3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ ընտրություններից 3 օր անց նախնական պաշտոնական արդյունքներով մեծամասնություն ստացած ՔՊ-ի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ից շնորհավորանք դեռ չի ստացել։  Կրեմլից հայտնում են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կսպասի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքներին՝ նախքան Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ շնորհավորելը։  Հիշեցնենք՝ դրանք ԿԸՀ-ն կհրապարակի վերահաշվարկի արդյունքներն ամփոփելուց հետո՝ կիրակի օրը։ 

Մոսկվայից Փաշինյան-Պուտին հանդիպման թեմայի քննարկումը նույնպես կապում են արդյունքների վերջնական ամփոփման հետ։ Արդյո՞ք Պուտինը Հայաստանի ընտրություններից հետո միշտ է սպասել ԿԸՀ վերջնական արդյունքներին՝ հաղթողին շնորհավորելու համար․ Factor.am-ն ուսումնասիրել է Հայաստանի վերջին երկու տասնամյակների ընտրություններին հաջորդած ժամանակաշրջանի պաշտոնական հաղորդագրությունների արխիվներն ու պարզել՝ ոչ միշտ։ Ավելին՝ մի շարք դեպքերում պաշտոնական Մոսկվան շտապել է շնորհավորել հաղթողներին չնայած ընտրություններին հաջորդած զանգվածային խախտումների մասին հաղորդագրություններին, բողոքի զանգվածային ցույցերին։

2003 թվական․ Պուտինի առաջին շնորհավորանքը Հայաստանի ընտրություններից հետո

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2000 թվականի մարտի 26-ին։ Հայաստանի իշխանություններին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու առաջին առիթը նրա համար ստեղծվեց 2003 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը գնում էր երկրորդ ժամկետի։

Այդ ընտրություններն անցկացվեցին երկու փուլով․ առաջինը՝ փետրվարի 19-ին, երկրորդը՝ մարտի 5-ին։ Երկրորդ փուլից մեկ օր անց՝ մարտի 6-ին, ժամը 21։00-ին, Պուտինը շնորհավորական ուղերձ հղեց Քոչարյանին։

«Ձեր ընտրական հաղթանակը կրկին ցույց տվեց հայ ժողովրդի անսասան նվիրվածությունը երկրում իրականացվող ժողովրդավարական և շուկայական բարեփոխումներին, ինչպես նաև բարիդրացիության և փոխշահավետ համագործակցության քաղաքականությանը»,- ասվում էր ուղերձում։

Հաջորդ օրը՝ մարտի 7-ին, արդեն հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին՝ նախագահական ընտրություններում տարած «համոզիչ և տպավորիչ հաղթանակի» կապակցությամբ։

Այս դեպքում, փաստորեն, Կրեմլը չսպասեց քաղաքական գործընթացի ավարտին․ շնորհավորանքը հնչեց ընտրություններից անմիջապես հետո։

2008 թվական․ շնորհավորանք՝ արյունահեղության ֆոնին

Հաջորդ փորձությունը 2008 թվականի նախագահական ընտրություններն էին։ Ռոբերտ Քոչարյանն այլևս առաջադրվել չէր կարող, իսկ իշխանության թեկնածուն Սերժ Սարգսյանն էր։

Քվեարկության օրը նրա հիմնական մրցակցի՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբից ահազանգում էին զանգվածային կեղծիքների, խախտումների և օրինազանցությունների մասին։ Խախտումների մասին հայտնում էին նաև ՕԵԿ-ի շտաբից։ Իշխանության թեկնածուի շտաբը, սակայն, այդ հայտարարությունները որակում էր որպես «բարձրագոչ հայտարարություններ և ջղաձիգ փորձեր»։

ԿԸՀ նախնական արդյունքներով՝ Սերժ Սարգսյանը հաղթել էր՝ ստանալով 52,83 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում Լևոն Տեր-Պետրոսյանն էր՝ 21,5 տոկոսով, երրորդում՝ Արթուր Բաղդասարյանը՝ 17,7 տոկոսով։ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չի ճանաչում ընտրության արդյունքները։ Հաջորդ օրը նրա կողմնակիցները հավաք սկսեցին Մատենադարանին հարող տարածքում։

Սակայն այդ ամենը չխանգարեց Կրեմլին․ փետրվարի 20-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, ժամը 21։00-ին, Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ հղեց Սերժ Սարգսյանին։

«Ուրախ եմ նշել Ձեր անձնական նշանակալի ներդրումը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում։ Վստահ եմ, որ Ձեր աշխատանքը՝ որպես Հայաստանի պետության ղեկավարի բարձր պաշտոնում, կնպաստի դրանց հետագա առաջընթացին»,- ասվում էր ուղերձում։

Հետընտրական ճգնաժամը, սակայն, խորանում էր։ Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժ կիրառեց Ազատության հրապարակում գիշերած ցուցարարների նկատմամբ։ Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի՝ այդ պահին հրապարակում խաղաղ գիշերում էր շուրջ 4000 քաղաքացի։ Հետագա իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ, վիրավորվեցին հարյուրավորներ։ Երևանում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարվեց։

Մարտի 6-ին Պուտինը հեռախոսազրույց ունեցավ դեռ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կրեմլի հաղորդագրությունը կարճ էր․ հաշվի առնելով Հայաստանում ընտրություններից հետո առաջացած անկայունությունը՝ Ռուսաստանի նախագահը վստահություն էր հայտնել, որ «Հայաստանի ղեկավարության ջանքերը կծառայեն երկրում սահմանադրական կարգի ապահովմանը»։

Մի քանի օր անց՝ մարտի 10-ին, Պուտինը հեռախոսազրույց ունեցավ արդեն Սերժ Սարգսյանի հետ, իսկ մարտի 26-ին նրանք անձամբ հանդիպեցին։ Կրեմլի հրապարակումներում Սերժ Սարգսյանի համար հատուկ օգտագործվեց «ընտրված նախագահ» ձևակերպումը։

Հանդիպման ընթացքում Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորեց Սարգսյանին․

«Ուզում եմ շնորհավորել ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Գիտեմ, որ Հայաստանում քաղաքական գործընթացները հեշտ չեն ընթանում, բայց մենք մեծ հույս ունենք, որ անկախ նրանից, թե ինչպես են զարգանում Հայաստանի ներքաղաքական գործընթացները, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում նախորդ տարիներին ձեռք բերված ամեն ինչ կպահպանվի և կզարգանա»։

Սերժ Սարգսյանն էլ, իր հերթին, նշեց․

«Մենք միշտ զգացել ենք ձեր աջակցությունը՝ թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական գործընթացներում, որի համար ես իսկապես շնորհակալ եմ։ Ե՛վ նախագահը, և՛ մեր դեսպանը փոխանցեցին ինձ ձեր անձնական ուղերձները։ Անկեղծ ասած, մենք երբեք չէինք սպասում նման հստակ մոտեցման»։

Այս դրվագը ցույց է տալիս, որ 2008-ին Մոսկվան ոչ միայն չսպասեց հետընտրական լարվածության հանգուցալուծմանը, այլև շարունակեց հրապարակային աջակցությունը Սերժ Սարգսյանին։

2013 թվականի նախագահական ընտրություններ․ Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետը

2013 թվականին Սերժ Սարգսյանը գնում էր կառավարման երկրորդ ժամկետի։ Ընտրությունները տեղի ունեցան փետրվարի 18-ին։

Այս ընտրությունների վերաբերյալ արտահերթ զեկույցով հանդես եկավ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը։ Զեկույցում նշվում էր, որ ընտրությունների ընթացքում ստացվել է ընտրակաշառքի բաժանման 100 ահազանգ, սակայն ոստիկանությունը քննության արդյունքում ընտրակաշառքի որևէ դեպք չի բացահայտել։ Միաժամանակ, կրկնակի քվեարկության 20 ահազանգերից 4-ը բացահայտվել էին։

Այդուհանդերձ, ընտրությունների հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ արդյունքների հրապարակումից հետո Սարգսյանն էր զանգել Պուտինին։

«Ընտրությունների արդյունքները վկայում են բնակչության շրջանում Ձեր բարձր հեղինակության, Ձեր ղեկավարությամբ իրականացվող սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքականության ուղղությանն ակտիվ աջակցության մասին»,- ասել էր Պուտինը։

Մարտի 12-ին արդեն տեղի ունեցավ Սարգսյան-Պուտին հանդիպումը, որտեղ Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորեց նրան։

«Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել ձեզ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. 60 տոկոսից ավելին շատ լավ արդյունք է, որը խոսում է ժողովրդի վստահության մասին»,- նշել էր Պուտինը։

Այս անգամ ևս Կրեմլի արձագանքը սպասողական չէր։ Շնորհավորանքը հնչեց հաջորդ օրը։

2017 թվական․ անցում խորհրդարանական համակարգին

2017 թվականի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար նոր փուլ էին։ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո երկիրն անցնում էր կառավարման խորհրդարանական համակարգի։ Քաղաքացիները ձևավորում էին խորհրդարան, իսկ խորհրդարանը պետք է ընտրեր վարչապետ, որի լիազորությունները նոր համակարգում ավելի մեծ էին, քան նախագահինը։

Ընտրությունները տեղի ունեցան ապրիլի 2-ին։ Իշխող հանրապետական կուսակցությունը ստացավ ձայների 49,15 տոկոսը կամ 770,718 քվե։

Արդեն հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Սերժ Սարգսյանին։

«Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ազգային ժողովի վերջին ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ»,- ասվում էր ուղերձում։

Պուտինը նաև նշել էր, որ քվեարկության արդյունքները հաստատել են «այն բարձր վստահությունը, որը Սերժ Սարգսյանն ու նրա գլխավորած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների շրջանում»։

Մոտ մեկ տարի անց՝ 2018 թվականի ապրիլի 17-ին, իշխող մեծամասնությունը Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետ։ Սակայն վեց օր անց նա հրաժարական տվեց Փաշինյանի նախաձեռնած քայլարշավով երկրում մեկնարկած զանգվածային բողոքի ցույցերից հետո, որոնք հանգեցրին իշխանափոխության։

Դրանից հետո Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցների կամ հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն հրապարակվել։

2018 թվական․ Փաշինյանի հաղթանակը և ուշացած շնորհավորանքը

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 9-ին։ Դրանք «Թավշյա հեղափոխությունից» հետո առաջին համապետական ընտրություններն էին։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը վստահ հաղթանակ տարավ և սահմանադրական մեծամասնություն ստացավ խորհրդարանում։ Այս անգամ Կրեմլը չշտապեց և ընտրությունների հաջորդ օրերին հրապարակային ուղերձ չհղեց։

Շնորհավորանքը հնչեց մոտ երեք շաբաթ անց՝ դեկտեմբերի 27-ին, Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Մենք շատ ուրախ ենք ձեզ տեսնել Մոսկվայում։ Սա ձեր առաջին այցն է ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո»,- ասաց Պուտինը։ 

Այսպիսով, եթե նախկինում շնորհավորանքները հնչում էին հաջորդ օրը կամ օրերի ընթացքում, ապա Փաշինյանի առաջին խորհրդարանական հաղթանակի դեպքում դրանք տեղափոխվեցին հանդիպման հարթակ և հնչեցին զգալի ուշացումով։

2021 թվական․ շնորհավորանք՝ չորս օր անց

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանում տևական քաղաքական ճգնաժամից հետո։ Հիմնական պայքարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքական ասպարեզ վերադարձած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև էր։  Չնայած 44-օրյա պատերազմում պարտությունից ընդամենը ամիսներ էին անցել, բայց ընտրությունների արդյունքում Փաշինյանը հաղթեց։

Այս անգամ Պուտինը չլռեց մինչև առաջին հանդիպումը, բայց շնորհավորանքն էլ չհնչեց հաջորդ օրն իսկ։ Ռուսաստանի նախագահը ընտրություններից չորս օր անց շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթեց նոր կառավարության ձևավորման գործում։

Հուլիսի 7-ին Փաշինյանն ու Պուտինը հանդիպեցին Կրեմլում, որտեղ Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորեց նրան։

Այս դեպքում Կրեմլի արձագանքը նախկինի պես շուտափույթ չէր, բայց նաև շատ ուշացած էլ չէր։ Բայց արդեն կար օրինաչափություն․ Փաշինյանի իշխանության տարիներին Մոսկվայի շնորհավորական տոնայնությունն ու ժամանակացույցը այլևս նախկինի պես չէին։

2026 թվական․ սպասում, սահմանափակումներ և կասկածներ

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան 9-րդ գումարման ԱԺ ընտրությունները։ ԿԸՀ նախնական արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանում է իշխանությունը՝ ստանալով մոտ 49,8 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստան» դաշինքն է՝ մոտ 23 տոկոսով, երրորդ տեղում՝ «Հայաստան» դաշինքը՝ շուրջ 10 տոկոս ձայներով։ 

Հայ-ռուսական աննախադեպ լարված հարաբերությունների պայմաններում անցկացված ընտրություններին նախորդել էր ոչ պակաս լարված երկխոսություն Կրեմլում։ 

Ապրիլի 1-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին դեմ առ դեմ վերջին հանդիպման ժամանակ  ՌԴ նախագահը խոսեց Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից և բաց տեքստով հորդորեց չխոչընդոտել ռուսամետ ուժերի մասնակցությունը ընտրապայքարին՝ ակնարկելով Սամվել Կարապետյանին․ «Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին՝ ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք, առնվազն, կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին»։ 

Ի պատասխան Փաշինյանը ասաց․ ««Ռուսական անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու։ Այստեղ որևէ սահմանափակում չկա»։

Քարոզարշավի օրերին Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ մտցրեց հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մայիսի վերջին «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարեց, որ մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվում Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ դա պատճառաբանելով բուսասանիտարական խնդիրներով։

Ռուսական սահմանափակումները տարածվեցին նաև այլ հայկական ապրանքների վրա։ Խոսքը ծաղիկների, ձկնամթերքի, մրգերի, բանջարեղենի, «Ջերմուկ»-ի, ալկոհոլային որոշ խմիչքներ մասին է։ Պաշտոնապես պատճառաբանությունը սանիտարական կամ որակական խնդիրներն էին, սակայն այս քայլերը փորձագիտական շրջանակները դիտարկում են որպես քաղաքական ճնշում Հայաստանի իշխանությունների նկատմամբ Երևանի արտաքին քաղաքական վերադասավորումների ֆոնին։

Ընտրություններից հետո Կրեմլի պահվածքն արդեն ոչ թե պարզապես զուսպ էր, այլ բացահայտ սպասողական։ Հունիսի 10-ի դրությամբ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ հրապարակային շնորհավորանք չի հղել։

Կրեմլից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահը կսպասի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքներին՝ նախքան շնորհավորելը։ Նույն տրամաբանությամբ՝ Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման հարցը նույնպես կքննարկվի միայն արդյունքների վերջնական ամփոփումից հետո, 

Այս անգամ Մոսկվայից հնչում են ոչ թե շնորհավորանքներ, այլ կասկածներ։ Ռուսաստանի պետական բյուջեից ֆինանսավորվող հեռուստաալիքներով, ինչպես նաև պաշտոնական և հանրային դեմքերի հայտարարություններում կասկածի տակ է դրվում ընտրությունների լեգիտիմությունը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մասնավորապես, հայտարարել է․

«Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրությունները ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական արդյունքները ցույց են տալիս, որ իր հաղթանակի մասին հայտարարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ: Ավելին, նախորդ ընտրական ցիկլի համեմատ, նրա աջակցությունը զգալիորեն նվազել է»։

Factor TV-ն, համադրելով պարզ թվային տվյալները, գրել է այն մասին, որ Զախարովայի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է։

Այսպիսով,  Հայաստանի ընտրությունների պատմությունը ցույց է տալիս, որ Կրեմլը միշտ չէ, որ սպասել է ԿԸՀ վերջնական արդյունքների ամփոփմանը։

2003-ին, 2008-ին, 2013-ին և 2017-ին Վլադիմիր Պուտինը Հայաստանի իշխանություններին կամ իշխող ուժի ղեկավարներին շնորհավորել է ընտրությունների հաջորդ օրը կամ անմիջապես դրանից հետո։ 2008-ին դա տեղի ունեցավ նույնիսկ հետընտրական զանգվածային բողոքների, ընտրակեղծիքների մասին հայտարարությունների և հետագա ողբերգական իրադարձությունների ֆոնին։

Փաշինյանի իշխանության տարիներին պատկերը փոխվել է։ 2018-ին շնորհավորանքը հնչեց միայն մոտ երեք շաբաթ անց՝ Մոսկվայում հանդիպման ժամանակ։ 2021-ին Պուտինը շնորհավորեց ընտրություններից չորս օր անց։ Իսկ 2026-ին՝ առնվազն հունիսի 10-ի դրությամբ, շնորհավորանք դեռ չի հնչել։ 

Եվգենյա Համբարձումյան