Չեխիան գնում է դեպի կանաչ ապագա, իսկ մենք դեռ մտորում ենք

Լուրեր

05.12.2025 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.12.2025 | 09:26
Դատարանը քննում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը. ՈՒՂԻՂ
04.12.2025 | 23:29
Թուրքիայում լրագրողին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության հետ կապված հոդվածով
04.12.2025 | 23:18
Հնդկաստանը 2 միլիարդ դոլարով վարձակալության կվերցնի ռուսական միջուկային սուզանավը. Bloomberg
04.12.2025 | 23:10
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատական նիստը 
04.12.2025 | 23:04
Միրզոյանը և Դոութին քննարկել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
04.12.2025 | 22:59
Եվրոպան չի վստահում ԱՄՆ-ին Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցում. Der Spiegel
04.12.2025 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէնրգիայի անջատումներ կլինեն
04.12.2025 | 22:35
The New York Times-ը դատի կտա Պենտագոնին՝ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների համար
04.12.2025 | 22:24
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին
04.12.2025 | 22:12
Միրզոյանը Հադադի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները
04.12.2025 | 22:07
«88» սուպերմարկետների ցանցը չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ. ընկերությունը՝ Աննա Հակոբյանի շուրջ աղմուկի մասին
04.12.2025 | 22:00
UFC-ն շարունակում է «պատժել» Արման Ծառուկյանին․ Հակոբ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.12.2025 | 21:51
Ռուսաստանում արգելափակվել է FaceTime-ը
04.12.2025 | 21:40
Բացարձակ մերժելի ու դատապարտելի է․ Լևոն Բարսեղյանը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին
Բոլորը

«Չեխոսլովակիայի բանակի հանքը» ČSA, նկարը Միլոս Զիհլաի

 Մինչ Հայաստանում քաղհասարակությունը պայքարում է պատասխանատու հանքարդյունաբերության համար, իսկ հանքերին հարող բնակավայրերի մեծ մասը  ճգնաժամի մեջ է (գործազրկություն, արտագաղթ), Չեխիայի հանքարդյունաբերական շրջաններում «ոչ» են ասել շահագործմանը և ընտրել կանաչ զարգացման ուղի։ Հայաստանի համայնքներում տեղական իշխանությունը շարունակում է աջակցել արդյունահանողներին, իսկ ոլորտի տարբեր ընկերություններ երկրաբանական ուսումնասիրություններ անելու, նոր հանքավայրեր շահագործելու կամ եղածներն ընդլայնելու հայտեր են ներկայացնում։ Այս պատկերը Չեխիայի համար, կարելի է ասել, անցյալի պատմություն է, դառը փորձ, որից էլ սկիզբ է առել զարգացումը։

Վերջ հանքերին՝ մինչև 2033-ը

Այս ամռանը Չեխիայի հանրապետությունը հայտարարեց մինչև 2033-ը ածխի արդյունահանումից հրաժարվելու մասին և որ շագանակագույն ածխի վերջին՝ «Բիլինա» հանքավայրում, մինչև նշված ժամկետը արդյունահանումը կդադարեցվի։ Այսպիսով, Չեխիան ոչ միայն կփակի ածխային դարաշրջանի էջը, այլև բրածո վառելիքից կանցնի վերականգնվող էներգիայի վրա հիմնված տնտեսության։

Պետական մակարդակով ածխից հրաժարվելու գործընթացներն ընթանում են ողջ Եվրոպայում։ Կլիմայի փոփոխությունը մեղմելու և տնտեսապես բարգավաճելու նպատակով Եվրոպական միությունը ընթանում է այս հավակնոտ ուղիով, որի սկիզբը նշանավորեց 2015-ի Փարիզի կլիմայական համաձայնագիրը ։ Դրան հաջորդեց ԵՄ «Կանաչ գործարք»-ը, որի նպատակն է մինչև 2050-ը հասնել կլիմայական չեզոքության և է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գի դեկարբոնիզացիայի (ածխաթթու գազի (CO2) արտանետումների նվազման)։

Սա էլ իր հերթին նշանակում է, որ ԵՄ աստիճանաբար կդադարեցնի էներգետիկ ոլորտում բրածո վառելիքի սպառումը և դրանից տարբեր ոլորտների կախվածությունը: Չեխիան եվրոպական 22-րդ երկիրն է, որ ածխարդյունաբերությունից հրաժարվելու կոնկրետ ժամկետներ է սահմանել և պաշտոնապես հայտարարել այդ մասին։ Թեև 2033-ը երեք տարով գերազանցում է Փարիզյան կլիմայական համաձայնագրի հետ համատեղելի ամսաթիվը։

Եվ մինչ միջազգային ու տեղական կազմակերպությունները քննադատում են Չեխիայի կառավարության՝ «Բիլինա» հանքի շահագործման ժամկետները երկարացնելու որոշումն ու բարձրաձայնում վտանգների մասին, «կանաչներն» ու նրանց համախոհները հանքարդյունաբերության ավարտն են «տոնում» երկրի ամենամեծ հանքավայրում՝ «Չեխոսլովակիայի բանակի հանքավայրում» (ČSA), ինչը պատմական իրադարձություն են համարում։

Հանքը՝ բնության հուշարձան

Բոհեմիայի թագավորության ամենամեծ լիճը՝ Կոմոժանսկեն (5600 հա), որ 19-րդ դարի վերջում արհեստականորեն չորացվել ու հանքավայր էր դարձել, հիմա նորից ջրով է լցվում։ Տասնհինգ տարի անց՝ ռեկուլտիվացիայի ծրագրի վերջնական ավարտից հետո, այն լինելու է երկրի ածխարդյունաբերական  տարածաշրջաններից մեկի՝ Ուստի նադ Լաբեմի արհեստական վեց լճերից մեկը։

 ČSA հանքի մի հատվածը լիճ է դառնալու, նկարը Կարել Օտցովսկիի

«Հեդվիկա», «Նախագահ Ռուզվելտի հանք» և «Չեխոսլովակիայի բանակային հանք» (ČSA) անուններով հայտնի հսկա տարածքը գտնվում է Մոստի ավազանում՝ Հորնի Յիրժետին, Յիրկով, Խոմուտով և Մոստ քաղաքների միջև։

Շագանակագույն ածխի արդյունահանում այստեղ սկսվել է դեռ 1901-ին։ Փոքր հանքերը տասնամյակների ընթացքում միավորվել և վերածվել են հանքարդյունաբերական հսկայի։ Հանքավայրն մատակարարել է «Էրվիենիցե» էլեկտրակայանին, վերջինն էլ էլեկտրաէներգիա՝ Պրահային և հարակից շրջաններին։ 2012-ից արդյունահանման ծավալները նվազել, իսկ կառավարության կողմից հանքի գործունեության վերջնաժամկետ է սահմանվել այս տարեվերջը։

ČSA հանքի միակ և վերջին շահառուն Լիխտեշտեյնի “Sev.en Energy AG”-ի մաս կազմող “Sev.en Česká energie” (Սեվըն Չեսկա էներգիա) ընկերությունների խումբն է, որի կենտրոնական՝ Severní energetická (Սեվերնի էներգետիցկա) ընկերությունն էլ կառավարում է հանքը։ Հոկտեմբերին այն մամլո հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ տարածքը պատրաստ է վերականգնման վերջնական փուլին։

Եթե արգելքներ չդրվեին, հանքի շահագործումը, ըստ ընկերության, հնարավոր էր շարունակել ևս մեկ դար։ Թվերից զատ սա նշանակում է, որ ևս մի տասնյակ բնակավայրեր (Հորնի Յիրժետին, Չերնիցե, Լիտվինով) հանքի տակ կանցնեին։

Ռեկուլտիվացման ծրագրի շրջանակում մինչև այսօր վերականգնվել է 2800 հա հողատարածք, ևս 1200-ը լցվելու է հողով, 500-ը՝ ջրով։ Մելիորատիվ լիճը մասամբ օգտագործվելու է հանգստի, բայց հիմնականում՝ էներգիայի համար։ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ հանք» ռազմավարական նախագծով ջրի մակերեսին կտեղադրվեն լողացող արևային վահանակներ՝ կանաչ ջրածնի արտադրության կայանով։

Մասնագետները խորհուրդ են տալիս հանքի տարածքի 20 տոկոսն ամբողջությամբ թողնել բնությանը, որ լիճը հետագայում բնական ճանապարհով լցվի։ Դիտակետեր, արահետներ, հեծանվային երթուղիներ, ածխային սաֆարի․ սրանք զբոսաշրջության զարգացմանն ուղղված ապագայի ծրագրերն են այս տարածքում, որը հոկտեմբերին Շրջակա միջավայրի նախարարությունը ճանաչել է որպես բնության հուշարձան:

Պայքարի խրոնիկա․ փոքր բնակավայրերն ընդդեմ հսկա հանքերի

Մայրաքաղաք Պրահայից 90 կմ հեռու՝ Չեխիայի հյուսիսում է գտնվում բնապահպանական պայքարի խորհրդանիշ դարձած Հորնի Յիրժետինը։ Այն ČSA-ին հարող փոքր քաղաքներից մեկն է՝ 2200 բնակչով։ Հյուսիսային Բոհեմիայի մի քանի տասնյակ բնակավայրերի նման այն նույնպես հանքի տակ թաղված կլիներ, եթե չլինեին այստեղ ապրող մարդկանց և տեղական իշխանության երկարատև, համառ պայքարն ու կառավարության շրջադարձային որոշումը։

1991-ի աշնանը Չեխիայի (նախկինում՝ Չեխոսլովակիայի դաշնային շրջան) վարչապետ Պետր Պիտհարտի կառավարությունը «գիծ է քաշում» քարտեզի վրա՝ արգելելով հսկա էքսկավատորների մուտքը Հորնի Յիրժետինի տարածք։

Սահմանափակումը պայմանավորված էր հանքարդյունաբերության հետևանքով շրջակա միջավայրի աղտոտման, սոցիալական խորը ճգնաժամի և մարդկանց կյանքի՝ օր օրի վատթարացման հանգամանքով, ինչը պլանավորողների՝ Հյուսիսային Բոհեմիայի ամբողջ ավազանն ածխային դարձնելու լայնամասշտաբ ծրագրի նպատակն էր։ Կումունիստական կառավարությունը ամեն գնով գնում էր ածխի պաշարների առավելագույն արդյունահանման։

Հորնի Յիրժետինում մարդիկ տասնամյակներ շարունակ ապրել են իրենց հայրական տները, արմատների հետ կապը կորցնելու վախով։ Հատկապես 1970-80-ականնները  ներկայացվում է որպես «անորոշության և լճացման շրջան»։  Հանքարդյունաբերությունն այդ ժամանակ զանգվածային բնույթ էր կրում, իսկ շինարարության, վերակառուցման ու վերանորոգման ցանկացած ծրագիր դադարեցված․ հանքի կողքին չէր կարող լինել զարգացում։

Հետագայում կառավարության «գծած» սահմաններն էլ հուսադրող չէին տեղական իշխանությունների համար։ Մտավախություն կար, որ ածուխն ի վերջո հաղթելու է մաքուր միջավայրին։ Անհանգստությունն այդ շրջանում պայմանավորված էր Լիբկովիցե գյուղի ճակատագրով։ Չնայած սահմանափակումներն անխտիր բոլոր բնակավայրերն էին պաշտպանում հանքերի ընդլայնումից, 1992-ի ձմռանը Լիբկովիցեն քանդվում է մեկ այլ հանքի՝ «Բիլինա»-ի  ընդլայնման նպատակով։

Ամիսներ տևած զանգվածային բողոքի ցույցերը, տեղացիների՝ «սեփական մարմնով» գյուղը շրջափակելը և նույնիսկ նախագահ Վացլավ Հավելի աջակցությունն այս շարժմանը չեն փրկում բնակավայրը ոչնչացումից։

 Լիբկովիցե, Իբրա Իբրահիմովիչ․ Greenpeace

Լիբկովիցեն ածխի արդյունահանմանը զոհ գնացած վերջին չեխական գյուղն էր, որի քանդման թույլտվությունը տրվել էր Թավշյա հեղափոխությունից առաջ։ Իսկ դրան նախորդել էին Հյուսիսային Բոհեմիայի մոտ հարյուր համայնքների, այդ թվում՝պատմական Մոստ քաղաքի ավերածությունները, մոտ 200 հազար բնակիչների հարկադիր վերաբնակեցումը։

Ավիրված Լիբկովիցեի տարածքում ածխի արդյունահանում թեև այդպես էլ չի իրականացվում, բայց քաղաքացիական պայքարն ու գյուղի ոչնչացումը նախադեպ են դառնում, որ ժողովրդավարական երկրում այլևս բնակավայրեր չքանդվեն։ Չեխիան դառնում է Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ արգելվում է տների բռնագրավումը հանքային ռեսուրսների արդյունահանման համար։

«Լիբկովիցեն կլինի վերջին բնակավայրը, որը կվերանա ածխի արդյունահանման նպատակով»․ Չեխիայի իշխանություններն այս խոստումը հնչեցնում են որպես ուղերձ՝ անցյալի էջը փակելու և տնտեսական նոր քաղաքականություն սկսելու։

Սակայն 2000-ականների և դրան հաջորդած տարիների ճգնաժամերը (էներգետիկ, տնտեսական) ստիպում են, որ իշխանությունները կրկին խոսեն հանքերի ընդլայնման մասին։ Օրակարգ է մտնում «երկրի ծայրամասում սահմանները վերանայելու» հարցը։

Հենց այդ ժամանակ էլ սկսվում է Հորնի Յիրժետինի պայքարը։ Քաղաքապետ Վլադիմիր Բուրտի և հարյուրավոր մարդկանց՝ տեղի բնակիչների, ուսանողների, ակտիվիստների և բնապահպանների մասնակցությամբ բողոքի զանգվածային ցույցեր են իրականացվում։ Յիրժետինում, Լիտվինովում և ընդհանրապես Չեխիայում ակտիվանում են «կանաչ շարժումները» (Greenpeace Česko, Ծիածան/Hnutí DUHA, Սահմանները մենք ենք/Limity jsme my)։

2006-ի գարնանը այստեղ և հանքին հարող մյուս բնակավայրերում անցկացված հանրաքվեում բնակիչների մեծ մասը դեմ է արտահայտվում ածխային սահմանների ընդլայնմանը, ինչը ուղիղ սպառնալիք էր Հորնի Յիրժետինի մասնակի կամ ամբողջական քանդմանը։ Սակայն թե՛ հանրաքվեի արդյունքները և թե՛ քաղաքային ընտրություններում ակտիվիստների հաղթանակը որևէ ազդեցություն չեն ունենում մարզային խորհրդի և կառավարության՝ հանքը ընդլայնելու և նոր պաշարներ արդյունահանելու հետագա որոշումների վրա։

2010 և 2014-ի մունիցիպալ ընտրություններում հաղթում են սահմանափակումների խախտմանը դեմ կուսակցությունները («Կանաչներ»,  «ՉԺԿ», «Լիբերալ-պահպանողական կուսակցություն»), ինչը արտահայտում էր մարդկանց հակահանքային դիրքորոշումը և մի իրողություն, որ արդյունաբերական ավանդույթներով տարածաշրջանում նույնպես կարող է ձևավորվել բնապահպանական գիտակցություն և կամք՝ ազդելու քաղաքական որոշումների վրա։

Այդ տարիներին կառավարության՝ հանքերի տարածքները ընդլայնելու բոլոր քննարկումներն ուղեկցվում են զանգվածային բողոքներով։ Հորնի Յիրժետինը դիմակայում է նաև հանքագործների՝ հանրության կարծիքի վրա ազդելու ճնշումներին, քաղաքում անշարժ գույք գնելու, քաղաքային խորհուրդը տապալելու բազմաթիվ փորձերին։ Գնալով պարզորոշ է դառնում, որ Յիրժետինն ու քաղաքի մաս կազմող Չերնիցեն չեն քանդվելու։ Ավելին՝ քաղաքը զարգանալու էր։

«Սահմանները մենք ենք»

2015-ը նույնպես նշանավորվում է բուռն իրադարձություններով՝ խաղաղ ցույցերից մինչև քաղաքացիական նոր շարժումների ձևավորում։ «Սահմանները մենք ենք» նախաձեռնությունը կարճ ժամանակահատվածում միավորում է հանքերին մոտ տարածքներում (Հորնի Յիժետին, Չերնիցե, Լիտվինով, Կարվինա, Բեսկիդի) ապրող հազարավոր մարդկանց։

Նույն տարում հրապարակվում են նաև հեղինակավոր Ipsos գործակալության՝ “Greenpeace”-ի պատվերով արված հարցումների արդյունքը, ինչն էլ ամբողջացնում է պատկերը՝ չեխերի 70 տոկոսը դեմ է արտահայտվում բնակավայրերը ածխի համար քանդելուն։

Ի վերջո, Չեխիայի կառավարությունը Բոհուսլավ Սոբոտկայի գլխավորությամբ որոշում է ընդլայնել միայն «Բիլինա» հանքավայրը՝ առանց ներառելու բնակելի հատվածներ։ Իսկ ČSA հանքի սահմանները մնում են անփոփոխ։ Այս որոշումն ընդունվում է որպես բնապահպանական շարժման մեծ հաղթանակ։ Հորնի Յիրժետինի պայքարը դառնում է Չեխիայի «կանաչ անցման» քաղաքականության հիմքերից մեկը։

Մարդկային առողջությունը հանքերի ներքո

Չեխիան թեև հանքարդյունաբերության վերջին տասնամյակն է «ապրում», շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա հանքերի ազդեցության հետևանքները կմնան երկար տարիներ։ Ըստ մասնագետների՝ հանքարդյունաբերության ընթացքում մեծ քանակությամբ փոշի և թունավոր նյութեր են արտանետվում օդ, այդ թվում՝ ծծումբ, ազոտի օքսիդ, ծանր մետաղներ և օդային մասնիկներ, որոնցից էլ առաջանում են քրոնիկ շնչառական հիվանդությունները (ասթմա, բրոնխիտ), սրտանոթային հիվանդությունների և թոքերի քաղցկեղի ռիսկի բարձրացումը: Իսկ երկարատև ազդեցությունը հանգեցնում է իմունային համակարգի թուլացման, ինչը մեծացնում է վարակների և ալերգիաների նկատմամբ զգայունությունը:

Ամենաանբարենպաստը համարվում է Ուստի նադ Լաբեմի շրջանը, որտեղ գտնվում են դարչնագույն ածխի խոշորագույն բաց հանքավայրերը՝ ČSA ու «Բիլինան»։ Մանկական մահացություն, թոքերի քաղցկեղից մահացության բարձր մակարդակ։ Մասնագետները բարձրաձայնում են նաև հնարավոր գենետիկ փոփոխությունները, երբ հիվանդությունը կարող է փոխանցվել հաջորդ սերնդին, բայց արտահայտվել կյանքի ավելի ուշ շրջանում։ Այստեղ և՛ տղամարդկանց, և՛ կանանց կյանքի միջին տևողությունը մշտապես ամենացածր ցուցանիշն է եղել Չեխիայում:

2017-ին «Շագանակագույն ածխի արդյունահանման ազդեցությունը Հյուսիսային Բոհեմիայի (Չեխիա) շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա» ծավալուն հետազոտություն է հրապարակել Ուստի նադ Լաբեմի Յ․Ե․Պուրկինեի համալսարանը։ Հեղինակները մանրամասն ներկայացնում են հանքերի ազդեցության ծանր հետևանքները շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա՝ տարբեր տարիքային խմբերի մոտ հիվանդությունների առաջացման, զարգացման դինամիկան, նաև՝ հանքարդյունաբերության դադարից հետո նոր առաջացող հիվանդություններն ու դրանց ազդեցությունը օրգանիզմի վրա։

Մեկ այլ հետազոտություն, որն իրականացվել է Չեխիայի Հանրային առողջության ազգային ինստիտուտի, Օստրավայի երկու համալսարանների կողմից անդրադառնում է սև ածխի վնասակար ազդեցությանը։ Թիրախում Մորավիա-Սիլեզյան տարածաշրջանն է։ Եթե դարչնագույն ածխի արդյունահանման բաց եղանակը ուղիղ սպառնալիք է թե՛ հանքագործների և թե՛ հանքերին մոտ բնակավայրերում ապրող մարդկանց համար, ապա սև ածխի փակ եղանակի դեպքում վտանգները կրում են հիմնականում  հանքերում աշխատող մարդիկ։ Իսկ առաջին տեղում շնչառական հիվանդություններն ու թոքերի քաղցկեղն են։

Դարչնագույնից՝ կանաչ ապագա

Հորնի Յիրժետինն այսօր կայուն զարգացող քաղաք է, որտեղ բնակավայրի «առողջացման» ծրագրեր են իրականացվում թե՛ պետության և թե՛ հանքարդյունաբերող ընկերության կողմից։ Բնապահպանությունն ու կանաչ ապագան սահմանված են որպես առաջնահերթություն քաղաքի զարգացման ռազմավարության մեջ։

 Հորնի Յիրժետին, նկարը Միլոս Զիհլաի

Ենթակառուցվածքների բարելավմանը զուգահեռ նաև էներգարդյունավետությանը ուղղված նախագծեր են իրականացվում։ Վերջին տարիներին վարչական շենքերի վրա տեղադրվել են փոքր հզորության ֆոտովոլտային համակարգեր։ Եվրոպական հանձնաժողովի «Արդար անցման» (Just Transition Fund) և «Շրջակա միջավայր» OPŽP գործառնական ծրագրերի միջոցով արևային վահանակներ են տեղադրվել մանկապարտեզի և դպրոցի շենքերի վրա։ Գործընթացը ավարտին կհասնի մինչև 2027-ը։ Քաղաքը նաև Չեխիայի «Էներգետիկ արդիականացում» ծրագրի շահառու է, ինչը հնարավորություն է օգտվելու տարբեր սուբսիդիաներից։

«Քաղաքն անճանաչելիորեն փոխվել է։ Գրեթե բոլոր ենթակառուցվածքները՝ էլեկտրիֆիկացման համակարգը, ճանապարհները, կրթական հաստատությունների շենքերն ամբողջությամբ վերանորոգվել են։ Կոյուղու նոր համակարգ և կեղտաջրերի մաքրման նոր կայան է կառուցվել։ Արդիականացվել է բնակֆոնդը, քաղաքում արդեն մոտ 100 նոր տներ կան, տարեցների համար նոր համայնքային կենտրոն է կառուցվում։ Ավերված երկաթուղային կայարանի տեղում հիմա հյուրանոց է գործում։ Մեզ համար առաջնահերթ է վերականգնվող էներգիայի օգտագործումը, ինչի հետ կապված աշխատանքներ ընթացքի մեջ են», – պատմում է Հորնի Յիրժետինի քաղաքապետ Վլադիմիր Բուրտը։

«Կանաչների» կուսակցության անդամ, հանքերի դեմ պայքարի առաջամարտիկ Բուրտը նշում է, որ ինչպես սահմանափակումների խախտման դեմ տասնամյակների իրենց պայքարում, այնպես էլ դեպի կանաչ տնտեսություն անցման ճանապարհին Հորնի Յիրժետինը «զարգացող ածխե շրջանի» և ամբողջ Չեխիայի համար օրինակ է դառնալու։

Ի դեպ․ հոկտեմբերին Չեխիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Կանաչները» 15 տարվա ընդմիջումից հետո կրկին անցան խորհրդարան։ 200 մանդատից երկուսը ստացան մարդու և թվային իրավունքների փորձագետները։  Ընտրություններից հետո նրանք հայտարարեցին, որ իրենց հաղթանակը միայն քաղաքական հաջողություն չէր, այլ վերադարձ խորհրդարան՝ պաշտպանելու շրջակա միջավայրը, էներգետիկ ոլորտի արդիականացումը, մարդու իրավունքներն ու հավասարությունը․ «Մենք ցանկանում ենք լինել նրանց ձայնը, ովքեր ուզում են արդար, կանաչ և ժողովրդավարական Չեխիա»։

«Կարևորը տնտեսական արդյունքներն են»

43-ամյա Պետր Գլոբոչնիկը «կանաչներից» է՝ Լիտվինովի տեղական խմբի նախագահը։ Ըստ Պետրի՝ տասնամյակների ընթացքում հանքարդյունաբերության պատկերը Չեխիայում փոխվել է ոչ միայն համառ պայքարի, այլև երկրի համար ածխի արդյունահանման՝ նվազ շահավետ լինելու պատճառով։ Նաև գտնում է, որ որևէ բան փոխելու համար զուտ հասարակական գործունեությունը բավական չէ, պետք է մտնել քաղաքականություն։

«Եթե նախկինում հանքերում հազարավոր աշխատողներ էին անհրաժեշտ, այսօր հսկայական տեխնիկայով ընդամենը հինգ մարդ կարող է մի ամբողջ լեռ հանել։

Այսինքն՝ մասսայական աշխատատեղերի մասին խոսելը պարզապես պատրվակ է։ «Կառավարության համար կարևորը տնտեսական արդյունքներն են», – նշում է Գլոբոչնիկը։

Ինչ վերաբերում է անցումային ժամանակաշրջանը հաղթահարելուն ուղղված ներդրումներին, ապա այս հարցում էլ, Գլոբոչնիկի դիտարկմամբ, չկա հստակ մշակված ռազմավարություն։ Կան մեծ ներդրումներ, որոնք դեռևս մաքսիմալ արդյունավետ չեն։

«Մենք գտնվում ենք վերափոխման փուլում։ Մեր տարածաշրջանին Եվրոպական ֆոնդերը տրամադրում են միջոցներ, և, օրինակ, “Seven Energy”-ն, որ հանքավայրում վերականգնման աշխատանքներ է իրականացնում, փորձում էր հողը վերականգնել, բայց նաև գումարներ խնայել։ Մի խոսքով՝ պայքարը դեռ շարունակվում է, քանի որ ներդրողները մասամբ կապ չունեն տարածաշրջանի հետ. նրանք պարզապես շահագործում են հանքերը, ստանում շահույթը, լքում տարածքը», – ասում է Գլոբոչնիկը։

2019-ից Պետրը իր ընտանիքի հետ իրականացնում է ևս մի՝ Libuše (Լիբուշե) նախագիծը։ Այն տուն-կենտրոն է քաղաքիի մոռացված մի թաղամասում՝ Յանովում։ Համայնքային աշխատանքների միջոցով փորձում է աջակցել բնակիչներին սոցիալական մեկուսացումից և պայմաններ ստեղծել, որպեսզի տեղերում մարդիկ սկսեն ինքնուրույն լուծել իրենց խնդիրները։ 1990-ականների տնտեսական և սոցիալական կոլապսի հետևանքով Լիտվինովի բնակչության պատկերն այսօր խիստ փոխված է։

«Լիտվինովը մոտ 22 հազար բնակիչ ունի։ Կրթված, միջին խավի ու բարեկեցիկ ընտանիքները հեռացել են, նրանց փոխարինել են սոցիալապես անապահով մարդիկ այլ վայրերից, որոնք շարունակում են բախվել տնտեսական, առողջապահական ու այլ խնդիրների։ Քաղաքի բնակչության կառուցվածքն բալանսավորված չէ, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ դժվարությունների։ Իսկ մշակույթի և ստեղծագործական կյանքի հնարավորությունները սակավ են։

Մորավիա-Սիլեզյան տարածաշրջանն արտագաղթի տեմպերով ու ծերացող բնակչությամբ առաջին տեղն է զբաղեցնում Չեխիայում։ Մարդիկ տեղափոխվում են Պրահա կամ այլ քաղաքներ, Եվրոպայի այլ երկրներ, քանզի հանքարդյունաբերության դադարից հետո որակյալ կրթության ու աշխատանքի հնարավորությունները այստեղ քիչ են։ Հատկապես երիտասարդները մեկնում ու չեն վերադառնում:

Լեհաստանին սահմանակից այս երկրամասը նախկինում էլ խիտ բնակչություն չի ունեցել։ Հանքերի շահագործմանը զուգահեռ այստեղ հաստատվել են մարդիկ ոչ միայն հարևան քաղաքներից, այլև Լեհաստանից ու սահմանամերձ այլ վայրերից։ Միգրացիան երբևէ չի դադարել, իսկ տարածաշրջանը զարգացել է բացառապես հանքերի հաշվին։

Լրագրող Ադելա Գայդիցովան ծնունդով այստեղից է, աշխատանքի բերումով ապրում է Բռնոյում։ Պատմում է, որ վերջերս կանաչ փոխակերպմանը վերաբերող մի նախագծի վրա աշխատելիս հանդիպել ու զրուցել է տարբեր մարդկանց հետ, փորձել հասկանալ խնդիրները հետարդյունաբերական շրջանում։

«Անցյալի մասին խոսելը մարդկանց մոտ բարդ և հակասական զգացմունքներ է առաջացնում։ Ռեգիոնը զարգացել ածխի արդյունահանման շնորհիվ, ու շատերի, հատկապես տղամարդկանց համար թանկ հիշողություն է։ Եվ երբ հանքերը փակվեցին, իրենք շատ բան կորցրին։ Բայց կան նաև մարդիկ, որոնք իրենց առողջությունն են քայքայել այդ հանքերում կամ աղետների պատճառով կորցրել իրենց հարազատին։ Ոմանք էլ ստիպված են եղել լքել իրենց տները և այդ հիշողությամբ են ապրում։ Նույնիսկ այսօր սա շատ զգայուն թեմա է տեղացիների համար», – պատմում է Ադելան։

Մորավիա-Սիլեզյան մարզում ածխի՝ դեռևս շահագործվող միակ հանքավայրը  կփակվի այս տարեվերջին։ Արդյունահանման հետ կապված շղթայի գործարանները, որոնք ածուխ էին օգտագործում էներգիա և պողպատ արտադրելու համար նույնպես կդադարեն գործելուց։ Մեղմելու անցումային շրջանի սոցիալ-տնտեսական և բնապահպանական մարտահրավերները, վերընշված Արդար Անցման Հիմնադրամը ներդրումներ է կատարում առավել տուժած՝ Մորավիա-Սիլեզյան, Ուստի նադ Լաբեմ և Կարլովարսկի շրջաններում։

Ծրագրերը միտված են նոր աշխատատեղեր ստեղծելու, հանրային ծառայությունները բարելավելու, հանքարդյունաբերության հետևանքով տուժած լանդշաֆտները վերականգնելու, ածխագործների վերապատրաստման և կանաչ ձեռներեցությանը։ Քաղաքապետարանները նաև հնարավորություն ունեն դիմելու դրամաշնորհների՝ տնտեսության ոլորտները զարգացնելու նպատակով, ինչպես օրինակ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլն։

Այդ ներդրումները թեև միտված են Հյուսիսային Բոհեմիայի ավազանը կայուն և բարգավաճ տարածաշրջան դարձնելուն, սակայն կարծիքներ կան, որ հիմնադրամի միջոցների բաշխումը առավել թափանցիկ չէ։ Որոշ նախագծերում նախապատվություն է տրվում «խոշոր խաղացողներին»։ Հանրության սահմանափակ ներգրավվածությունը բերում է նրան, որ որոշումները հաճախ չեն արտացոլում տուժած համայնքների իրական կարիքները։

«Որոշ ծրագրեր իսկապես արդյունավետ են, որոշներն էլ՝ ոչ։ Մարդկանց հետ կապի բացակայություն կա, ու ծրագրերը չեն լուծում իրենց իրական կարիքները։ Օրինակ՝ համալսարանները փորձում են նոր մասնագիտություններ ներդնել, հատկապես ՏՏ ոլորտում, ստեղծել տեխնոլոգիական և բիզնես ծրագրեր ուսանողների համար, որպեսզի երիտասարդներին պահեն տարածաշրջանում։ Բայց միայն կրթության նորարարությունը բավարար չէ, պետք է համապատասխան աշխատատեղեր բացվեն։ Խնդիրը դեռևս առկա է՝ բնակչությունը ծերանում է, ու մարդիկ շարունակում են հեռանալ», – տեղական մակարդակում ծրագրերի իրականացման խնդիրներն է ներկայացնում Ադելա Գայդիցովան։

Անցումային փուլում պետություն-հասարակություն հարաբերություններն էլ, լրագրողի գնահատմամբ, բավականին բարդ են, քանզի չկա ոլորտից վերջնականապես հրաժարվելու միահամուռ ըմբռնում։ Թե՛ հանրությունը և թե՛ իշխանությունները, ըստ Ադելայի, կարծես երկու մասի են բաժանված․ մարդկանց զգալի մասը, որտեղ հանքարդյունահանումը դեռ շարունակվում է, աշխատում են այդ հանքերում և չեն ուզում կորցնել աշխատանքը, իսկ մյուսները պայքարում կամ հեռանում են։

Կառավարությունը դեռևս դանդաղեցնում է հանքարդյունաբերությունից հրաժարվելու գործընթացը, մյուս կողմից էլ Եվրամիության հետ կնքված համաձայնագրերը պարտավորեցնում են քայլեր ձեռնարկելու, պարզաբանում է Գայդիցովան, ով նաև չեխական «Նեսեհնուտի» NESEHNUTÍ կ սոցիալ-էկոլոգիական կազմակերպությունում է աշխատում և ոլորտի մի շարք խնդիրներ դիտարկում է «ներսից»։

Անսխալ փորձի փոխանակում

NESEHNUTÍ-ն, որն արդեն 30 տարի զբաղվում է մարդու իրավունքների, բնության և կենդանիների պաշտպանությամբ, համագործակցում և ծրագրեր է իրականացնում Հայաստանում մարդու իրավունքների, բնապահպանության ու  հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներով զբաղվող «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ։

Ամռանը NESEHNUTÍ-ի փորձագետները Լոռու մարզում էին՝ իրենց փորձը փոխանցելու «Էկոակտիվիզմի ակադեմիա» կրթական ծրագրի մասնակիցներին։ Սա Համայնքային համախմբման ՀԿ-ի նոր նախագիծն է, որի նպատակն է ներգրավել մարդկանց սոցիալ-բնապահպանական խնդիրների և համայնքների զարգացման գործընթացներում, համախմբել և ձևավորել ակտիվիստների ցանց։

ՀԿ-ի թիմը արդեն երկրորդ անգամ է այցելում Չեխիայի նախկին ու ներկա հանքերին ազդակիր բնակավայրեր՝ Օստրավա, Լիտվինով, Հորնի Յիրժետին։ Հանդիպում են տեղական իշխանության, ակտիվիստների և փորձագետների հետ քննարկելու անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները։ Այս ծրագրով,  Չեխիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, Հայաստանյան մասնակիցները արդեն իսկ իրականացնում են տարբեր նախաձենություններ՝ ուղված համայնքների այլընտրանքային զարգացմանն։

«Մեր հերթական այցն էր՝ ուսումնասիրելու չեխական փորձը, թե ինչպես են, օրինակ, տեղական ՀԿ-ները կամ անհատ ակտիվիստները համագործակցում շահագրգիռ կողմերի, իշխանությունների հետ, և առհասարակ ինչպես են գործում համայնքային մակարդակում։ Կամ, ասենք, կանաչ զարգացման առումով ինչ նոր այլընտրանքներ են առաջարկվում», – պատմում է Համայնքային համախմբման ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Չեխիայում նրանք այցելել են «տեսարժան վայրերի փոխակերպված» նախկին գործարաններ (Վիտկովիցեի մետաղի գործարան), հանքերի գործունեության հետևանքով վտանգված, ապա՝ զբոսաշրջային վայր դարձած բնական տարածքներ (Հադի լեռ), կրթական կենտրոններ։

Օլեգ Դուլգարյան, իրավապաշտպան-բնապահպան

Մինչ Չեխիայում հասարակությունը սպասում է վերջին հանքավայրի փակմանը,  իսկ Եվրոպական միությունը պարտավորեցնում՝ հրաժարվել ածխից և ներդրումներն ուղղել միայն կանաչ, կայուն զարգացմանը, Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունները նոր հանքերի շահագործման հայտ են ներկայացնում կառավարությանը՝ «մշուշելով» կանաչ զարգացման հեռանկարը։ Չեխիայում հանքերի դեմ բուռն պայքարն գրեթե անցյալում է, իսկ Հայաստանում «մարդկանց գիտակցությունը փոխելու, տեղեկացված լինելու գործընթացը նոր է սկսվում»։

Օլեգ Դուլգարյան, իրավապաշտպան-բնապահպան 

Լեռնաջուր․ կանաչ զարգացման հայկական մոդե՞լ

2023-ի ամռանը Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի ավագանին Լեռնաջուր գյուղը «կանաչ գոտի» հռչակելու և մաքուր մեղր արտադրող մեղվապարկ հիմնելու ծրագիր է հաստատել, ինչը ենթադրում է, որ այս տարածքում չի թույլատրվում զբաղվել հանքարդյունաբերությամբ,  թունաքիմիկատների օգտագործում, կենսաբազմազանության խաթարում, ռադիոալիքների գերխտացում և այլն։ Ավագանու որոշումը, սակայն, «ոչինչ չի ասել» հանքարդյունահանողներին․ ամիսներ անց եկել են, տեսել ու համոզվել, որ իրենց և տեղաբնակների շահերը չեն համընկնում։

Լեռնաջուրը փոքր բնակավայր է՝ մարզկենտրոն Վանաձորից 8կմ դեպի հարավ-արևմուտք,  Փամբակի վտակ Լեռնաջուրի ափին։ Տեղացիներն իրենց գյուղը բնապահպանական բարձր արժեք ներկայացնող տարածք են համարում և ասում, որ հանքերի շահագործումը չի բխում գործող տնտեսությունների շահերից։ Իսկ վարչական ղեկավարը պատրաստ է ընդունելու ցանկացած ներդրողի, միայն թե ծրագրերը համահունչ լինեն գյուղի զարգացման իրենց նախանշած ուղղություններին (օրգանական մեղվապահություն, անասնապահություն, զբոսաշրջություն)։

Վերջաբանի փոխարեն։ Փորձեցի ներկայացնել Չեխիայի փորձառությունը՝ առանց վարդագույն շպարի։ Հորնի Յիրժետինի և Լիտվինովի օրինակները բավական ցայտուն են իրենց ձեռքբերումներով և խնդիրների կծիկով։ Մի տեղ անցյալի ինտենսիվ տնտեսության հետևանքները քիչ թե շատ արագ են հաղթահարել, մյուսում դեռ երկար կպայքարեն կանաչ զարգացման  հասնելու համար։ Չեխիայի հետարդյունաբերական տարածքներում զարգացման ճանապարհները տարբեր են, կախված անցյալի ժառանգությունից՝ հազարավոր հեկտարներով հանքի տարա՞ծք, թե՞, մետաղաձուլարան կամ այլ գործարան։ Կարևորը՝ ամենուր պայքարի և վերափոխման կամք կա, մարդիկ դեռ բողոքում են, պահանջում։ Այսպես է ձևավորվում ակտիվ համայնքը, որտեղ վարչական ղեկավարները իրենց գյուղացու կամ քաղաքացու կողքին են։ Քաղաքակիրթ տնտեսությունն էլ է այսպես կառուցվում։

Իսկ հայ-չեխական համագործակցությունը ոգևորող և լավ հնարավորություն է ՝ փորձելու սովորել «ուրիշի» սխալների վրա։ Այդ դեպքում Լեռանջուրի մոդելը կընդօրինակեն նաև այլ համայնքներ։ Մնում է՝ պետությունը հստակ մոտեցում և ռազմավարություն ունենա, որ հանքերի փոշին չփակի «կանաչ ճանապարհը»։

 

Տաթևիկ Ճուղուրյան

 

Սույն հոդվածը հրապարակվել է «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ։