Հայաստանն ինչպե՞ս կարող է մերժել Ռուսաստանին. Արման Նավասարդյանը՝ Սիրիա հումանիտար զորախումբ ուղարկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– Պարո՛ն Նավասարդյան, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեղեկատվություն է հրապարակել՝ պնդելով, որ 2001 թվականի հայ-սիրիական համաձայնագրով չի նախատեսվում Հայաստանից հումանիտար զորախումբ ուղարկել Սիրիա։ Այսինքն՝ իրավական հիմքը բացակայում է: Կազմակերպությունը հիմնվում է ԱԳ նախարարությունից ստացած համաձայնագրի պատճենի վրա: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Հայաստանը գնացել այս քայլին:

– Եթե կոնկրետ խոսելու լինենք 2001 թվականին ստորագրված այդ պայմանագրի մասին, դա կարելի է ռեզինի նման ձգել այս և այն կողմ։ Այստեղ ռազմատեխնիկական համագործակցության մասին է խոսք գնում, նաև այն մասին, որ կարող է ներառվել այլ կարգի համագործակցություն: Հիմա ինչո՞ւ սա չպնդել դրա շրջանակի մեջ: Երկրորդ, եթե ընդամենը քաղաքական առումով խոսելու լինենք այս պայմանագրի մասին, ես ի սկզբանե որոշ վտանգ տեսա սրա մեջ, երբ դեռ պետք է ուղարկեին զորախումբը: Բայց դրանից հետո իրադրություն փոխվեց, եղավ ամերիկացիների կարևոր մակարդակով այցելություն՝ Բոլթոնը եկավ Հայաստան և, ամենակարևորը, եղավ ամերիկացիների հայտարարությունը Սիրիայից դուրս գալու վերաբերյալ:

– Բավական կոշտ էր այս հարցով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Ամերիկյան կողմը շեշտեց, որ չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ցանկացած տեսակի ներգրավվածություն: «Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում: Այս հանգամանքը Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Ես կուզեի նաև ասեիք, թե դա ի՞նչ առիթով է ասվել, և դա կպարունակեր հնչեցված հարցի պատասխանը: Ժողովրդական լեզվով ասած՝ բզբզելու պահ կա, չէ՞: Ինչո՞ւ պաշտոնապես դիմել Պետքարտուղարություն և բացատրություն պահանջել քո երկրում կատարվող իրադարձության վերաբերյալ: Եթե այստեղ դիվանագիտական առումով մոտենալու լինեինք, իմ կարծիքով՝ մի փոքր սխալ եղավ: Այդ խմբի գնալու վերաբերյալ կարելի էր կազմակերպել պաշտոնական հրավեր, բայց այդ հրավերը չկար, 2001 թվականից հետո այդ հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չկար: Իսկ եթե խոսքը վերաբերում է նրան, որ այնտեղ 83 հոգանոց խումբ է գնացել, թող նույն քննադատները նաև ասեն, որ նույն ամերիկյան ռազմական միավորը՝ 2.000 հոգուց բաղկացած, Սիրիայում եղել է առանց հրավերի: Այնպես որ՝ գիտե՞ք ինչ կա, եթե մենք կանգնել ենք իրավական դաշտի տառի և ոգու բացատրությունների վրա, սա ամեն կերպ կարելի է և՛ այսպես հասկանալ, և՛ այնպես։ Հիմա 83 հոգանոց այդ խումբը ի՞նչ կարող է անել այնտեղ: Հումանիտար որևէ մեծ օգնությո՞ւն: Չգիտեմ… Ոչ ոք չի ուզում ուշադրություն դարձնել, որ հումանիտար այս խումբը չի կարող որոշիչ դեր խաղալ հարցի ռազմական լուծման մեջ:

– Ինչպես գիտենք՝ Ռուսաստանի խնդրանքով է Հայաստանը զորք ուղարկել Սիրիա և, փաստորեն, Հայաստանը չի մերժել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հայաստանը չի մերժել Ռուսաստանի առաջարկը:

– Հայաստանն ինչպե՞ս կարող է Ռուսաստանին մերժել, եթե ամենամեծ ռազմաքաղաքական դաշնակիցն է և մտնում ենք նույն կազմակերպության մեջ, ես նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Ես կարծում եմ, որ շատ բնական կլիներ, որ այդտեղ մասնակցեին նաև այլ երկրների ներկայացուցիչներ: Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրը կա՛մ շատերին դուր չի գալիս, կա՛մ տագնապ է առաջացնում, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ինչևէ, մենք Ռուսաստանի հետ ունենք համագործակցություն, և դա իր լավ արտահայտությունը գտավ Շոյգուի հայտարարության մեջ՝ շնորհակալության տեսքով: Այսօրվա քաղաքական իրադրության մեջ՝ այս տուրբուլենտային տարածաշրջանում և տուրբուլենտային բախումների շրջանում, ես կարծում եմ, որ ավելի լավ բան դժվար է պատկերացնել: Դուք Ադրբեջանի արձագանքը տեսնեիք։ Ամեն օր խոսում ենք պատերազմ, պատերազմ… եթե ինչ-որ պահող ուժեր կան, դրանցից մեկը Ռուսաստանն է:

– Դուք տեսնո՞ւմ եք հայկական զորախմբին սպառնացող որևէ վտանգ Սիրիայում: Քննադատներն ասում են, որ ահաբեկիչները որևէ տարբերակում չեն դնի՝ զորախումբը հայկակա՞ն է, թե այլազգի, հումանիտա՞ր առաքելությամբ է ժամանել զորախումբը, թե՞ ոչ, ահաբեկչության վտանգ առկա է:

– Դե եթե մարդը գնում է ռազմական ծառայության և ուսադիրով է, նա պետք է ամեն ինչի պատրաստ լինի: Վտանգը չեմ բացառում, բայց ոչ թե ողբերգություն եմ սարքում: Սա կյանք է, ծառայություն է: Ինչ վերաբերում է «Իսլամական պետության» արձագանքին կամ համապատասխան քայլերին, ես Ձեզ ասեմ՝ Հայաստանն ընդհանրապես գտնվում է այն գոտում, որտեղ ամեն րոպե այդ վտանգը կարող է լինել, և պարտադիր չէ, որ 80 հոգի գնան, որպեսզի տեռորիստական կազմակերպությունները հնարավորության կամ ցանկության դեպքում այստեղ գործողություններ չծավալեն: Այդ վտանգը միշտ կախված է:

– Փետրվարի 14-ին Աստանայի գործընթացի շրջանակում Սոչիում կայացել է Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների գագաթնաժողովը: Դրա ավարտից հետո հրապարակվել է փաստաթուղթ, որտեղ շեշտադրվել է Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանման, ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու և սիրիական ճգնաժամին քաղաքական լուծում տալու անհրաժեշտությունը։ Ըստ Ձեզ՝ սա կարո՞ղ է դառնալ ապագա համագործակցության խորացման հիմք:

– Չեմ կարող այդպիսի բան ասել, որովհետև այնտեղ ամեն ֆիգուրանտ ունի իր քաղաքական շահերը, և այսօր կա իրադրություն, որ նրանք նորից Աստանայում հանդիպեցին: Բայց մի մոռացեք, թե ովքեր են այդ դաշնության անդամները և ինչ հարաբերություններ ունեն: Ես նկատի ունեմ Ռուսաստանին և Թուրքիային, որոնք, այո՛, այսօր վատ հարաբերություններ չունեն, բայց ոչ մի երաշխիք չկա, որ դա կարող է մշտապես շարունակվել: Կա նաև թուրք-իրանական հակամարտությունը, և եթե հիմա միավորվել են Սիրիայի հարցում, Աստված տա, որ դա շարունակվի, որովհետև այնտեղ պատերազմը դեռ չի վերջացել, և ծայրը դեռ չի երևում: Իդլիբի դեպքերը տեսեք՝ ինչ է այնտեղ կատարվում։ Պատահական չէ, որ հայտարարության մեջ թուրքական կողմից անընդհատ քրդական խնդիրն է առաջ բերվում, ապահովության հարցը և այլն: Սիրիան հրաբուխ է, որը դեռ չի հանգել, ամեն րոպե կարող է ժայթքել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ռոբերտ Անանյան