Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կոչ են անում «չընդլայնել» Ուկրաինայի պատերազմը
Քաղաքականություն
26.11.2026 | 13:27
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռուսաստանին կոչ են արել «չընդլայնել պատերազմն» Ուկրաինայում։ Այս մասին ասվում է չորեքշաբթի Ֆլորիդայում նրանց հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ, հայտնում է AFP-ը , որին վկայակոչում է Al Arabiya-ն։
Սպիտակ տան տարածած հայտարարության համաձայն՝ Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրում փակ դռների հետևում կայացած հանդիպումը, որը բնութագրվել է որպես «գերազանց» և «շատ արդյունավետ», նվիրված էր Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներին։
«Մենք նաև քննարկել ենք, թե կարևոր է, որ Ռուսաստանը ձեռնպահ մնա այնպիսի գործողություններից, որոնք միտումնավոր կամ ոչ միտումնավոր կարող են ընդլայնել պատերազմը, ինչպես նաև հնարավորինս արագ պատերազմի խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Թրամփի և Ռյուտեի համատեղ կոչը Ռուսաստանին՝ Ուկրաինայում պատերազմը «չընդլայնելու» վերաբերյալ, հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը նախորդ շաբաթ Չինաստանում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել էր «իր ընկերը»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Պուտինի վերաբերյալ Թրամփի արտահայտությունները։
«Մեզ համար նա մարդասպան է»,- CNN-ին ասել էր Զելենսկին։
Չորեքշաբթի Fox News-ի «Fox & Friends» հաղորդման եթերում Ռյուտեին հարցրել են Թրամփի հայտարարությունների մասին։
«Այն, ինչ անում է նախագահ Թրամփը, այդ թվում՝ Շենժենում կայացած հանդիպման ընթացքում, Պուտինին փորձության ենթարկելն է․ որքանո՞վ է նա լուրջ տրամադրված։ Պատրա՞ստ է, արդյոք, նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Պատրա՞ստ է իսկապես ներգրավվել բանակցություններում։ Ուստի եկեք շարունակենք ճնշում գործադրել։ Կարծում եմ՝ դա արդյունք է տալիս, և մենք պետք է շարունակենք այդ քաղաքականությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Թրամփը, որին քննադատները մեղադրում են Կիևի փոխարեն Մոսկվայի դիրքորոշումը պաշտպանելու մեջ, Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահը ցանկանում է պատերազմի ավարտը «դիվանագիտական ճանապարհով»։ Ֆլորիդայում կայացած հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ եվրոպական երկրները ցանկություն են հայտնել միանալ նախնական բանակցություններին, որոնց մինչ այժմ մասնակցել են միայն Ուկրաինան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։
Ռյուտեն նշել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ։
«Երբ պատերազմն ավարտվի՝ նախընտրելի տարբերակով խաղաղության համաձայնագրի կնքմամբ, կամ եթե դա հնարավոր չլինի, երկարաժամկետ հրադադարով, մենք պետք է ապահովենք, որ Ուկրաինան հետագայում ունենա անվտանգության երաշխիքներ։ Սակայն այստեղ ամենակարևորն այն է, որ մենք պետք է համոզվենք՝ Ուկրաինան ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է պայքարը շարունակելու, հաջողություններ գրանցելու և Ռուսաստանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու համար»,- հավելել է Ռյուտեն։
Համատեղ հայտարարության համաձայն՝ Թրամփն ու Ռյուտեն քննարկել են նաև պաշտպանական ծախսերի ավելացման հարցը, որի հետ կապված ԱՄՆ նախագահը կոչ է արել եվրոպական երկրներին։ Ֆլորիդայում բանակցությունները տեղի են ունեցել նաև այն ժամանակաշրջանում, երբ առաջիկա շաբաթներին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պետք է հայտարարի Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության վերանայման մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

