Կառավարությունը 104.3 մլն դրամի արտոնություն կտա Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերության
Քաղաքականություն
26.11.2026 | 09:44
Խոշոր գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերությունները կառավարությունից միլիոնավոր դրամների արտոնություն կստանան։
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծից տեղեկանում ենք, որ «Ալեքս տեքստիլ» ընկերությանը 97 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտրվի։ Ընկերությունը շուրջ 1.5 մլրդ դրամի ապրանք է ներմուծելու՝ ոչ ԵՏՄ անդամ պետությունից։ Ներդրումային ծրագրով նախատեսվում է 105 մլն դրամ ներդնել արտադրական հաստոցների, 12 մլն դրամ՝ բեռնատար ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև շուրջ 1.5 մլն դրամ՝ հումքի համար։
Ընկերությունում ներկայումս կա 465 աշխատատեղ՝ 220 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 485-ի, իսկ միջին աշխատավարձը՝ 230 հազար դրամի։
Մյուս ընկերությունը՝ կանացի և մանկական զուգագուլպաների, կիսագուլպաների և գուլպաների արտադրությամբ զբաղվող «Ալեքս Սոկս»-ը, 7.3 մլն դրամի մաքսատուրքից կազատվի։ Ընկերությունը նախատեսում է 146 մլն դրամի ապրանք ներմուծել։ Այստեղ էլ ներկայումս կա 65 աշխատատեղ՝ 215 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատողների թիվը հասցնել 75-ի, իսկ միջին աշխատավարձը՝ 220 հազար դրամի։
Այսպիսով, երկու ընկերությունների ծրագրերով նախատեսվում է ընդհանուր առմամբ ստեղծել 30 նոր աշխատատեղ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունների ընդհանուր գնահատված արժեքը կազմում է 104.3 մլն դրամ։
Նախարարության հիմնավորումներում նշվում է, որ ներմուծվող ապրանքները չեն ձեռք բերվում ԵՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությունների տեխնիկական պահանջներին։ Արտոնության նպատակն է խթանել տեղական արտադրությունը, ներդրումները և արտահանումը։
Նարեկ Կիրակոսյան

