Թեհրանը վճռական է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ․ Իրանի ԱԳ նախարարը՝ ՀՀ ԱԳ փոխնախարարին
Քաղաքականություն
21.01.2025 | 11:55
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներկայիս վարչակազմը վճռական է ընդլայնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին նա ասել է Թեհրանում ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի հետ հանդիպմանը, գրում է Irna-ն։ Հանդիպմանը Արաղչին նաև մատնանշել է Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում շատ լավ հարաբերություններն ու լայն համագործակցությունը և ընդգծել Իրանի ներկայիս կառավարության վճռականությունը՝ հնարավորինս զարգացնելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները։
Ըստ իրանական կողմի՝ ՀՀ ԱԳ փոխնախարարն էլ գնահատելով Իրանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, իր հերթին նշել է Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Հայաստանի ցանկությունը և Հայաստանի արտաքին քաղաքականության մոտեցումը՝ շարունակելու բարիդրացիության քաղաքականությունը և Իրանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի