Լեհաստանը հայտարարել է արևելյան սահմանի երկայնքով ոչ թռիչքային գոտի ստեղծելու մտադրության մասին
Քաղաքականություն
26.11.2026 | 12:59
Լեհաստանը նախատեսում է իր արևելյան սահմանի երկայնքով ոչ թռիչքային գոտի սահմանել, որը «լրացուցիչ աջակցություն կդառնա զինված ուժերի համար»։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը, գրում է DW-ն։
«Դա կլինի սահմանափակ գոտի, որը կգտնվի սահմանից որոշակի հեռավորության վրա՝ մոտավորապես 12 կմ-ից մինչև մի քանի տասնյակ կիլոմետր»,- պարզաբանել է Տոմչիկը։
AFP գործակալության փոխանցմամբ՝ այս միջոցը թույլ կտա լեհական զինված ուժերին արագ հայտնաբերել երկրի օդային տարածք ներխուժած ռուսական թռչող սարքերը և, անհրաժեշտության դեպքում, խոցել դրանք։
Տոմչիկի խոսքով՝ կառավարությունն արդեն նախապատրաստում է ոչ թռիչքային գոտու սահմանման մասին որոշումը։ Փոխնախարարը հույս է հայտնել, որ նոր սահմանափակումները կգործեն «դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին»։ Նա նաև հայտարարել է, որ իշխանությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ կանեն նմանատիպ միջոցներ ձեռնարկել իրենց արևելյան սահմանների երկայնքով։
Միաժամանակ, Լեհաստանի սահմանամերձ շրջաններում որոշ սահմանափակումներ արդեն գործում են։ Reuters-ի փոխանցմամբ՝ գիշերային ժամերին թռիչքները գրեթե ամբողջությամբ արգելված են, իսկ ցերեկային ժամերին թույլատրվում են միայն 3 կմ-ից ոչ ցածր բարձրության վրա։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Լեհաստանի իշխանությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցներին առաջարկել են Ուկրաինայի օդային տարածքում խոցել Ռուսաստանի արձակած այն հրթիռները, որոնք ուղղվում են դեպի դաշինքի անդամ երկրների տարածք։ Նման առաջարկ հնչեցվել է նոյեմբերի 23-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հանդիպման ժամանակ։ Սակայն, Տոմչիկի խոսքով, այն միանշանակ աջակցություն չի ստացել։ Նա նշել է, որ նման որոշումը «բազմաթիվ բարդություններ» կառաջացներ։
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, իր հերթին, RMF24 ռադիոկայանին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Նա նշել է, որ առայժմ դաշնակիցների շրջանում նման քայլի դիմելու «պատրաստակամություն և վճռականություն» չի տեսնում։
Ռուսաստանի արձակած որոշ հրթիռներն Ուկրաինայի օդային տարածքում խոցելու առաջարկով Լեհաստանի իշխանությունները հանդես են եկել այն բանից հետո, երբ նոյեմբերի 20-ին երկրի հարավարևելյան հատվածում ընկել էին ռուսական երեք Х-101 հրթիռներ։
«Կարծես գործ ունենք կանխամտածված սադրանքի հետ»,- նույն օրը հայտարարել էր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Նրա խոսքով՝ երկրի օդային տարածքի խախտումներն «ակնհայտորեն ցույց են տալիս», թե ինչու Լեհաստանի իշխանությունները պետք է մասնակցեն Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններին, մինչ Կիևն արդեն շուրջ հինգ տարի դիմակայում է ռուսական բանակի ներխուժմանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

