Արցախի հարցով բանակցային փաթեթը հրապարակելու որոշումը Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո՞ է կայացվել

Լուրեր

12.01.2026 | 01:05
«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» ու դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2026 | 23:59
Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը
11.01.2026 | 21:12
ԱՄՆ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա պատասխան հարձակման. Իրանի խորհրդարանի խոսնակ
11.01.2026 | 20:30
Ահազանգ է ստացվել, որ մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել
11.01.2026 | 20:24
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.01.2026 | 19:41
Թրամփը Կուբային կոչ է արել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ «քանի դեռ ուշ չէ»
11.01.2026 | 19:02
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
11.01.2026 | 18:11
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է
11.01.2026 | 17:35
Ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
11.01.2026 | 17:07
Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ ՔԿԾ
11.01.2026 | 16:35
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին
11.01.2026 | 16:19
ԱՄՆ-ը կհանեն Վենեսուելայի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ՝ նավթի վաճառքը հեշտացնելու համար․ ԱՄՆ ֆինանսների նախարար
11.01.2026 | 15:28
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ
11.01.2026 | 14:33
Վթարային ջրանջատում Լոռիում և Արմավիրում
11.01.2026 | 14:25
Instagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes
Բոլորը

Արցախի հարցով բանակցային բոլոր փաստաթղթերը հրապարակելու վերաբերյալ որոշումը կառավարության ղեկավարը, ամենայն հավանականությամբ, կայացրել է Սերժ Սագսյանի հարցազրույցից հետո։

Մինչև հարցազրույցի հրապարակումը Factor TV-ն հարցում էր ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով հայտնել՝ արդյոք ավարտվել է Արցախի հարցով բանակցային գործընթացի վերաբերյալ փաթեթի հավաքագրումը, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի օրը՝ նոյեմբերի 7-ին, հայտնել են, որ դիտարկվում է դրանց հրապարակման նպատակահարմարությունը։ Այսինքն՝ մինչև հարցացրույցը դեռևս որոշում կայացված չի եղել փաստաթղթերը հրապարակելու վերաբերյալ, սակայն ժամեր անց, երբ արդեն հարցազրույցը հրապարակվել է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ հրապարակվելու է փաթեթը։

Հիշեցնենք, որ 2025-ի  հունվարի 7-ին, ի պատասխան բանակցային փաստաթղթերի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցման, Փաշինյանի աշխատակազմից հայտնել էին․ 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել-չհրապարակելու մասին»։ 

Մինչ այդ՝  2024 թվականի դեկտեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակում էր արել այն մասին, որ 1994 թվականից ի վեր, այսինքն բանակցային գործընթացի մեկնարկի պահից՝ բանակցությունները եղել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: «Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»։ 

Փաշինյանը նաև Հայաստանի երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին է պարբերաբար հրավիրում բանավեճի, սակայն երեք նախագահներն էլ հրաժարվում են նրա հետ բանավիճել։ 

2024-ի դեկտեմբերի 25-ին  Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշիյանին կոչ արեց բանավեճի փոխարեն հրապարակել Արցախի հարցով բանակցային բոլոր փաստաթղթերը։ 

«Եթե ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ՝  հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»,- նշել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

2025-ի փետրվարին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձավ Արցախի հարցով բանակցային փաստաթղթերին՝ պնդելով, որ բանակցային փաստաթղթերից հրապարկված չեն միայն երկուսը՝ Քի Վեսթը և 2019-ի փաստաթուղթը, այսինքն՝ այն ժամանակաշրջանի, երբ Փաշինյանն արդեն Հայաստանի վարչապետն էր։

«Մադրիդյան սկզբունքները հրապարակված են, Կազանի փաստաթուղթը, որքանով հիշում եմ, հրապարակված է։ Երկու փաստաթուղթ չի հրապարակված, 2019 թվականի առաջարկը, որն այս իշխանությունը թաքցրել է ժողովրդից, չէր ուզում ընդհանրապես խոսել այդ առաջարկի մասին, բայց այն եղել է ընդունելի առաջարկ։ Հրապարակված չէ նաև Քի Վեսթի առաջարկը։ Թող հրապարակեն։ Ի՞նչ են ասում․ ասում են՝ իրենք ունեն,թող իրենք հրապարակեն։ Բայց 2008 թվականին իմ մտքով չէր անցնում, որ այսպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, որ գան, ասեն՝  Քի Վեսթ, էս եք քննարկել, էն եք քննարկել։ Ես փաստաթղթերը ճամպրուկով տուն չեմ տարել, համարել եմ, որ  պետություն կա»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը։ 

Մարտի 26-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից կրկին երեք նախագահներին բանավեճի հրավիրեց՝ այս անգամ սպառնալով բանավեճի դեպքում նրանց «պատերով տալ»։ «Երեք հատ մտքի տիտան ա… բոլորն ասում են՝ «մենք իրա հետ բանավիճելու բան չունենք»: Հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին ղրգում են ասուլիսներ տալու: Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընգեք տեղներդ, ձեններդ կտրեք: Եթե բանավիճում եք, եկեք խոսանք: Ես ասում եմ ՝ ես ձեզ պատերով կտամ, և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ, երեքիդ էլ վերաբերում է, ես ձեզ ոտքի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ: Եվ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր Փաշինյանը։ 

Այս հայտարարություններին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից արձագանքեցին այս կերպ․ «Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը երեկ խղճուկ կապիտուլյացիայի ենթարկվեց նաև բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում։ Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը»։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն էլ Facebook-ի իր էջում Փաշինյանի մասին գրել էր․ «Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին, բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը»:

Հունիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում Սերժ Սարգսյանը կրկին անդրադարձել էր բանակցային գործընթացին՝ կոչ անելով հրապարակել 2019-ի փաստաթուղթը։ «Մենք շատ հստակ ասել ենք․ թող ինքը հրապարակի համանախագահների կողմից առաջարկված վերջին փաստաթուղթը, մենք մեր կարծիքը կասենք»,- ասել էր Սերժ Սարգսյանը։ 

Նա անդրադարձել էր նաև իր ղեկավարման օրոք շրջանառության մեջ դրված, այսպես ասած, Լավրովի պլանին՝ նշելով, թե այդպիսի պլան գոյություն չի ունեցել։ «Լավրովի պլանը, որպես այդպիսին,  լրագրողների  և նախկին ընդդիմության կողմից  հնարված եզրույթ է, այդպիսի պլան չի եղել։ Համանախագահները, անկախ նրանից՝ դա Ռուսաստանի ներկայացուցիչ էր, Ֆրանսիայի, թե Միացյալ Նահանգների, միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթուղթ։ Հարցը լուծվում էր հետևյալ կերպ․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությամբ, որն ուներ պարտադիր իրավական ուժ։ Մենք Ադրբեջանին էինք վերադարձնում 7 շրջաններից 5-ը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ խաղաղապահ ուժեր էին գալիս, և, կախված նրանից, թե ինչպիսի տեմպերով և երբ կորշվեր  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, կորոշվեր նաև մյուս երկու շրջանների ճակատագիրը»,- ասել էր Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ ինքը Արցախի հարցում երբևէ «ոչմիթիզականության» գաղափարի կրողը չի եղել։ 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 2019-ի փաստաթղթին, Ազգային ժողովում հայտարարել էր, որ այն, ինչ 2019-ին դրվել է սեղանին, իրենից առաջ եղած բանակցությունների արդյունքն է։ 

«Ես 2019 թվին ասել եմ շատ հստակ բան․ այն, ինչ 19 թվականի հունիսին դրվել է սեղանին, ես 2019թ. հունիսին դեռ որևէ մեկի հետ որևէ բան բանակցած չեմ եղել։ Ես չեմ խոսել, ընդհանրապես այդ թեմայի մասին ոչ մեկի հետ: Այն, ինչ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ եղած բանակցությունների արդյունքն է, ամփոփումն է։ Այդ թղթի վերևում  էլ գրված էր՝ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները»,– ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ ինքը երբևէ Հայաստանի Հանրապետության նախագահ երբեք չի եղել։ 

Փաշինյանը նաև հայտարարել էր, որ բանակցային փաստաթղթերը «ցաքուցրիվ» են։ «Ձեզ չթվա, որ կա բանակցությունների՝ ինստիտուցիոնալացված 1-ին հատոր, 2-րդ հատոր։ Մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը  «կոնդիցիաների» միջից ենք հանում, մի հատը մասնավոր անձ է տալիս։ Դուք թողե՞լ եք մի տեղ, դարակում դրած, որ դրած լիներ՝ կասեինք վերցրեք, ձեզ ենք տալիս։ Չկա՛ համակարգված մի տեղ դրած, ցաքուցրիվ է, բայց դա մեկ ա, հրապարակվելու է»,- ասել էր Փաշինյանը։ 

Հայաստանի նախկին և ներկա ղեկավարների միջև այս անվերջանալի հեռակա բանավեճից հետո  Factor TV-ն հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ պարզելու համար, թե արդյոք «սառնարանի ոտքի տակ», «կոնդիցիաների մեջ» և այլ անձանց ձեռքում գտնվող փաստաթղթերի հավաքագրման աշխատանքներն ավարտվե՞լ են։ Հունիսին ի պատասխան մեր հարցման հայտնել էին, թե փաստաթղթերի հավաքման աշխատանքները շարունակվում են։

Եվս մեկ հարցում ուղարկել էինք հոկտեմբերին՝ ԱԳՆ-ին խնդրելով հայտնել․

  • Արդյոք ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ 2025-ի տարեսկզբին սկսված Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրումը։
  • Դրական պատասխանի դեպքում խնդրում եմ տրամադրել այդ փաստաթղթերը։
  • Բացասական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել, թե ինչո՞ւ վարչապետի հանձնարարականից 10 ամիս անց դեռեւս հավաքված չեն փաստաթղթերը։
  • Խնդրել ենք տրանադրել նաև 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ի վեր Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի միչև խաղաղության պայմանագիրն արդեն նախաստորագրված է, և, ըստ էության, առկա չեն կողմերի միջև բանակցային գործընթացում հրապարակման ոչ ենթակա հանգամանքներ։

Ի պատասխան այս հարցերի՝ Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են․ 

«Ձեր կողմից հիշատակված փաստաթղթերի հավաքագրման աշխատանքներն ամփոփվում են, դրանց հրապարակման նպատակահարմարությունը դիտարկվում է։ Զարգացումների վերաբերյալ հանրությունը պատշաճ կիրազեկվի»։

Հարցման պատասխանը էլեկտրոնային փոստով ստացել ենք նոյեմբերի 7-ին՝ ժամը 19։30-ին։ Այսինքն՝ այդ պահի դրությամբ դեռևս ԱԳՆ-ն հստակ որոշում չի ունեցել բանակցային փաստաթղթերի  փաթեթը հրապարակելու վերաբերյալ։ Դրանից երկուսուկես ժամ անց սկսվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Իմնեմնինի» փոդքաստի շրջանակներում, որտեղ ի թիվս այլ հարցերի, Սերժ Սարգսյանը խոսել է բանակցային գործընթացի մասին և հայտնել, որ 2019-ին Արցախի վերաբերյալ հայանպաստ առաջարկ է եղել, որը Փաշինյանը մերժել է։

«Կարծում էի՝ տվել փաստաթուղթ, որը ընդունելի չէ մեզ համար, բայց պարզվում է, որ այդ փաստաթուղթը, որպես բանակցությունների հիմք, հանգիստ կարելի էր օգտագործել։ Մեր բանակցությունների ժամանակ ԼՂ բնակիչների ազատ կամարտահայտությունը առանձնացված էր առանձին կետով, իսկ այստեղ՝ նախաբանում»,- ասել է Սերժ Սարգսանը։

Նոյեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է․

«Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ՝ արանքներում դնելով նաեւ մի քանի հրապարակային թղթեր։ Նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում։ Որ զարթնես, ՏՊԼ–ին ու ՔՌ–ին էլ խաբար արա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

ԱԳՆ-ից մեր բանավոր հարցին ի պատասխան հստակեցրին՝ հրապարակվելու են ոչ միայն մինչև 2018-ը, այլ նաև դրանից հետո առկա բանակցային փաստաթղթերը։

ԱԳՆ ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել նաև՝ եթե ԱԳՆ-ում առկա չեն եղել  բանակցային  բոլոր փաստաթղթերն, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, ապա ի՞նչի հիման վրա է նա հայտարարել, որ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ բանակցային գործընթացի մեկնարկի պահից, բանակցությունները եղել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Ի պատասխան այս հարցման՝ ԱԳՆ-ից հայտնում են․ 

«Միջազգայնորեն ճանաչված սահմաններում միմյանց տարածքային ամբողջականության հարգման հիմնարար սկզբունքն արձանագրված է եղել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հենց սկզբից և իր արտահայտումն է գտել բանակցային բոլոր հիմնական փաստաթղթերում՝ ԵԱՀԽ Հելսինկյան եզրափակիչ ակտին համահունչ»։

Արաքս Մամուլյան