Կանանց խաբեությամբ բերել են Հայաստան և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ․ երեք օտարերկրացի կալանավորված է
Հասարակություն
26.11.2026 | 11:14Քրեական ոստիկանությունը բացահայտել է սեռական թրաֆիքինգի երկու դեպք, որոնց շրջանակում օտարերկրացի կանանց և աղջիկների բարձր վարձատրվող աշխատանքի կեղծ խոստումներով տեղափոխել են Հայաստան, ապա սպառնալիքների և բռնության միջոցով ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ՝ վերցնելով նրանց վաստակած գումարները։
Ըստ ոստիկանության՝ կանանց շահագործումը կազմակերպվել է Երևանի հյուրանոցներից մեկում և Ջրվեժ գյուղի առանձնատներից մեկում։ Նոյեմբերի 16-ին իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել են օտարերկրացի երեք տղամարդիկ, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ օտարերկրյա քաղաքացի մի խումբ տղամարդիկ ծեծի և սպառնալիքի միջոցով ստիպում են օտարերկրացի կանանց զբաղվել մարմնավաճառությամբ և վերցնում այդ ճանապարհով ստացված գումարը։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ օտարերկրացի տղամարդիկ, նախնական համաձայնությամբ և խմբի կազմում, շահագործման նպատակով հավաքագրել են այլ երկրներում ապրող կանանց ու աղջիկների և բարձր վարձատրվող օրինական աշխատանքի կեղծ խոստումով կազմակերպել նրանց տեղափոխումը Հայաստան։
Բացահայտվել է նման երկու դեպք։
Մի դեպքում կանայք տեղափոխվել են Երևանի հյուրանոցներից մեկը, որտեղ օտարերկրացի մի տղամարդ, օգտագործելով կանանց անօգնական և խոցելի վիճակը, բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել է նրանց՝ գումարի դիմաց սեռական ծառայություններ մատուցել իր հայրենակից տղամարդկանց։
Նմանատիպ երկրորդ դեպքում սեռական շահագործումը կազմակերպվել էր Ջրվեժ գյուղում։ Այստեղի առանձնատներից մեկում օտարերկրացի երկու տղամարդ առանձին սենյակներում մեկուսացրել են խաբեությամբ Հայաստան տեղափոխված կանանց՝ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ և վերցրել այդ ճանապարհով ստացված գումարը։
Օպերատիվ տվյալներն իրացվեցին նոյեմբերի 16-ին։ Հիշյալ հյուրանոցից և Ջրվեժ գյուղի առանձնատնից մի խումբ անձինք տեղափոխվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ Մարդու թրաֆիքինգի և շահագործման ենթադրյալ զոհերից ընդունվեցին հաղորդումներ։ Օտարերկրացի երեք տղամարդիկ ձերբակալվեցին։
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Օտարերկրացի տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է»։

