Իրանը կարող է հակազդել ԱՄՆ ցամաքային ներխուժմանը. Արաղչի
Քաղաքականություն
06.03.2026 | 10:05
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ամերիկյան զորքերի ցամաքային ներխուժմանը, մինչ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից սկսված պատերազմն արագ տարածվել է տարածաշրջանում: Միաժամանակ, նա հրաժարվել է ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություններից՝ հայտարարելով, որ Իրանը հրադադարի խնդրանք չի ներկայացրել։ Այս մասին նա ասել է NBC Nightly News-ի հաղորդավար Թոմ Լյամասի հետ տեսազրույցում։
Նրա մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը շաբաթ օրը լայնածավալ հարձակում սկսեցին Իրանի վրա, որի հետևանքով սպանվեց երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին։
Հարցին՝ արդյո՞ք Իրանը վախենում է ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային ներխուժումից, Արաղչին պատասխանել է․ «Ո՛չ, մենք սպասում ենք նրանց։ Մենք վստահ ենք, որ կարող ենք դիմակայել, և դա մեծ աղետ կլինի նրանց համար»։
Արաղչին նաև ասել է, որ Իրանը հրադադար չի խնդրել՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի ամբողջ տարածքին հասցված հարվածներին։
«Մենք նախորդ անգամ ևս հրադադար չենք խնդրել։ Նախորդ անգամ հրադադար խնդրել է Իսրայելը։ Նրանք 12 օր տևած մեր դիմադրության արդյունքում անվերապահ հրադադար խնդրեցին»,- պնդել է Արաղչին՝ նկատի ունենալով անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմը։
Հարցին՝ արդյո՞ք Մինաբի դպրոցի վրա հարձակումը, որի հետևանքով տասնյակ դպրոցականներ են զոհվել, կարող էր Իրանի կողմից զինամթերքի սխալ օգտագործման հետևանք լինել, Արաղչին պատասխանել է, որ հարձակման ժամանակ զոհվել է 171 երեխա, և որ դրա պատասխանատուն ամերիկյան և իսրայելական զինվորականներն են։
«Սա է մեր զինվորականների ասածը։ Այսինքն՝ կա՛մ ԱՄՆ-ն է, կա՛մ Իսրայելը։ Ի՞նչ տարբերություն»,- հավելել է իրանցի պաշտոնյան։
Անցյալ հինգշաբթի Արաղչին Ժնևում բանակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված հնարավոր գործարքի շուրջ։ Արաղչին ասել է՝ անցյալ շաբաթվանից ի վեր որևէ շփում չի ունեցել Ուիթկոֆի կամ Քուշների հետ։
«Փաստն այն է, որ մենք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների որևէ դրական փորձ չունենք, հատկապես՝ այս վարչակազմի հետ։ Մենք երկու անգամ բանակցել ենք անցյալ տարի և այս տարի, իսկ հետո բանակցությունների կեսին նրանք հարձակվել են մեզ վրա։ Այսպիսով, մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու պետք է կրկին շփվենք նրանց հետ, ովքեր ազնիվ չեն բանակցությունների մեջ, և բանակցությունների չեն գալիս բարի կամքով»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Արաղչին մռայլ կանխատեսում ունի ներկայիս հակամարտության արդյունքի վերաբերյալ։
«Այս պատերազմում հաղթող չկա։ Մեր հաղթանակն այն է, որ կարող ենք դիմադրել անօրինական նպատակներին, և սա է այն, ինչ մենք մինչ այժմ արել ենք»,- շեշտել է նա։
Ինչ վերաբերում է որպես սպանված Ալի Խամենեիի իրավահաջորդ նրա որդու՝ Մոջթաբա Խամենեիի ընտրությանը, Արաղչին ասել է, որ գոյություն ունի սահմանադրական գործընթաց՝ երկրի գերագույն առաջնորդի իրավահաջորդությունը որոշելու համար։
«Շատ խոսակցություններ կան, բայց պետք է սպասենք, որ Փորձագետների ժողովն ընտրի նոր գերագույն առաջնորդին», – ասել է Արաղչին՝ նշելով, որ գործընթացը կարող է ավելի երկար տևել շարունակվող հակամարտության պատճառով։
Փորձագետների ժողովը 88 տեղանոց իրանական կառավարական մարմին է, որին հանձնարարված է ընտրել գերագույն առաջնորդին։
Ինչ վերաբերում է Axios-ի հրապարակմանը, որ Թրամփը հայտարարել է, թե ինքը պետք է ներգրավվի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրությանը, Արաղչին հայտարարել է․ «Դա բացարձակապես իրանցի ժողովրդի գործն է, և ոչ ոք չի կարող միջամտել»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի