ենք, ժամը 6-ին գնում ենք, վախենում ենք։ Գան՝ իմ որբերին ստեղ սպանեն, ի՞նչ անեմ»,- պատմեց Էդգար Ծատինյանի մայրը:

Տիկին Լարիսայի պատմելով՝ ապրիլի 7-ին իր որդուն՝ Էդգար Ծատինյանին զանգել ու 4-րդ Մասիվի դատարանի շենքի մոտ է հրավիրել նրա ընկերը՝ Ֆեդյա անունով: Որդին Աբրահամ անունով երիտասարդի հետ գնացել է նշված վայր, որտեղ ոստիկանության 7 ավտոմեքենա շրջապատել է նրանց, ձեռքերին շղթաներ անցկացրել ու տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ որդուն խոշտանգել են: Ըստ Լարիսա Եթարյանի՝ ոստիկաններն իր որդուն ստիպել են հայտնել, որ օրեր առաջ հարևան շենքում սպանված տարեց կնոջը սպանել են երկու այլ հարևաններ։ Մոր խոսքով՝ Էդգարը հրաժարվել է սուտ տեղեկություններ հայտնել, ինչից հետո սկսվել են խոշտանգումները:

«Մեքենայի մեջ ջարդելով՝ հեռախոսը վերցնում են, ասում է՝ թողեք, զանգեմ տատիս ասեմ, որ ինձ տանում եք, չեն թողնում: Ծեծելով տանում են ոստիկանություն, էնտեղ լավ ծեծում են, ո՛չ միայն իրեն, այլ Աբրահամին, Ֆեդյային, թաղից մի 15 հոգու։ Ծեծում են մի այլ կարգի, ասում են՝ էնքան էին խփել պոչկեքիս, չեմ կարողանում շարժվել, չեմ կարողանում շնչել։ Երեխես ասել ա՝ մի կում ջուր տվեք, կանդալած տանում են զուգարան, քցում են գետնին, սկսում են խփել։ Ասում ա՝ ոտքիս մեջ շիշ կա, մի խփեք, ինքը որ վթարի էր ենթարկվել, ոտքը հավաքած ա շշով։ Ասա, թե որ ոտքդ ա, որ կտրենք, ու սկսում են հարվածել, ջուրը շփում են վրեն, թե՝ ա՛ռ, խմի՛։ Բերում նստցնում են ու ասում են՝ գրի, պիտի գրես, որ էդ կնոջը սպանել են Արմանն ու իր կինը։ Ասում ա՝ ես չեմ տեսել, ո՞նց տենց բան գրեմ, չեմ գրի տենց բան»,- պատմեց Լարիսա Եթարյանը։

Ըստ նրա՝ ոստիկանները սպառնացել են թմրանյութ համարվող կրիստալը գցել Էդգարի գրպանը. «Կգնաս 7-ից 15 տարի կդատվես, եթե չես գրում»: Ասել են, ինչից հետո Էդգարը կուլ է տվել կրիստալը»:

Ոստիկանության բաժանմունքից Էդգար Ծատինյանին նախ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Արմենիա» ԲԿ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան նա մահացել է: Factor TV-ի ձեռքի տակ է հայտնվել մի տեսանյութ, որն արվել է Էդգար Ծատինյանի մահից ժամեր առաջ։ Հիվանդանոցի սենյակում Էդգարը հարազատներին պատմում է ոստիկանական բաժանմունքում իր հետ տեղի ունեցածի մասին, մասնավորապես՝ ինչպես են կրիստալը գցել իր գրպանը, ձեռնաշղթաներ հագցրել ու ծեծել։

Մոր խոսքով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում որդուն հրաժարվել են բուժօգնություն տրամադրել: Էդգար Ծատինյանի մահվան հանգամանքների մասին ապրիլի 15-ին տարածած հաղորդագրությունում ոստիկանությունը նշում է, որ ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա: Ըստ Լարիսա Եթարյանի՝ բավարար չի եղել նաև «Արմենիա» ԲԿ-ում որդուն ցուցաբերված բուժօգնությունը. «Իր սիրտը, առողջությունն էնքան պինդ է եղել, որ 7-8 ժամ իմ երեխեն էդ նարկոտիկը մեջը՝ պայքարել է, մինչև իրենք արագացրին: Բժշիկն եկավ, ասեցի՝ վատ է, ասեց՝ սոդայաջուր տվեք: Ես հետո եմ իմացել, որ չէր կարելի ջուր, ուր մնաց՝ սոդայաջուր։ Մեկ քույրը եկավ, թևի մեջ բան սրսկեց երեխուս, Էդգարն ասում է՝ շպրիցը վերցրու, մինչև շուռ եկա՝ շպրիցը տարան, էրեխես արդեն կապտեց, սկսեց սև ջուր հետ տալ, մեռնում է, 4 հոգի զգաստ կանգնել են՝ մենք ի՞նչ անենք։ Ասում եմ՝ օգնեք, ու իմ ձեռների մեջ իմ երեխեն մեռավ»,- պատմում է տիկին Լարիսան։

Հանգուցյալ Էդգար Ծատինյանի այրին՝ Սաթենիկ Մելքոնյանը վստահեցնում է, որ ամուսինը չէր կարող տեղյակ լինել հարևանի սպանությունից. «Իմ ամուսինն ընդհանրապես բակ էլ դուրս չի գալիս, իմ ամուսինը ո՛չ ճանաչել է այդ անձնավորությանը, ո՛չ էլ շփում ունենք էդ շենքի հետ»:

Ոստիկանությունը հաղորդագրությունում հայտնել է նաև, որ ապրիլի 7-ին մի քրեական գործի շրջանակում սպանության կասկածանքով Էդգար Ծատինյանը բերման է ենթարկվել ոստկանության Նոր Նորքի բաժին։ Ընդ որում՝ ոստիկանությունը շեշտել է Էդգարի՝ նախկինում դատվածություն ունենալը:

«Ցույց են տալիս, որ Էդգարը բազմաթիվ անգամ դատապարտված է, հարգելի՛ Ոստիկանություն, դո՛ւք եք դատապարտել Էդգարին։ Խուլիգանության հոդվածով է դատապարտված եղել: Իմ ամուսինը բազմաթիվ հանցագործություններ չի կատարել, մարդասպան չի: Ընդամենը իր առաջին կնոջ ժամանակ էրեխուն թույլ չեն տվել տեսակցել, ինքը խուլիգանություն է կատարել, ինքը չի հերքել»,- ասաց Սաթենիկ Մելքոնյանը:

Որպես Էդգար Ծատինյանի իրավահաջորդի ներկայացուցիչ կներգրավվի ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը: Կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը հստակ միտում է տեսնում, թե ինչու է ոստիկանությունը շեշտադրում Էդգարի՝ դատապարտված լինելը. «Անթույլատրելի է, որևէ նշանակություն չունի՝ նա մի քանի անգամ դատվածություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Սա հասարակական կարծիքի ձևավորման տեսանկյունից կանխակալ կամ բացասական կերպով ներկայացնելու միտում ունի, նաև արդարացնելու անձին ոստիկանության բաժին տանելը»:

Ըստ իրավապահների՝ ապրիլի 14-ին Ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել: Հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանական ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի սուտ մատնության հատկանիշների առկայությունը: Արթուր Սաքունցն ասում է՝ նման դեպքերին հատուկ է սուտ մատնության հոդվածով քննություն սկսելը. «Երբ անձը գտնվում է ոստիկանությունում, վատանում է, հետո էլ մահանում է, այդ փաստերին զուգահեռ՝ սուտ մատնության մասով քննություն է սկսվում: Դա դիտարկում եմ որպես ճնշում վատ վերաբերմունքի դեպքերով տուժողի, նրանց իրավահաջորդների և վկաների վրա»:

Ըստ Արթուր Սաքունցի՝ գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչպես է ոստիկանական բաժանմունքում թմրամիջոց հայտնվել. «Ես անմեղության կանխավարկածից ելնելով՝ չեմ պնդում, որ դա գտնվել է Ոստիկանության կամ անձի ձեռքին, բայց որտեղի՞ց հայտնվեց թմրամիջոց ոստիկանական բաժնում, և անձը հասցրեց կուլ տալ: Սա ինքնին շատ լուրջ հանգամանք է, որը պետք է հանդիսանար քննության առարկա»։

Այսօր լրանում է Հայաստանի Ոստիկանության կազմավորման 101-ամյակը։ Բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, թե այսօր տեսնում է խոշտանգումներից զերծ Ոստիկանություն. «Վստահորեն կարող ենք պնդել, որ խոշտանգումները, ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել են անցյալում»։

Մինչդեռ, ըստ իրավապաշտպանների, Էդգար Ծատինյանի դեպքն ապացույց է, որ անգամ հեղափոխությունից հետո Ոստիկանությունը չի փոխվել։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը պատմում է, որ ինքը ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների մասին ահազանգեր այսօր էլ ստանում է:

«Ես զարմանում եմ, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն այսպես միանշանակ ասում են, որ ոլորտում խնդիրներ չունեն: Եթե նման հայտարարություն են անում, իրավիճակին չեն տիրապետում: Պարբերաբար մենք ստանում ենք ահազանգեր, Երևանում այդքան չէ, որքան մարզերից: Խոսում են այդ խնդիրներից, բայց կատեգորիկ հրաժարվում են դրա մասին բարձրաձայնել: Պատճառաբանում են, որ իրենց անվտանգությունը չի երաշխավորվելու: Մինչև այսօր ՀՔԾ-ում, դատարաններում կան խոշտանգումների հետ կապված գործեր, որոնք արձագանք չեն ստանում»,- ասաց իրավապաշտպանը:

Ի դեպ՝ ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Էդգար Ծատինյանի մահից 7 օր անց՝ այսօր տեղեկացրել է, որ դատախազությունը Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանի՝ բժշկական կենտրոնում մահանալու հանգամանքների վերաբերյալ ներկայացված հաղորդումը, մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի նախապատրաստումն այնտեղ շարունակելու և հետագա ընթացքը լուծելու համար:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան