Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Դանիելյանի, բավարարել է դատավոր  Կարինե Դավթյանի հայցադիմումն ու ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտին պարտավորեցրել Դավթյանին աշխատավարձի  պաշտոնական դրույքաչափի 60%-ի չափով հավելում վճարել։

Կարինե Դավթյանը կալանքի և մինչդատական վարույթի այլ միջնորդություններ քննող դատարանի այն դատավորներից է, որոնք 2023-ին Դատական  օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններից հետո ռեզերվային կարգավիճակ են ստացել։ Այս դատավորները մեկ տարի՝ 2023-ի հունվարի 7-ից մինչև 2024-ի հունվարի 23-ը առանց աշխատելու աշխատավարձ են ստացել, քանի որ օրենքով դատավորի սոցիալական երաշխիքներն, այդ թվում՝ աշխատավարձը չի  կարող նվազեցվել։

Մեկ  տարի առանց աշխատելու աշխատավարձ ստանալուց հետո նրանց հրավիրել են ԲԴԽ և հայտնել, որ մտադիր են գործուղվել Երևանի և մարզերի դատարաններ, որպեսզի առանց աշխատելու աշխատավարձ ստանալու փոխարեն աշխատեն և թեթևացնեն դատավոր գործընկերների բեռը։

2024 թվականի հունվարի 1-ից ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների վարձատրության չափը բարձրացվել է, և նրանք յուրաքանչյուր ամիս աշխատավարձից բացի ստացել են իրենց աշխատավարձի 60%-ի չափով հավելում, սակայն  Երևան և մարզեր գործուղված ռեզերվային դատավորները, որոնք աշխատել են նույն ծանրաբեռնվածության պայմաններում, 60%-ի չափով  հավելումը չեն ստացել։

Այսպիսով՝ եթե առաջին ատյանի այլ դատավորներ ստացել են մոտ 1 մլն դրամ  վարձրատրություն, ապա գործուղված ռեզերվային դատավորները ստացել են մոտ 600 հզ դրամ։

Նշենք, որ ռեզերվային դատավորների՝ այլ դատավորների համեմատ անհավասար պայմաններում աշխատելու խնդրին Factor TV-ն անդրադարձել է իր հետաքննություններում։ 

«Կալանքի դատարանների» վերելքն ու անկումը․ 14 դատավորից միայն 6-ն է վերանշանակվել

 

Կարինե Դավթյանը դիմելով Վարչական դատարան՝ պահանջել է ճանաչել Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից իրեն օրենքով սահմանված  60% հավելումը չվճարելու անգործությունը, և, սկսած 2024 թվականի հունվարի 23-ից, պարտավորեցնել իրեն վճարել հավելումը։

Դավթյանը հայցադիմումում նշել է, որ այն պահից, երբ գործուղվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, իրականացրել է նույն աշխատանքը, որն իրականացրել են և իրականացնում են մյուս դատավորները, նրա նկատմամբ սահմանված չի եղել բաշխվելիք գործերի սահմանաչափից որևէ նվազեցում:

Ինչպես առանց աշխատելու աշխատավարձ ստանալ. մեկ տարում 113 միլիոն՝ «Կալանքի դատարանի» դատավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատական իշխանության մարմիններին տրվող սոցիալական երաշխիքներին և վարձատրությանը, ինչպես նաև դրանց տարբերակվածության վերաբերյալ միջազգային կառույցների դիրքորոշումներին համադրության արդյունքում դատավորը դուրս է բերել դատավորների վարձատրության համակարգի մի քանի կարևոր չափանիշներ, այն է.

1) դատավորների վարձատրության համակարգը պետք է ամրագրվի օրենքով՝ բացառելու համար հնարավոր հայեցողության դրսևորումը,

2) դատավորների վարձատրությունը պետք է համապատասխանի նրանց մասնագիտությանը, մասնագիտությունից բխող պարտականություններին և պետք է չեզոքացնի մասնագիտական պարտականություններին խոչընդոտ հանդիսացող հնարավոր ազդեցությունները,

3) դատավորների վարձատրությունը կարող է տարբերակվել դատավորների ավագությամբ, դատարանի աստիճանով, դատավորների վրա դրված առաջադրանքների կարևորությամբ, դատավորի կողմից կատարվող պարտականությունների բնույթով և օրենքով հստակ սահմանված այլ չափանիշներով:

Տարբերակված վարձատրության հարցին առնչող ՍԴ որոշումներին հղում կատարելով՝ դատավորը նշել է, որ Սահմանադրական դատարանը նույնիսկ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում թույլատրելի է համարում տարբերակված մոտեցումը, եթե այն համապատոսխանում է  երկու չափանիշներին, այն է՝ ունի օբյեկտիվ հիմք և հետապնդում է իրավաչափ նպատակ: Մինչդեռ այս դեպքում Կարինե Դավթյանի և նրան հավասար այլ աշխատանք կատարող այլ դատավորների միջև տարբերակված վարձատրությունը օբյեկտիվ  հիմք և իրավաչափ նպատակ չի հետապնդել։

«Նույն ատյանում նույն ծանրաբեռնվածությամբ աշխատող և նույն աշխատանքը կատարող դատավորներին տարբեր վարձատրություն տրամադրելն ուղղակի կերպով հակասում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում ամրագրված սկզբունքներին, մասնավորապես՝ համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալու, նույն աշխատանքն իրականացնող անձանց վարձատրության խտրականության բացառման, տարբերակված մոտեցում ցուցաբերելու արգելքի սկզբունքներին»,- հայցադիմումում նշել է դատավորը։

Պատասխանող, Դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Գալստյանը դատարան ներկայացրած հայացադիմումի պատասխանով հայտնել է, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի 19.04.2024թ․  գրությամբ, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 1074-Ն որոշման համաձայն՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակն է, հայցվել է պաշտոնական պարզաբանում, ի թիվս այլնի, այն հարցի վերաբերյալ, թե արդյոք դատավորի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը համարվում է դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժ, թե՝ ոչ, և արդյոք ռեզերվային դատավորի գործուղվելու դեպքում գործուղման ժամանակահատվածը համարվում է դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժ, թե՝ ոչ:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վ.Քալաշյանի 03.05.2024թ. գրությամբ հայտնվել է, որ ռեզերվային դատավորը, գործուղվելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու և դատավորի պաշտոնից բխող պարտականություններ կատարելու նպատակով, այդ ժամանանականատվածում նա չի համարվում դատավորի պաշտոնը զբաղեցնող անձ: Միաժամանակ նշվել է, որ դատավորների համար սահմանվել է ռեզերվային դատավորի կարգավիճակ, և այդ կարգավիճակով պայմանավորված երաշխիքներ, սակայն ռեզերվային դատավորի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվարկելու երաշխիք օրենքով նախատեսված չէ:

Այսպիսով՝  Դատական դեպարտամենտի ղեկավարը եզրահանգել է, թե հերքվում է հայցվոր Կարինե Դավթյանի այն պնդումը, որ Դատական դեպարտամենտի կողմից խախտվել է և շարունակում է խախտվել է հայցվորի աշխատավարձ ստանալու իրավունքը: Կարինե Դավթյանին ինչպես ռեզերվային դատավորի կարգավիճակ ստանալուց, այնպես էլ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելուց հետո վճարվել է սահմանված կարգով, իսկ վերջինիս հավելում վճարելու իրավական հիմք ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում, ինչի մասին վերջինիս հայտնվել է նաև Նաիրի Գալստյանի գրությամբ: Ելնելով վերոգրյալից՝  Նաիրի Գալստայնը խնդրել է մերժել հայցը։

Պատասխանող ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի ներկայացուցիչ Լուսինե Քոսյանը ևս խնդրել է մերժել հայցը։ Դատարանը, գնահատելով գործում առկա ապացույցները՝ եկել է եզրահանգման, որ  հայցը ենթակա է բավարարման։

ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածին հղում կատարելով՝ Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը հայցը բավարարելու որոշման մեջ գրել է, որ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն:

Հղում կատարելով Դատական օրենսգրքին՝ դատավորը նշել է, որ դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելավճարները, կենսաթոշակի չափը չեն կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համարժեք պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար:

Դատարանն արձանագրում է, որ դատավորի, այդ թվում՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի համար օրենքով սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն, որը կազմված է օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից և լրացուցիչ աշխատավարձից, ընդ որում՝ լրացուցիչ աշխատավարձը ներառում է նաև հավելումները: Դատարանն արձանագրում է նաև, որ օրենքով հստակ սահմանվել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով, որպիսի դրույթն ուժի մեջ է մտել 01.01.2024թ.-ից։

Անդրադառնալով պատասխանողի վկայակոչած՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի 03.05.2024թ․-ի  գրությանը,Դատարանն արձանագրում է, որ այն վերաբերում է դատավորի՝ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկելուն, մինչդեռ՝ տվյալ դեպքում վեճը վերաբերում է ռեզերվային կարգավիճակ ունեցող դատավորի՝ համապատասխան դատարան գործուղման ժամանակահատվածում հավելում ստանալուն:

Այսպիսով՝ դատարանը գտել է, որ Կարինե Դավթյանի հայցը պետք է  բավարարել  և Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտի ղեկավարին պարտավորեցնել հաշվարկել և Կարինե Դավթյանին վճարել 23.01.2024 թվականից չվճարված լրացուցիչ աշխատավարձը, այն է՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով հավելումը, իսկ դատական դեպարտամենտից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 10000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

 

Արաքս Մամուլյան