Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
Քաղաքականություն
21.11.2026 | 14:07
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը Ուկրաինայի համար օրինական թիրախ է, և Ռուսաստանը պետք է գիտակցի, որ չի կարող պահպանել վերահսկողությունը օկուպացված թերակղզու նկատմամբ։ NBC News-ին տված հարցազրույցում նա չի բացառել կամրջին հետագա հարվածները․ գրում է dw.com-ը։
«Պուտինը պետք է հասկանա, որ այդ կամուրջը չի պահպանվի»,- նոյեմբերի 20-ի երեկոյան ասել է Զելենսկին՝ պատասխանելով լրագրողի հարցին Ղրիմը Ռուսաստանի հետ կապող Կերչի նեղուցի կամրջի հետագա ճակատագրի մասին։
Զելենսկին ընդգծել է, որ կամրջին հասցված հարվածներն օրինական են, քանի որ թերակղզին 2014 թվականի գարնանից օկուպացված է ռուսական զորքերի կողմից։
«Սա միանգամայն օրինական թիրախ է մեզ համար, քանի որ նրանք օկուպացրել են Ղրիմը՝ մեր Ղրիմը։ Դա նրանց առաջին թիրախն էր 2014 թվականին։ Նրանք օկուպացրել են մեր տարածքը։ Այնուհետև կառուցել են այդ կամուրջը և հայտարարել, որ այն Ռուսաստանի մաս է»,- պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։
Նա հիշեցրել է, որ թերակղզու օկուպացիայից հետո Մոսկվան փոփոխություններ է կատարել իր Սահմանադրության և ներքին օրենսդրության մեջ՝ փորձելով այդ կերպ ամրագրել ուկրաինական տարածքների նկատմամբ իր իրավունքները։
Սակայն, ինչպես նշել է Զելենսկին, Ռուսաստանի այդ գործողությունները միջազգային ճանաչում չեն ստացել։
Ուկրաինայի նախագահը հասկացնել է տվել, որ Ղրիմի կամրջին հարվածները կարող են շարունակվել, իսկ Ռուսաստանը պետք է «զգա, թե ինչ է պատերազմը» և գիտակցի, որ չի կարող պահպանել վերահսկողությունը ուկրաինական թերակղզու նկատմամբ։
«Նրանք հարձակվել են մեր մի քանի օբյեկտների վրա, և, իհարկե, մենք պետք է պատասխան տայինք։ Եվ, բնականաբար, մենք հարվածել ենք Ղրիմի կամրջին։ (…) Դիվանագիտական թե ռազմական ճանապարհով՝ մենք ոչ մի դեպքում չենք հաշտվի այն փաստի հետ, որ տարածքները օկուպացված են Պուտինի և ռուսների կողմից»,- ամփոփել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մինչ օրս Ղրիմի կամուրջն օգտագործում է թերակղզի հնարավորինս մեծ քանակությամբ սպառազինություն տեղափոխելու համար։ Ուկրաինայի զինված ուժերի ամենօրյա հաղորդագրությունների համաձայն՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակումները հաճախ իրականացվում են օկուպացված Ղրիմից։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

