Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Հասարակություն
22.11.2026 | 13:13
Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։
Մասնավորապես՝
-Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արևուտ, Մեծաձոր,
-Արմավիրի մարզի Բաղրամյան, Մեծամոր,
-Գեղարքունիքի մարզի Սևան,
-Լոռու մարզի Սպիտակ,
-Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք,
-Սյունիքի մարզի Կապան,
-Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները elections.mia.gov.am հարթակում և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում (elections.am):
Քվեարկության օրվան նախորդող հինգ օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝
- հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից,
- սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում,
- հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում,
- հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն ցուցակում չեն ընդգրկվել ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը չբավարարելու հիմքով։
Ուշադրություն․ եթե համապատասխանում եք վերոնշյալ 4 հիմքերից որևէ մեկին և Ձեր անունը չեք գտել ընտրողների վերջնական ցուցակներում, ապա կարող եք դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար համապատասխան տեղեկանք ստանալու նպատակով։
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները։ Ձեր ընտրատեղամասը և ընտրատեղամասի կենտրոնի հասցեն նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ։

