Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
Քաղաքականություն
27.09.2026 | 20:00
Հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է։ Ժամը 20:00-ին ընտրատեղամասերը փակվել են, և սկսվել է քվեների հաշվարկը։
Այսօր ՏԻՄ ընտրություններ էին անցկացվում Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում ավագանու ընտրություններն անցկացվում էին համամասնական, իսկ Ֆերիկում, Արզնիում և Լերմոնտովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։ Լերմոնտովոյում միաժամանակ անցկացվում էին նաև համայնքի ղեկավարի ընտրություններ։
ԿԸՀ-ի վերջին հրապարակած տվյալների համաձայն՝ ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը չորս համայնքներում կազմել էր․
Թումանյան՝ 49.31%,
Ֆերիկ՝ 46.01%,
Արզնի՝ 35.95%,
Լերմոնտովո՝ 27.94%։
Այս ընտրություններում գործել է ընտրելու իրավունքի նոր կարգավորում։ ՏԻՄ ընտրություններին կարող էին մասնակցել 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն ունեցել են առնվազն վեց ամսվա հաշվառում և քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ՝ դրան նախորդող 730 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։
Factor.am-ի ուսումնասիրությամբ՝ այս կարգավորմամբ պայմանավորված՝ չորս համայնքներում ընտրելու իրավունք ունեցողների թիվը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների թվի համեմատ նվազել էր շուրջ 20 տոկոսով։
Անի Թամրազյան

