Թրամփը ցանկանում է մեկ միլիարդ դոլար երկրներից՝ իր ստեղծած Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար

Լուրեր

18.01.2026 | 17:17
Bild. Գերմանացի զինվորականները վաղաժամ և «առանց բացատրությունների» լքել են Գրենլանդիան
18.01.2026 | 16:33
Մենք վստահ քայլերով շարժվում ենք միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ․ ՀՖՖ նախագահի ուղերձը
18.01.2026 | 16:17
Կյանքից հեռացել է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը
18.01.2026 | 15:52
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում
18.01.2026 | 15:30
Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI-ի և Microsoft-ի դեմ՝ պահանջելով մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում
18.01.2026 | 15:00
WP․ Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններին ուղարկել Մինեսոտա
18.01.2026 | 14:06
Թրամփը ցանկանում է մեկ միլիարդ դոլար երկրներից՝ իր ստեղծած Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար
18.01.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին կնվազի 7-10 աստիճանով
18.01.2026 | 13:25
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
18.01.2026 | 13:09
Նույն ընտանիքից զորակոչվեցին երկու ժամկետային զինծառայող՝ իգական և արական սեռի
18.01.2026 | 12:49
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է
18.01.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզում
18.01.2026 | 11:10
ԵՄ երկրների դեսպանները հավաքվում են արտակարգ նիստի․ պատճառը Թրամփի հայտարարությունն է
18.01.2026 | 10:59
Թրամփը հայտարարել է Եվրոպայի ութ երկրների համար 10% մաքսատուրքի սահմանման մասին՝ Գրենլանդիայի պատճառով
18.01.2026 | 10:13
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
Բոլորը

Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջում է առնվազն մեկ միլիարդ դոլարի ներդրում այն երկրներից, որոնք ցանկանում են ստանալ մշտական տեղ նոր միջազգային մարմնում, որը կոչվելու է «Խաղաղության խորհուրդ» (Board of Peace)։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով խորհրդի կանոնադրության նախագծին։

Խաղաղության խորհրդի ստեղծումը քննարկվում է Գազայի հատվածում հրադադարի հաստատումից ի վեր։ Այդ ժամանակ Թրամփի ծրագիրը նախատեսում էր, որ զինադադարի երկրորդ փուլում Գազայի կառավարման համար կստեղծվի ժամանակավոր պաղեստինյան կոմիտե, որը հաշվետու կլինի Խաղաղության խորհրդին՝ հատուկ միջազգային մարմնին, որի ղեկավարն ինքը՝ Թրամփն է լինելու։

Խաղաղության խորհրդի կանոնադրության նախագծում, որին ծանոթացել է Bloomberg-ը, նշվում է, որ յուրաքանչյուր հրավիրված երկիր խորհրդում կարող է անդամակցել առավելագույնը երեք տարի՝ անդամակցության պահից։ Սակայն այդ սահմանափակումը չի վերաբերում այն երկրներին, որոնք առաջին տարվա ընթացքում խորհրդի դրամական ֆոնդում կվճարեն ավելի քան մեկ միլիարդ դոլար։

Ամերիկացի պաշտոնյան լրագրողներին հաստատել է, որ թեև Խաղաղության խորհրդին կարելի է միանալ անվճար, մեկ միլիարդ դոլարի ներդրումը երաշխավորում է մշտական անդամակցություն։ Bloomberg-ի աղբյուրի խոսքով՝ այդ միջոցները կուղղվեն խորհրդի մանդատի իրականացմանը՝ Գազայի վերականգնմանը։ Նրա խոսքով՝ Խաղաղության խորհուրդը կապահովի, որ «գրեթե յուրաքանչյուր հավաքագրված դոլար» օգտագործվի նպատակային։

Խաղաղության խորհրդի առաջին նախագահը կլինի հենց Թրամփը։ Նա անձամբ է որոշելու, թե ում հրավիրել խորհրդի կազմ, գրում է Bloomberg-ը։ Որոշումները կընդունվեն ձայների մեծամասնությամբ (մեկ երկիր՝ մեկ ձայն), սակայն դրանք բոլորը ենթակա կլինեն նախագահի հաստատմանը։ Խորհուրդը քվեարկություններ կանցկացնի առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև «լրացուցիչ ժամկետներում և այն վայրերում, որոնք նախագահը կհամարի նպատակահարմար»։ Օրակարգը նույնպես կհաստատի նախագահը։ Բացի այդ, Թրամփը կունենա խորհրդի անդամներին հեռացնելու իրավունք, եթե այդ որոշումը չարգելափակվի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ, նշվում է կանոնադրությունում։

Փաստաթղթում Խաղաղության խորհուրդը նկարագրվում է որպես «միջազգային կազմակերպություն, որը ձգտում է նպաստել կայունությանը, վերականգնել վստահելի և օրինական կառավարումը և ապահովել տևական խաղաղություն այն տարածքներում, որոնք տուժել են հակամարտություններից կամ գտնվում են դրանց սպառնալիքի տակ»։ Թրամփի քննադատները, ինչպես նշում է Bloomberg-ը, մտահոգված են, որ ԱՄՆ նախագահը փորձում է ստեղծել ՄԱԿ-ին այլընտրանք կամ մրցակից, որով նա վաղուց դժգոհ է։ Մի քանի երկրներ վճռականորեն դեմ են Թրամփի կանոնադրության նախագծին և աշխատում են այդ առաջարկներին համատեղ պատասխան մշակելու ուղղությամբ, գրում է Bloomberg-ը՝ չնշելով, թե որ երկրներն են դրանք։

Հունվարի 16-ին Սպիտակ տունը հայտարարեց Գազայի կառավարման գործադիր խորհրդի կազմը (այն կձևավորվի նոր Խաղաղության խորհրդի ավելի լայն կառուցվածքի շրջանակում)։ Այդ մարմնի կազմում ընդգրկվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մերձավոր Արևելքի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։

Խորհրդի կազմում ընդգրկվելու հրավեր են ստացել նաև այլ համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Reuters-ի չորս աղբյուրների տվյալներով՝ հրավիրված են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրալիայի ղեկավարները։ Եվրամիությունը, ինչպես գրում է գործակալությունը, կներկայացնի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրան ուղղված նամակում նշվում է, որ Խաղաղության խորհուրդը «Թրամփ-ՄԱԿ» է, որը «անտեսում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմքերը», հավելել է աղբյուրներից մեկը։

Բացի այդ, Սպիտակ տունը հրապարակել է Գազայի առանձին գործադիր խորհրդի անդամների ցուցակը, որը զբաղվելու է Գազայում օպերատիվ կառավարմամբ (Gaza Executive Board)։ Այդ մարմնում ընդգրկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Քաթարի բարձրաստիճան դիվանագետ Ալի Թավադին, Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Ռաշադը և ևս ութ անձ, այդ թվում՝ Ուիթքոֆը, Քուշները և Բլերը։ Գազայի գործադիր խորհրդի փաստացի գլխավոր տնօրենը (և բարձրագույն կառույցի հետ կապող օղակը) կլինի ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի նախկին հատուկ ներկայացուցիչը Բուլղարիայից՝ Նիկոլայ Մլադենովը։

Իսրայելում Թրամփի ծրագրերը քննադատության են ենթարկվել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում հայտարարել են, որ Խաղաղության խորհրդին ենթակա գործադիր խորհրդի կազմի մասին հայտարարությունը «չի համաձայնեցվել Իսրայելի հետ և հակասում է նրա քաղաքականությանը»։ Նեթանյահուն հանձնարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարին այդ հարցով կապ հաստատել ԱՄՆ պետքարտուղարի հետ։

Axios-ի տվյալներով՝ Թրամփը ցանկանում է Գազայի հարցով Խաղաղության խորհրդի աշխատանքը սկսել արդեն հաջորդ շաբաթ՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում, որը տեղի կունենա հունվարի 19-ից 23-ը։