Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Քաղաքականություն
22.11.2026 | 14:50
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հինգ մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է երկրամասի օպերատիվ շտաբը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Աֆիպսկի ավանում և Մեդվեդովսկայա կայարանում անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են առանձնատներ։
Նախորդ երեկոյան ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ և Supernova+ տելեգրամյան ալիքները հայտնել էին Կրասնոդարի երկրամասում գտնվող Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի և Կրասնոդարում Ռոսգվարդիայի բազայի վրա հնարավոր հարձակման մասին։
Astra պարբերականը, ուսումնասիրելով տեղեկությունները, եզրակացրել է, որ հարվածի տակ կարող էր հայտնվել Կրասնոդարի երկրամասում Ռոսգվարդիայի գլխավոր վարչության շենքը։
Ռուսաստանի իշխանությունները Կրասնոդար քաղաքում վնասների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնել։

