Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
Քաղաքականություն
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում շաբաթ՝ նոյեմբերի 21-ին, կրկին բողոքի ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ թանկացման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է շուրջ 150 հազար մարդ, որոնցից 45 հազարը՝ Փարիզում, հաղորդում է AFP գործակալությունը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցուցարարների թիվը կազմել է 82 500, այդ թվում՝ 21 500-ը մայրաքաղաքում։ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ձերբակալվել է 144 մարդ։
Այդ օրը բողոքի ցույցերը հիմնականում խաղաղ են անցել, սակայն որոշ քաղաքներից անկարգությունների մասին հաղորդումներ են ստացվել։ Մասնավորապես, Մարսելում ցուցարարները հրկիզել են աղբամանները, որոնցից կրակը տարածվել է ավտոմեքենաների վրա։ Լիլում ցույցերի մասնակիցները տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Մարսելում և Լիոնում իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ ՆԳՆ-ի տեղեկություններով՝ ամբողջ երկրում կրկին ներգրավվել են 70 հազար ոստիկաններ և ժանդարմներ։
Փարիզում անցկացված երթի ժամանակ կարելի էր տեսնել արհմիությունների, ձախակողմյան կուսակցությունների և «դեղին ժիլետների» բողոքի շարժման դրոշները։ Շարժումը ձևավորվել է ուղիղ վեց տարի առաջ և այն ժամանակ զգալի ճնշում գործադրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության վրա։
«Այսօր իրավիճակն ավելի է վատթարացել»,- հայտարարել է «դեղին ժիլետների» շարժման ներկայացուցիչ Ազելմա Սինյոն։ Նա մատնանշել է ցույցերի անցկացման գործող արգելքները և ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունը։
Ֆրանսիայում բողոքի ցույցերն անցկացվում են արդեն վեցերորդ հանգստյան օրն անընդմեջ, իսկ մասնակիցների թիվը վերջին շրջանում շարունակում է նվազել։
Այսպես, նախորդ շաբաթ կազմակերպիչները հաշվարկել էին շուրջ 200 հազար ցուցարար, մինչդեռ ոստիկանության տվյալներով՝ նրանց թիվը փոքր-ինչ գերազանցել էր 100 հազարը։
Հոկտեմբերի կեսերին, կազմակերպիչների տվյալներով, փողոց էր դուրս եկել մինչև 800 հազար մարդ, իսկ իշխանությունները հայտնել էին 550 հազար ցուցարարի մասին։
Երկրում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի վերջին՝ դպրոցականների և ուսանողների ելույթներով, որոնք դժգոհ էին ուսումնական հաստատությունների վիճակից և գործունեությունից։
Այնուհետև բողոքի ակցիաներին միացել են բնակչության ավելի լայն շերտեր, որոնք մտահոգված են սոցիալական խնդիրներով, առաջին հերթին՝ կյանքի թանկացմամբ։
Ցույցերն աստիճանաբար վերածվել են անկարգությունների, արձանագրվել են նաև թալանի դեպքեր։
Ֆրանսիայում ընթացող բողոքի ցույցերը ոգեշնչել են նաև եվրոպական այլ երկրների, մասնավորապես՝ Իտալիայի, Գերմանիայի և Բելգիայի երիտասարդներին՝ նմանատիպ ակցիաներ կազմակերպելու համար։

