«Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, որոշումը Մոսկվայից է»․ Արզաքանցյանը նշանակվել է Մերգելյան ինստիտուտի տնօրեն
Քաղաքականություն
26.11.2026 | 11:53
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը ստանձնել է Տիգրան Արզաքանցյանը։ Factor TV-ի հետ զրույցում Արզաքանցյանը հայտնեց, որ իրեն այդ պաշտոնում նշանակելու որոշումը կայացվել է Մոսկվայում՝ խորհրդի կողմից։ Նրա խոսքով՝ ինքն իր թեկնածությունը չի առաջադրել, այն առաջադրել է խորհուրդը։
Արզաքանցյանը նաև նշեց, որ այսօրվանից անցնում է աշխատանքային պարտականությունների կատարմանը և աշխատելու է Երևանում՝ հենց ինստիտուտում։ Հարցին, թե ինչ փոփոխություններ և ծրագրեր է նախատեսում իրականացնել ինստիտուտում, Արզաքանցյանը պատասխանեց․ «Առաջին օրն ա, կծանոթանամ, հետո կիմանաք․ փոփոխություններ հաստատ կլինեն դեպի զարգացման ուղղությամբ, տարբեր ծրագրեր, ուսանողների հետ հանդիպում…»։
Անդրադառնալով կադրային հնարավոր փոփոխություններին՝ նա նշեց, որ նախ կծանոթանա գործող անձնակազմի աշխատանքին, որից հետո որոշում կկայացնի։ Factor TV-ի հարցին, թե արդյոք նախկինում ոլորտում աշխատելու փորձ ունեցել է, և որքանով է իր մասնագիտությունը համապատասխանում ստանձնած պաշտոնին, Արզաքանցյանը պատասխանեց․ «Մասնագիտությունը մոտ չէ, բայց փորձը մեծ է»։
Նա հայտնեց, որ մասնագիտությամբ անասնաբույժ է, սակայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում դասընթացներ է անցել. «Доктор коммерции դիպլոմ եմ ստացել ժամանակին, ունեմ շատ մեծ փորձ աշխատանքային, կազմակերպչական, ու ինձ թվում է՝ այսքանով հերիք է»։
Ավելի վաղ Արզաքանցյանն իր գրառմամբ հայտնել էր Մերգելյան ինստիտուտի տնօրենի պաշտոնը ստանձնելու մասին՝ ընդգծելով, որ 1956 թվականին հիմնադրված գիտահետազոտական կենտրոնն այս տարի նշում է իր 70-ամյակը։
«Առաջնահերթ եմ համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը»,- գրել է Արզաքանցյանը։
Հիշեցնենք՝ Տիգրան Արզաքանցյանը գործարար է, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության հիմնադիրն ու նախագահը։ 2003 թվականին ԱԺ պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով, իսկ 2006 թվականին անդամակցել է ՀՀԿ-ին։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել։
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Արզաքանցյանը գլխավորում էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը, սակայն ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նրա՝ պատգամավորի թեկնածուի գրանցումը։ 2022 թվականին նա հիմնադրեց «Ուժը հայրենյաց» կուսակցությունը։
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրության՝ Արզաքանցյանը 1984 թվականին ավարտել է Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը՝ ստանալով տեխնիկ-անասնաբույժի մասնագիտություն։ 1986-1998 թվականներին Ռուսաստանում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ 1998-2003 թվականներին ղեկավարել է կոնյակի արտադրությամբ զբաղվող «Գրեյթ Վելլի» ընկերությունը։ Պաշտոնական կենսագրության մեջ նա ներկայացված է նաև որպես միջազգային բիզնեսի պատվավոր դոկտոր։
Եվգենյա Համբարձումյան

