Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղը սպասարկել է հարբած մրցավար
Ասիայի Չեմպիոնների լիգայի երկրորդ մրցաշարի մրցավարներից սիրիացի Հանա Խաթաբը հանդիպման ընդմիջմանը փոխարինվել է խաղի մասնակիցների պահանջով, հայտնում է Goal.com-ը։
Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի երկրորդ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի B խմբում մրցել են Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Ջազիրան» և Իրանի «Գոլ Գոհարը»։ Հանդիպումը կայացել է Աբու Դաբիում և ավարտվել «Ալ Ջազիրայի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Աղբյուրի տեղեկություններով՝ առաջին խաղակեսի ընթացքում ֆուտբոլիստներն ու մարզիչներն ուշադրություն են դարձրել գլխավոր մրցավարի ոչ ադեկվատ վարքագծին։
Ամենատարօրինակ դրվագը տեղի է ունեցել 32-րդ րոպեին։ «Գոլ Գոհարի» ֆուտբոլիստ Ալի Աշուրիի նկատմամբ խաղադաշտի կենտրոնում կանոնների խախտումից հետո Խաթաբը երկար դադար է վերցրել, ապա շարժվել դեպի «Ալ Ջազիրայի» դարպասը և դեղին քարտ ցույց տվել թիմի դարպասապահ Էրսին Դեստանօղլուին։
Հանդիպման ընդմիջմանը սիրիացի մրցավարին փոխարինել է չորրորդ պաշտոնյան, որը սպասարկել է խաղի մնացած հատվածը։
Նշվում է, որ փոխարինումը տեղի է ունեցել «Գոլ Գոհարի» ներկայացուցիչների պահանջով։ Նրանք սպառնացել են թիմին հեռացնել խաղադաշտից՝ կասկած հայտնելով, որ մրցավարը հարբած է։ Իրանցիները նաև պնդել են, որ 32-րդ րոպեի դրվագում Խաթաբը պետք է կարմիր քարտ ցույց տար «Ալ Ջազիրայի» կիսապաշտպան Միլսոնին։
Դավիթ Եղիազարյան

