Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հավանական է համարել առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացումը
Քաղաքականություն
31.07.2025 | 15:30
Շատ հավանական եմ համարում, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի առաջիկայում՝ համապատասխան ժամանակին, որովհետև այն ծառայում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի ազգային շահերին։ Այս մասին ադրբեջանական APA-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։
Նա նշել է, թե «եթե միջազգային և տարածաշրջանային մակարդակով ինտեգրման գործընթացն արագանա, ապա Միջին միջանցքի շրջանակում Չինաստանից մինչև Լոնդոն ձգվող ցամաքային և երկաթուղային երթուղիների, ինչպես նաև կարևոր նավթագազային խողովակաշարերի համար ավելի արագ և կարճ երթուղին հնարավոր կլինի միայն «Զանգեզուրի միջանցքի» բացման շնորհիվ»։
Դեսպանն ասել է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է դիտարկել ոչ միայն Արևելք-Արևմուտք, այլև Հյուսիս-Հարավ տեսանկյունից։
«Չնայած ժամանակ առ ժամանակ դեռևս որոշակի քննարկումներ են ընթանում, ես հավատում եմ, որ, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում «Զանգեզուրի միջանցքի» բացումը տեղի կունենա առաջիկա 1-2 տարվա ընթացքում: Հատկապես Միջին միջանցքի արդյունավետության բարձրացման և Արևելք-Արևմուտք ուղղությամբ առևտրի ծավալների ավելացման առումով, ես կարծում եմ, որ դա հնարավոր է։ Բայց որպես դիվանագետ՝ չեմ կարող նշել «Զանգեզուրի միջանցքի» բացման ճշգրիտ ամսաթիվը, որովհետև դա ոչ ոք չգիտի՝ սա խաղ է բազմաթիվ մասնակիցներով։ Նախևառաջ, որպես երկու անկախ պետություններ՝ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է որոշում կայացնեն այս հարցի վերաբերյալ»,- ասել է Թուրքիայի դեսպանը։
Նա հայտարարել է, թե «որպես պատերազմի հաղթող՝ Ադրբեջանն իրավացիորեն հայտարարում է այս միջանցքի բացման անհրաժեշտության մասին, ինչպես նախատեսված է նաև 2020 թվականի համաձայնագրով»։
«Սակայն դրա բացման ժամանակն ու պայմանները կախված են երկու կողմերի՝ որպես անկախ պետությունների համաձայնությունից։ Մեր կողմից մենք աջակցում ենք այս միջանցքի բացմանը և կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Աքգյունը։
Նա նշել է, թե աշխարհաքաղաքական տեսանկյունից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» այն վայրն է, որտեղ թյուրքական պետությունների կապերը կտրված են։
«Մենք կարող ենք Ադրբեջանի հետ շփվել միայն Վրաստանի և Իրանի միջոցով։ Եթե բացվի «Զանգեզուրի միջանցքը», ապա 1-2 տարվա ընթացքում հնարավոր կլինի ցամաքային և երկաթուղային երթուղի Անկարայից և Ստամբուլից դեպի Բաքու, իսկ այնտեղից՝ ծովով դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, ինչը մեր ժողովրդի ցանկությունն է»,- ասել է դեսպանը՝հավելելով․
«Թյուրքական աշխարհին անհրաժեշտ է միջանցք ուղիղ կապի համար, և այդ միջանցքը Զանգեզուրի միջանցքն է։ 1937 թվականից ի վեր առաջին անգամ կհաստատվի ուղիղ կապ Թուրքիայի Ադրբեջանի, ինչպես նաև թյուրքական աշխարհի միջև»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին՝ հույս հայտնելով, որ այն դառնա կոնսենսուսի խորհրդանիշ, այլ ոչ թե անհամաձայնության աղբյուր»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի