«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
Քաղաքականություն
17.11.2026 | 16:14
Ղրիմի կամրջին հարված է հասցվել գործողության յոթերորդ փուլում, որի նախապատրաստումը տևել է յոթ շաբաթ։ Վերջնական հարվածի համար ուկրաինացի զինվորականներն օգտագործել են տարբեր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ ՌԲԿ Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր բոլորը կարող են տեսնել Ռուսաստանի տարածքից դեպի մեր՝ ուկրաինական Ղրիմ տանող հիմնական ռազմական անցման համար ստեղծված հետևանքները»,- հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ սա գործողության յոթերորդ փուլի արդյունքն է։ Այն մշակել և համակարգել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համատեղ, իսկ իրականացումը նախապատրաստվել է մի քանի շաբաթվա ընթացքում։
Ուկրաինայի նախագահը գործողությունն անվանել է աննախադեպ և շնորհակալություն հայտնել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, Պաշտպանության ուժերի բոլոր ներգրավված ստորաբաժանումներին, պաշտպանության նախարարին, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին և Գլխավոր շտաբին։ Առանձին շնորհակալություն է հայտնել հետախուզական ծառայություններին և զենքի յուրաքանչյուր արտադրողի։
«Մեր զինվորները փուլ առ փուլ ոչնչացրել են հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադարները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և վերջնական նպատակին հասնելու ճանապարհին գտնվող այլ նախանշված օբյեկտներ»,- պատմել է Զելենսկին։
Նրա տվյալներով՝ այս գործողության ընթացքում օգտագործվել են Dovbush, Վենդետա, Da Vinci, Январь, MICH 2000, Ruta, Պալյանիցա, Ан-197, FP-1, FP-5 «Ֆլամինգո» և Р-360 «Նեպտուն» անօդաչու սարքերն ու հրթիռները։ Նրա խոսքով՝ վճռորոշ փուլում անթերի են գործել «Պալյանիցա» անօդաչու սարքերը։ Դրանք խոցել են կամրջի ավտոմոբիլային հատվածը։ Երկաթուղային հատվածին հարվածել են «Նեպտուն» հրթիռները, ինչպես նաև Ruta և FP-5 անօդաչու սարքերը։
«Մենք բազմիցս Ռուսաստանին առաջարկել ենք ապաէսկալացիայի քայլեր, սակայն բոլոր առաջարկներին ի պատասխան՝ լսել ենք միայն կտրական մերժումներ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Նա պատմել է, որ Ռուսաստանն ամեն օր հարվածներ է հասցնում ուկրաինական ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ Զապորոժիեի, Դնեպրի, Կիևի և Օդեսայի մարզի կամուրջներին։
«Մենք վերականգնում ենք մեր ենթակառուցվածքները։ Բայց նաև հիշեցնում ենք Ռուսաստանին, որ պատերազմը միշտ վերադառնալու է այնտեղ, որտեղից սկսվել է։ Ուկրաինայի պաշտպանական ներուժը կա և բարձր մակարդակի վրա կմնա, և մենք երբեք անպատասխան չենք թողնի մեր քաղաքների ու մարդկանց դեմ իրականացվող ահաբեկչությունը»,- եզրափակել է նա։
Նոյեմբերի լույս 17-ի գիշերը Ուկրաինան երկրորդ անընդմեջ հարվածն է հասցրել Ղրիմի կամրջին։ Ուկրաինական ալիքների հրապարակած լուսանկարներից և տեսանյութերից հետևում է, որ կամրջի կամարներից մեկը փլուզվել և ընկել է ջուրը։ Կամրջով երթևեկությունը դադարեցված է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

