ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց

Լուրեր

27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 12 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

G7-ի արագ արձագանքման մեխանիզմը (Rapid Response Mechanism – RRM) զեկույց է հրապարակել Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեղ մշտադիտարկման վերաբերյալ, որը հրապարակել է Կանադայի կառավարությունը։ Զեկույցի հաշվետու ժամանակահատվածն է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 10-ը։

Նշվում է, որ 2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին նախորդող ամիսներին երկրի տեղեկատվական միջավայրը պարբերաբար թիրախավորվել է Ռուսաստանի հետ կապ ունեցող պետական կառույցների և պետական ֆինանսավորմամբ գործող դերակատարների կողմից իրականացվող՝ տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) գործողությունների միջոցով։ Ընդգծվում է, որ այս զեկույցի նպատակն է ներկայացնել G7-ի արագ արձագանքման մեխանիզմի (G7 RRM) դիտարկումների ընդհանուր պատկերը՝ բարձրացնելու իրազեկվածությունը և ամրապնդելու հասարակության դիմակայունությունը։

Ըստ զեկույցի՝ մեծ հավանականությամբ՝ տեղեկատվական մանիպուլյացիայի մի շարք հայտնի ցանցեր (IMS) և չարամիտ դերակատարներ փորձել են վարկաբեկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Դա արվել է նաև Հայաստանի ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը խաթարելու միջոցով՝ տարածելով պնդումներ լայնածավալ ընտրակեղծիքների և Եվրամիության (ԵՄ) կողմից արտաքին միջամտության մասին, ինչպես նաև Ռուսաստանը ներկայացնելով որպես Հայաստանի համար ավելի նախընտրելի դաշնակից։

Քանի որ Ռուսաստանի հետ կապ ունեցող դերակատարներն ակտիվացրել են առցանց ենթակառուցվածքների և տեղեկատվական մանիպուլյացիայի հայտնի ցանցերի օգտագործումը՝ Հայաստանի և արևմտյան լսարաններին թիրախավորելու նպատակով, G7-ի արագ արձագանքման մեխանիզմի մի շարք գործընկերներ միավորել են ջանքերը՝ մշտադիտարկելու Հայաստանի տեղեկատվական տարածքի դեմ ուղղված արտաքին տեղեկատվական սպառնալիքները 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Զեկույցում ներկայացված են G7-ի արագ արձագանքման մեխանիզմի դիտարկումները,  հիմնական արձանագրումներն են՝

-Հայաստանի և 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների դեմ ուղղված տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության (FIMI) ավելի քան 174 նյութ։ Դրանք կապվել են Ռուսաստանի պետական կառույցների հետ առնչվող՝ Storm-1516, Operation Overload և Portal Kombat տեղեկատվական մանիպուլյացիայի ցանցերի հետ։ Նյութերի մեծ մասում Փաշինյանը ներկայացվել է որպես կոռումպացված գործիչ, որը գործում է Հայաստանի ինքնիշխանության դեմ, իսկ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխավոր։

-Կեղծված նյութերի լայն շրջանակ։ Դրանց թվում եղել են պաշտոնական հայտարարությունների և մամուլի հաղորդագրությունների կեղծված տարբերակներ, կեղծ հետաքննություններ, զրպարտչական մեղադրանքներ, համատեքստից կտրված կամ այլ անձանց վերագրված տեսանյութեր, ինչպես նաև թերթերի կեղծ շապիկներ։ Այս նյութերից շատերում օգտագործվել են, հավանաբար, արհեստական բանականության միջոցով ստեղծված կամ այլ կերպ մանիպուլացված բովանդակություն։

-Տեղեկատվական մանիպուլյացիայի ցանցերի նյութերի տարածում և առաջմղում։ Դա հիմնականում նկատվել է X և Telegram հարթակներում, սակայն դրանց տարածման ընդլայնում է արձանագրվել նաև TikTok-ում, Facebook-ում, Bluesky-ում և Instagram-ում։

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ

Դերակատարներ, ցանցեր և հարթակներ

Storm-1516

Ռուսաստանի պետական կառույցների հետ կապ ունեցող Storm-1516 տեղեկատվական մանիպուլյացիայի ցանցը գործում է 2023 թվականից։ Այն հայտնի է արևմտամետ առաջնորդների դեմ ուղղված կեղծ նարատիվներ տարածելու և ուժեղացնելու նպատակով տեսանյութեր ու կեղծ լրատվական կայքեր ստեղծելով։ Այս բովանդակությունը տարածվում է X հարթակի ստուգված հաշիվների հայտնի ցանցի միջոցով։ Ֆրանսիայի VIGINUM գործակալության գնահատմամբ՝ այդ հաշիվների վարողները վարձատրվում են Storm-1516-ի նյութերը տարածելու համար։

2026 թվականի հունվարից հունիս G7-ի արագ արձագանքման մեխանիզմի գործընկերները հայտնաբերել են 17 դեպք, որոնք, հավանաբար, կապված են Storm-1516-ի հետ։ Գնահատվում է, որ այդ նյութերը X հարթակում ընդհանուր առմամբ ունեցել են ավելի քան 200 միլիոն դիտում։ Սակայն հստակ չէ, թե դրանցից քանիսն են իրական օգտատերերի դիտումները, և քանիսն են ստացվել ոչ իսկական ակտիվության արդյունքում։ Միևնույն ժամանակ, քիչ հավանական է, որ այդ նյութերը հասած լինեն Հայաստանի ներքին լսարանի զգալի մասին։

Հավանաբար, Storm-1516-ի նպատակն էր խաթարել Հայաստանի ընտրական գործընթացի և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը՝ ընտրությունների շուրջ կոռուպցիայի մեղադրանքներ տարածելու և պնդելու միջոցով, թե Փաշինյանն ընդունում է որոշումներ, որոնք հակասում են, ինչպես ներկայացվում է, հայկական «արժեքներին և ազգային ինքնությանը»։ Որպես նման օրինակներ՝ զեկույցում նշվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված վճարների չեղարկումը, իսլամի պաշտպանությանն ուղղված օրինագծի ներկայացումը և ԼԳԲՏՔ+ համայնքի շքերթին աջակցությունը։

Բազմաթիվ դեպքերում այդ պատմությունները տարածվել են ծայրահեղական կամ սահմանափակ լսարան ունեցող լրատվամիջոցների միջոցով։ Արձանագրվել է նաև առնվազն չորս դեպք, երբ Հայաստանին թիրախավորող պնդումները սկզբնապես տարածվել են կեղծ լրատվական էջերում։

Operation Overload

Ռուսաստանի պետական կառույցների հետ կապ ունեցող Operation Overload տեղեկատվական մանիպուլյացիայի ցանցը, որը հայտնի է նաև Matryoshka՝ Մատրյոշկա  անվամբ, սովորաբար գործում է X հարթակում՝ համակարգված ոչ իսկական վարքագծի (CIB) ցանցերի միջոցով։ Այն տարածում է կարճ տեսանյութեր, որոնք ներկայացվում են որպես իրական լրատվամիջոցների հրապարակումներ և շահարկում տարբեր տեղեկատվական թեզեր։ Դիտարկվող ժամանակահատվածում G7-ի արագ արձագանքման մեխանիզմի գործընկերները հայտնաբերել են առնվազն 131 դեպք, որոնք, մեծ հավանականությամբ, կապված են Operation Overload-ի հետ։ Այդ հրապարակումները նմանակել են իրական լրատվամիջոցների նյութերը, այդ թվում՝ Euronews-ի, France 24-ի, BMF-ի և հայկական տեղական լրատվական կայքերի հրապարակումները։

Տեսանյութերը, հավանաբար, իրական օգտատերերի կողմից քիչ արձագանք են ստացել։ Հարթակների մոդերատորները տեսանյութերից մի քանիսը հեռացրել են հրապարակումից կարճ ժամանակ անց, իսկ հայկական լրատվամիջոցները դրանք գրեթե չեն տարածել կամ ընդհանրապես չեն անդրադարձել դրանց։

Operation Overload-ի տեսանյութերը հիմնականում նպատակ են ունեցել վարկաբեկել Փաշինյանին և նրա կուսակցությանը, տարածել ընտրակեղծիքների մասին պնդումներ և բացասական լույսի ներքո ներկայացնել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։

Portal Kombat

Portal Kombat-ը, որը հայտնի է նաև Pravda ցանց անվամբ, Ռուսաստանի պետական կառույցների հետ կապ ունեցող՝ համակարգված տեղեկատվական մանիպուլյացիայի ցանց է (IMS)։ Այն ներառում է առնվազն 193 կայք, որոնք տարբեր լեզուներով հավաքում և տարածում են ռուսամետ բովանդակություն։

Portal Kombat-ը թիրախավորել է հայաստանյան լսարանը հատուկ՝ armenia․pravda-news.com դոմենի միջոցով, որը բովանդակություն է հրապարակում ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն։ Այս գործունեությունը, հավանաբար, իրական օգտատերերի կողմից մեծ արձագանք չի ստացել։Թեև հաշվետու ժամանակահատվածում տարածված պատմություններն ու հոդվածները տարբեր թեմաներ են ընդգրկել, նշված կայքը ռուսամետ դիրքերից տարածել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին վերաբերող նյութեր։ Դրանց թվում էին ընտրակեղծիքների մասին պնդումները և Հայաստանի իշխանություններին ուղղված մեղադրանքները՝ քաղաքական ընդդիմությանը ճնշելու վերաբերյալ։

Բացի այդ, Portal Kombat-ի հետ կապված բազմաթիվ այլ բազմալեզու դոմեններ, որոնք թիրախավորում են անգլախոս, ռուսախոս, ֆրանսախոս և այլ լսարաններ, նույնպես տարածել են Կրեմլին աջակցող բովանդակություն՝ ուղղված Հայաստանի ընտրությունների շուրջ տեղեկատվական դաշտի վրա ազդելուն։

«Անարդարության դեմ պայքարի հիմնադրամ» (Foundation to Battle Injustice)

«Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (R-FBI) կազմակերպություն է, որը կապվում է ռուսական վնասակար ազդեցության գործողությունների հետ առնչվող՝ հանգուցյալ Եվգենի Պրիգոժինի հետ։ Կազմակերպությունը պարբերաբար հրապարակում է կեղծ հետաքննություններ, որոնք հիմնականում ներկայացվում են տեսանյութերի կամ ծավալուն հոդվածների տեսքով։ G7-ի արագ արձագանքման մեխանիզմի գործընկերները պարզել են, որ R-FBI-ն իր կայքում հրապարակել է 16 հոդված։ Դրանցում տարածվել են իրականությանը չհամապատասխանող պնդումներ, որոնք հիմնականում ուղղված էին Հայաստանի իշխանությունների դեմ։

Մասնավորապես, հոդվածներում պնդվում էր, թե Նիկոլ Փաշինյանը ընտրություններին ընդառաջ «լռեցնում է ընդդիմության ձայները» և կազմակերպում է «օրգանների համար սև շուկա», որի շրջանակում կառավարությունը Հայաստանի քաղաքացիների «մարմնի մասերը» վաճառում է Ֆրանսիային՝ «փոխպատվաստումների համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի