Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
Հասարակություն
03.04.2026 | 18:45
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որի համաձայն՝ էական փոփոխություններ են կատարվել Դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կազմում։ Էթիկայի հանձնաժողովը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող երեք մարմիններից մեկն է։
- Ըստ փոփոխությունների՝ հանձնաժողովում երեքով ավելանում է ոչ դատավոր անդամների թիվը։ Մասնավորապես՝ եթե նախկինում հանձնաժողովը բաղկացած էր 8 անդամից, որից 6-ը՝ դատավոր, իսկ երկուսը՝ ոչ դատավոր անդամ, ապա այժմ ոչ դատավոր անդամների թիվը պետք է լինի 5։
Այս փոփոխության նպատակը, ըստ օրենքը մշակած Արդարադատության նախարարության, Էթիկայի և կարգապահական հանձնաժողովում դատական կորպորատիվիզմի ռիսկերը սահմանափակելն է։
- Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամները ևս, ինչպես դատավոր անդամները, պետք է գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
- Հանձնաժողովի անդամ ընտրվելու օրվանից հետո մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը դատավոր չհանդիսացող անդամը չի կարող իրականացնել դատական ներկայացուցչություն Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, մասնագիտացված, Վերաքննիչ դատարաններում և Վճռաբեկ դատարանում։
Ըստ նախարարության հիմնավորման՝ գործող փաստաբանների կամ դատարաններում այլ կերպ ներկայացուցչություն իրականացնողների ընդգրկումը Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների կազմում կարող է ենթադրել շահերի բախման և սուբյեկտիվիզմի դրսևորման այլ հնարավոր ռիսկեր, քանի որ վերջիններիս գործունեությունն անմիջականորեն կապված է դատարանների հետ:
Մասնավորապես՝ գործնականում հաճախ են լինելու իրավիճակներ, երբ դատարանի կայացրած դատական ակտը «չի բավարարելու» որևէ կողմի ակնկալիքները, ինչով պայմանավորված՝ վերջինս սուբյեկտիվ տրամադրվածություն է ունենալու դատավորի նկատմամբ: Հենց նման իրավիճակներից խուսափելու համար է անհրաժեշտ սահմանափակել անձի՝ Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների կազմում որպես անդամ ընդգրկվելու դեպքում լիազորությունների ժամկետով դատարաններում ներկայացուցչություն իրականացնելու իրավունքը:
Դատական օրենսգրքով նաև էթիկայի նորմեր է սահմանվել դատավոր չհանդիսացող անձանց համար։
Մասնավորապես՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամն իր լիազորությունների իրականացման ողջ ընթացքում պարտավոր է՝
- զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկելուց,
- զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ,
- զերծ մնալ դատավորի մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց:
Ընդունված մյուս փոփոխությունն այն է, որ հանձնաժողովի 11 անդամից 4-ի համաձայնության դեպքում դատավորի նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել։
Մասնավորապես՝ օրենքում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝
- Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը լուծելու կամ հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցը լուծելու համար Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն յոթ անդամ:
- Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Ստացվում է՝ 4 անդամ։
- Հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Որ մարմիններն իրավունք ունեն վարույթ հարուցել դատավորների նկատմամբ, և ինչ նպատակ է հետապնդում հանձնաժողովի կազմի փոփոխությունը
Ներկայում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունի երեք մարմին․
- Արդարադատության նախարարությունը
- Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու հարցում նեղ են․ դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումը պետք է կապված լինի դատավորներին ներկայացված անհամատեղելիության պահանջների խախտման, հայտարարագրի հետ։
Արդարադատության նախարարությունն ու Էթիկայի հանձնաժողովն ավելի լայն լիազորություններ ունեն։ Դատավորների կողմից ենթադրյալ խախտումների վերաբերյալ դիմումների առկայության դեպքում երկու մարմինն էլ կարող է վարույթ հարուցել և դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։
Սկսած 2020-2021 թվականներից սկսած՝ Արդարադատության նախարարությունը ինտենսիվ կերպով սկսեց կարգապահական վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ։
Այդ շրջանում մի խումբ դատավորներ սկսեցին բարձրաձայնել այն մասին, որ Արդարադատության նախարարությունը չարաշահում է կարգապահական վարույթ հարուցելու իր լիազորությունը։ Առավել խնդրահարույց էր այն հանգամանքը, որ դատավորների նկատմամբ մեծ թվով վարույթներ էին հարուցվում Դատախազության դիմումների հիման վրա։ Ստացվում է՝ պետական մի կառույցը, որւ, ըստ էության գործերը դատարան հասցնող մարմինն է, դժգոհ մնալով այս կամ այն դատավորի աշխատանքից, դիմում է Կառավարության մաս կողմող Արդարադատության նախարարությանը, և վերջինս էլ վարույթ է հարուցում դատավորի նկատմամբ։
«Արդարադատության նախարարի գործելաոճն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից վավերացված միջազգային օրենսդրությամբ ամրագրված դատական իշխանության անկախության հետ, վտանգում է դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է գնահատվել որպես դատավորների նկատմամբ ազդեցության և ճնշում գործադրելու միջոց, որն անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում»,- իրենց հայտարարություններում նշել են դատավորները։
Հայտարարությամբ հանդես եկող դատավորների թվում էին Երևանի քրեական դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Դավիթ Բալայանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Մխիթար Պապոյանը, Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը, Երևանի քաղաքացիական դատարանի դատավորներ Զարուհի Նախշքարյանը, Արթուր Ստեփանյանը։ Հատկանշական է, որ այդ դատավորներից 5-ն այս պահին այլևս դատական համակարգում չեն։ Նրանք համակարգը լքել են կարգապահական վարույթների հետևանքով լիազորությունները դադարեցնելու կամ ինչ-ինչ հանգամանքներում հրաժարական տալու պատճառներով։
Այն մտահոգությունները, որոնք հայտնում էին դատավորները Արդարադաության նախարարի կողմից վարույթ հարուցելու լիազորություն ունենալու և այն չարաշահելու առումով, ունեցել են նաև միջազգային հեղինակավոր կառույցները։
Մասնավորապես՝ ինչպես GRECO-ն, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովը իրենց տարբեր փաստաթղթերում մատնանշել են դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերի վերանայման անհրաժեշտությունը: Վենետիկի հանձնաժողովը, մասնավորապես, նշել է, որ Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների լույսի ներքո պետք է որ հնարավոր լինի նախարարի կողմից վարույթ հարուցելու գործառույթը աստիճանաբար վերացնել, երբ նոր համակարգը գործի դրվի և աշխատի։ Հանձնաժողովը նաև նշել է, որ թեև նախարարի ներգրավվածությունը ներկայում դիտվում է որպես դատական կորպորատիվիզմի դեմ պայքարին օժանդակող գործիք, ավելի երկար հեռանկարում նախընտրելի կլինի հրաժարվել այդ լիազորությունից, երբ մյուս մեխանիզմները, մասնավորապես՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը ապացուցեն իրենց արդյունավետությունը։
Արդյոք էթիկայի հանձնաժողովն ավելի քիչ թվով միջնորդություններ է ներկայացնում, քան Արդարադատության նախարարությունը
Էթիկայի հանձնաժողովի կողմից ամփոփված տվյալների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը ստացել է շուրջ 654 դիմում-բողոք, գրություն, որոնցից շուրջ 211-ը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում։
Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով շուրջ 163, այդ թվում նաև՝ 2024 թվականին ստացված և 2025 թվականին քննարկված 47 հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է հաղորդում ներկայացրած անձանց՝ պատասխանում նշելով կարգապահական վարույթ չհարուցելու հիմքերը:
2025 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից հարուցվել է 21 կարգապահական վարույթ, որից 16-ով հարուցման առիթ են հանդիսացել անձանց, 5-ով՝ պաշտոնատար անձանց հաղորդումները: Հարուցված կարգապահական վարույթներից 13-ը կարճվել է, 4-ը դեռևս չի ավարտվել, իսկ 4-ով որոշում է կայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:
Հանձնաժողովը 2025 թվականի ընթացքում կարճել է դեռևս 2024 թվականի ընթացքում հարուցված և չավարտված 1 կարգապահական վարույթ, նույն ժամանակահատվածում չավարտված 1 կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ, որը բավարարվել է, և դատավորին հայտարարվել է նկատողություն: Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին որոշման վերաբերյալ Հանձնաժողովի մեկ դատավոր անդամի կողմից հայտնվել է հատուկ կարծիք՝ համարելով, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:
Այսինքն՝ Դատավորների էթիկայի հանձնաժողովը 2025-ի ընթացքում հարուցել և ԲԴԽ է ներկայացրել 4 միջնորդություն, բացի այդ՝ ներկայացրել է ևս 1 միջնորդություն, որը հարուցվել է դեռևս 2024-ից։
ԲԴԽ կայքից ուսումասիրել ենք նաև, թե քանի միջնորդություն է ներկայացրել Արդարադատության նախարարությունը։
Կայքում կարգապահական վարույթների վերաբերյալ առկա տվյալներից պարզ է դառնում, որ Արդարադատության նախարարությունը 2025-ի ընթացքում 7 միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որից 3-ը՝ նույն դատավորի վերաբերյալ և նույնաբնույթ խախտման համար։
Այս դեպքում հարց է առաջանում, թե Էթիկայի հանձնաժողովում ի՞նչ կորպորատիվիզմի մասին է խոսքը, երբ երկու կառույցն էլ գրեթե նույն քանակով միջնորդություն են ներկայացրել ԲԴԽ։
Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո էթիկայի հանձնաժողովի անդամը հրաժարականի դիմում է ներկայացրել
Դատական օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո Էթիկայի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ, փաստաբան Հարություն Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Ինչպես գիտեք, ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքում կատարվել են փոփոխություններ (իմ կարծիքով նաև՝ թիրախային փոփոխություններ, քանի որ այն ազդում է բացառապես ինձ վրա), ինչն ինձ կանգնեցրել է երկընտրանքի առջև՝ մնալ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի անդամ, թե զբաղվել փաստաբանությամբ։ Չնայած նրան, որ այդ փոփոխությունները հակասահմանադրական են՝ առնվազն սահմանափակող նորմին հետադարձություն տալու մասով և այդ մասով կհաջորդի համապատասխան իրավական գործընթաց, միևնույնն է, այս պահին պետք է ընտրություն կատարել։ Լինելով ազատ և անկախ մասնագիտության տեր՝ հայցելով անխտիր բոլոր դատավորներից յուրաքանչյուրի ներողամտությունը տեղեկացնում եմ, որ այսօր հրաժարական եմ ներկայացնելու Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի պաշտոնից»,- գրել է Հարություն Հարությունյանը։
Մեզ հետ զրույցում Հարություն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի 4 անդամով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու օրենսդրական հնարավորությունը դատավորների անկախությանն ուղղակի միջամտության ռիսկ է ստեղծում։
«Ստացվում է՝ եթե սոցիալական ցանցերում փոքր-ինչ ակտիվություն, մի քիչ շատ թվով հետևորդ ունեցող անձինք դատավորի հետ կապված ինչ-որ գրառում կատարեն, Էթիկայի հանձնաժողովի չորս անդամ կարող է վարույթ հարուցել, իսկ դատավորը ստիպված է լինելու այդ դեպքում կտրվել իր բուն առաքելությունից՝ արդարադատություն իրականացնելուց ու բացատրություն ներկայացնել, թե, օրինակ, ինչո՞ւ է այս կամ այն որոշումը կայացրել։ Սա ուղղակիորեն միջամտություն է դատավորի անկախությանը, և դատավորներն իրենց մեջ ծանրութեթև են անելու՝ արժե՞ դառնալ ստատուսի թեմա, կարգապահական վարույթի թիրախ, թե՞ եթե տարբերակ կա, օրինակ, դա շրջանցելու, ընտրելու շրջանցման տարբերակը»,- մտահոգություն հայտնեց Հարությունյանը:
Փաստաբանի համոզմամբ՝ անգամ կարգապահական վարույթի հարուցման համար պետք է հանձնաժողովի առնվազն 1 դատավոր անդամի համաձայնությունը պարտադիր լինի։ Այսինքն՝ եթե տվյալ պարագայում Էթիկայի հանձնաժողովը բաղկացած պետք է լինի 5 ոչ դատավոր և 6 դատավոր անդամներից, ապա կարգապահական վարույթ հարուցելու համար պետք է առնվազն 6 անդամի համաձայնություն լինի, որոնցից՝ առնվազն 1-ը՝ դատավոր։
Խոսելով իր հրաժարականի պատճառների մասին՝ Հարություն Հարությունյանը նշեց, որ էթիկայի հանձնաժողովում մնալու դեպքում պետք է այլևս դատական ներկայացուցչությամբ չզբաղվեր, ընդ որում, փաստաբանի խոսքով, Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթի մեջ օրենքին հետադարձ ուժ տալու մասին խոսք չի եղել, ինքը տեղյակ չի եղել, որ դատական ներկայացուցչության սահմանափակում դրվելու է նաև էթիկայի հանձնաժողովի այն անդամների նկատմամբ, որոնք մինչև օրենքի ուժի մեջ մտնելն են ընտրվել հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։
Նշենք, որ Հարություն Հարությունյանը մեկ անգամ 4 տարի ժամկետով եղել է հանձնաժողովի անդամ։ 2025-ի նոյեմբերին կրկին առաջադրվել է որպես թեկնածու, և դատավորները կրկին ընտրել են նրան։
«Եթե փոփոխությունների փաթեթում լիներ ու ես տեսնեի, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կանգնելու եմ երկընտրանքի առաջ, երեք-չորս ամսվա համար նորից չէի մասնակցի ընտրություններին։ Սա նաև դատավորների ընտրության իրավունքի դեմ ուղղված քայլ է»,- ասաց Հարությունյանը:
Խոսելով էթիկիայի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի դատական ներկայացուցչությունը սահմանափակելու մասին՝ Հարությունյանը դիտարկեց, որ եթե դրա նպատակը հնարավոր շահերի բախումը կանխելն է, ապա նույն սահմանփակումը պետք է դրվի նաև գործող դատավորների նկատմամբ։
«Էթիկայի հանձնաժողովի անդամ դատավորներն իրենց գործընկերների հետ նույն շենքում, իրար կողքի աշխատասենյակներում են աշխատում»,- նշեց Հարությունյանը։
Փաստաբանը նաև հայտնեց, որ այս ամենից զատ առկա է այլ պատճառ, որի համար ինքն այլևս էթիկայի հանձնաժողովի անդամ լինել չի կարող։ Հրաժարականից օրեր անց Հարությունյանը հայտարարել է «Նոր դարաշրջան» կուսակցությունը հիմնադրելու և առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին։
Փոփոխություններ՝ առանց քննարկումների. Դատավորների միությունը հայտարարություն է տարածել
Նշենք, որ այս փոփոխություններով ակնկալվում է աստիճանաբար հասնել նրան, որ Արդարադատության նախարարության ՝ որպես դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող մարմնի լիազորությունը վերացվի։ Սակայն այս պահին, փաստացի, և՛ էթիկայի հանձնաժողովն է գործելու, որը կարող է ոչ դատավոր 4 անդամի ձայնով կարգապահական վարույթ հարուցել դատավորների նկատմամբ, և՛ Կառավարության մաս կազմող Արդարադատության նախարարությունը։
Փոփոխությունները խստորեն քննադատել է Դատավորների միությունը՝ ի թիվս այլնի բարձրաձայնելով այն մասին, որ դատավորների համայնքը Դատական օրենսգրքի փոփոխությունների վերջնական խմբագրության մասին փաստացի տեղեկացել է հիմնականում Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից։
Ըստ միության՝ փոփոխությունները դատավորների անկախության նկատմամբ ոտնձգության էական ռիսկեր են պարունակում և չեն ապահովում Վենետիկի հանձնաժողովի կողմից սահմանված անկախության համար անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմների պահպանումը։
«Վենետիկի հանձնաժողովը հստակ ու հետևողականորեն շեշտել է, որ Դատական օրենսգրքի փոփոխությունների առաջնահերթ նպատակն է պաշտպանել դատական անկախությունը, իսկ «դատական կորպորատիվիզմի» վերաբերյալ ցանկացած ենթադրյալ մտահոգություն կամ պատճառաբանություն չի կարող գերակա լինել դատավորների անկախությունը պահպանող երաշխիքների նկատմամբ պետության ունեցած պոզիտիվ պարտականության համատեքստում: Առաջարկվող փոփոխությունները թույլ են տալիս կարգապահական վարույթներ հարուցել միայն դատավոր չհանդիսացող անդամների մասնակցությամբ, ինչը հակասում է Հանձնաժողովի կողմից ավելի վաղ սահմանված՝ առաջարկվող ստանդարտներին և մեխանիզմներին, որոնք ապահովում են երկկողմ կամ միաժամանակյա մասնակցություն (դատավոր և ոչ դատավոր անդամներ) (venice.coe.int): Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման նման ցածր շեմի սահմանումն ու դրա կիրառումն ինքնին սահմանափակելու են վերջիններիս արտաքին անկախության երաշխիքները` ավելացնելով արտաքին ազդեցության միջամտության հնարավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Անդրադառնալով Արդարադատության նախարարի լիազորությունների պահպանման և Էթիկայի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների լիազորությունների ընդլայնման համատեղելիության հարցին՝ միությունը հիշեցրել է, որ Վենետիկի հանձնաժողովը նախարարի լիազորությունը՝ որպես անցումային և պայմանական, ընդունելի է համարել միայն այն դեպքում, երբ դատական համակարգի ներսում` հանձնաժողովում, չկան բավարար ներքին հակակշիռներ: Հետևաբար, այն պայմաններում, երբ Հանձնաժողովի կազմը փոփոխվում է ի նպաստ ոչ դատավոր անդամների` դատավորների ազդեցությունը կամ ներգրավվածությունը նվազեցնելու նպատակով, ապա բալանսավորված մոտեցման դեպքում գործադիրի` կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությունը ևս պետք է բացառվի կամ սահմանափակվի, իսկ հակառակ դեպքում կխախտվի Սահմանադրության հաշվառմամբ` Վենետիկի հանձնաժողովի առաջարկած բալանսը` ի վնաս դատավորների անկախությանը:
Միությունն անդրադարձել է նաև անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձության խնդրին՝ նշելով, որ դատավորների ինքնակառավարման մարմնի` ընդհանուր ժողովի կողմից ընտրված ոչ դատավոր անդամները զրկվելու են իրենց օրինական ակնկալիքից. նրանց վրա կիրառվելու են այնպիսի սահմանափակումներ, որոնք նախատեսված չեն եղել ընտրության պահին։
Արաքս Մամուլյան