«Կալանքի դատարանների» վերելքն ու անկումը․ 14 դատավորից միայն 6-ն է վերանշանակվել

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով ռեզերվային  կարգավիճակ ստացած 14 դատավորից վերջին մեկ տարվա ընթացքում միայն 6-ն է վերանշանակվել։ Մյուսները  կա՛մ անորոշ ժամկետով գործուղվել  և աշխատում են մյուս դատավորների համեմատ անհավասար պայմաններով, կա’մ շարունակում են սպասել դատական համակարգ վերադառնալու իրենց հերթին։

Խոսքը 2021-ին առանձին գործեր քննելու համար ընտրված դատավորների մասին է, որոնք հանրության շրջանում առավել հայտնի են որպես «կալանքի  դատարանի դատավորներ»։ Այս դատավորները սկսել են պաշտոնավարել 2021-ի հոկտեմբերից, սակայն  ընդամենը մեկ տարի անց պետությունը որոշել է վերացնել առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտը՝  այս գործերը քննող  դատավորների ճակատագիրը  դնելով անորոշության մեջ։

 

Կալանքի դատարանների ստեղծումը

 

2021-ին ուժի մեջ մտան «Դատական օրենսգրքում» փոփոխությունները, համաձայն որոնց՝  մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերն ու օպերտիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները (անձանց կալանավորելու, նրանց հեռախոսային խոսակցությունները վերահսկելու, նրանց նկատմամբ արտաքին և ներքին դիտում իրականացնելու, խուզարկության թույլտվություններ ստանալու և այլ միջնորդությունները)  քննելու էին առանձին, մասնագիտացված դատավորներ:

Մինչև այս փոփոխությունները քրեական մասնագիտացմամբ դատավորները քննում էին և՛ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված կամ, այլ կերպ ասած, բուն քրեական գործեր, և՛ մինչդատական վարույթի միջնորդություններ: Այս փոփոխություններով, փաստացի դատական համակարգում  առաձնացվում էին  բուն քրեական գործերի  և մինչդատական վարույթի գործերի քննություն իրականացնող դատավորներ:

Այսպիսով՝ Երևանի դատարանը համալրվեց առանձին գործեր քննող 8 նոր դատավորով: Այսպիսի գործեր քննող մեկական դատավոր նշանակվեց նաև մարզերում և երեքը՝ Վերաքննիչ դատարանում:

 

Դատարան՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքում

 

Մարզերի դատավորները տեղավորվեցին  դատարանների մարզային նստավայրերում, իսկ Երևանում նոր ընտրված դատավորների համար տեղ չկար, անհրաժեշտ էր նրանց ապահովել շենքային պայմաններով:

Այս դատավորների գործունեությունն ապահովելու համար որոշում կայացվեց Երևանի դատարանի Աջափնյակի նստավայրը, որտեղ քաղաքացիական գործեր էին քննվում, դարձնել  առանձին գործեր քննող դատավորների նստավայրը, իսկ այս դատարանի դատավորներին որոշեցին  տեղափոխել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի 10,11, 12-րդ հարկեր:

Այս տեղափոխությունների հետևանքով շուրջ մեկ շաբաթ Աջափնյակի նստավայրում դատական նիստեր չկայացան. դատավորներն ու վերջիններիս աշխատակազմերը պատրաստվում էին հազարավոր գործերը շենքից շենք տեղափոխելուն:

Իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի վերին հարկերը  դեռևս դատարանի տեսք չուներ: Երբ դատավորները տեղափոխվեցին, այնտեղ շինարարություն էր: Մի սենյակում դատարանի սեղանը  դնելու համար բեմահարթակ էին պատրաստում, երկրորդ սենյակում՝ գույքը տեղավորում, մի հարկում լույսեր էին կարգի բերում, մեկ այլ հարկում՝ դռներ տեղադրում: Այս իրավիճակի պատճառով ևս մեկ շաբաթ մեծ թվով նիստեր հետաձգվեցին: Քաղաքացիներից շատերն անգամ տեղյակ չէին, որ իրենց գործը քննող դատարանի շենքը փոխվել է. դատավորները ծանուցագրեր էին ուղարկում նրանց՝ տեղեկացնելով, թե այսուհետ որտեղ է գործելու դատարանը: Այսինքն՝ այս փոփոխությունների հետևանքով շուրջ 2 շաբաթ Աջափնյակի քաղաքացիական դատարանը նիստեր չիրականացրեց:

 

Առանձին գործեր քննող դատավորներ ունենալու նպատակը

 

Այս փոփոխությունների հիմնավորումներում նշվում էր, որ ակնկալվում է ապահովել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության  միջնորդությունների քննության, ռեսուրսների օգտագործման  արդյունավետությունը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն ու քրեական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածության թեթևացումը:

Իսկ ի՞նչ կոռուպցիոն ռիսկների մասին էր խոսքը։ Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը  քրեական մասնագիտացմամբ դատավորները վերը նշված միջնորդությունները քննելու համար հերթապահություն էին իրականացնում: Յուրաքանչյուր շաբաթ Երևանի քրեական մասնագիտացմամբ դատարանի մի նստավայրի դատավորներն էին հերթապահը, և նստավայրի  հերթապահության ժամանակացույցը հրապարակվում էր Դատական իշխանության պաշտոնական կայքում, այսինքն՝ ԲԴԽ կայքի միջոցով կարելի էր հասկանալ, թե տվյալ շաբաթ դատարանի որ նստավայրի դատավորներն են հերթապահ:

Ըստ օրենքի հիմնավորումների՝ դատավորների հերթապահության ժամանակացույցի հրապարակայնության դեպքում կանխատեսելի էր դառնում համապատասխան միջնորդությունը քննող դատավորի անձը, որն էլ իր հերթին խնդրահարույց էր կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման տեսանկյունից։

 

Նախագահը դիմեց Սահմանադրական դատարան

 

Երբ առաձին գործեր քննող դատավորներ ունենալու վերաբերյալ  օրենքի փոփոխություններն ուղարկեցին այդ ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրմանը, նա  չստորագրեց ու դիմեց Սահմանադրական դատարան։

Նախագահի համոզմամբ՝ այս դատարանը կարող էր ընկալվել որպես հատուկ կամ արտակարգ դատարան, Իսկ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կամ արտակարգ դատարանների ստեղծումն արգելված է։

Նախագահի դիրքորոշման համաձայն՝ այս փոփոխություններով ստեղծվում էր այնպիսի իրավիճակ, որ մինչդատական քրեական վարույթի վերաբերյալ գործերը մշտապես և անորոշ երկար ժամանակահատվածում  քննելու էին սահմանափակ թվով դատավորներ: Բացի այդ, ըստ նախագահի դիրքորոշման, դատական համակարգը առանձին գործեր քննող դատավորներով համալրելու համար նախատեսվում էին արտոնյալ պայմաններ, քանի որ առանձին գործեր քննող դատավորները ընդամենը մեկ ամիս էին անցնելու վերապատրաստման դասընթաց։ Սա այն դեպքում, երբ մյուս դատավորները 7 անգամ ավելի երկար են վերապատրաստվում, և որևէ հիմնավորում չկա , թե ինչու է անհրաժեշտ նման հապճեպ կերպով անցնել առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտի ներդրմանը:

Սահմանադրական դատարանը, սակայն, օրենքի սահմանադրականության խնդիր չտեսավ։ ՍԴ երկու դատավոր՝ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն, այնուամենայնիվ, համաձայն չեղան Սահմանադրական դատարանի մեծամասնության կարծիքի հետ և օրենքի փոփոխություններում սահմանադրականության խնդիր տեսան: Նրանք  հատուկ կարծիք հայտնեցին՝ նշելով , որ օրենսդիրը ոչ  լեգիտիմ նպատակ է հետապնդում այս փոփոխություններով:

Նշենք՝ այս  շրջանում փաստաբանները բարձրաձայնում էին, որ առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտը ներդրվում է՝ իշխանությունների կամքը կատարող դատավորներ ունենալու համար, հատկապես, որ այդ դատարաններում էին քննվելու մինչդատական վարույթի կամ այլ կերպ ասած՝ նախաքննության ընթացքում  կալանքի բոլոր  միջնորդությունները:

Ինչևէ, օրենքն ընդունվեց, և Բարձրագույն դատական խորհուրդը  որպես առանձին գործեր քննող դատավոր ընտրեց հետևյալ անձանց․

Այյս անձինք սկսեցին աշխատել որպես առանձին գործեր քննող դատավորներ, իսկ դատարանը  հանրության շրջանում  ստացավ  «կալանքի դատարան» անվանումը։

Առանձին գործեր քննող դատավորների գործունեության մեկնարկից մեկ տարի անց դատավորներից մեկին՝ Արուսյակ Ալեքսանյանին ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեղադրանք առաջադրվեց, ըստ գործի՝ Ալեքսանյանը քննել էր իր եղբոր ընկերոջ՝ «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբայր Գրիգորի Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունն ու նրան ազատել կալանքից։ Արուսյակ Ալեքսանյանի գործն առ այսօր քննվում է Հակակոռուցիոն դատարանում։

 

Վերադարձ «նախկիններին» կամ անտեսելով կոռուպցիոն ռիսկերը

 

Առանձին գործեր քննող դատավորները դեռ մեկ տարի էր, ինչ աշխատում էին, երբ Արդարադատության նախարարությունը «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նոր նախաձեռնությամբ հանդես եկավ, համաձայն որի՝ առանձին գործեր քննող դատավորներ չեն լինի, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության  ու օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ թույլտվությունները, որոնք քննվում էին այս դատարանում, կրկին կքննեն  քրեական գործեր քննող դատավորները։

Այսինքն՝ որոշում կայացվեց վերադառնալ նախկին կարգավորումներին, երբ բուն քրեական գործեր քննող դատավորները նաև կալանքի, խուզարկության, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդություններ էին քննում։

Դիտարկենք, որ առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտը ներդրվել էր՝ ի թիվս այլնի, նաև դատական համակարգում  կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: Ստացվում է՝ պետությունը վերադարձավ  այն կարգավորումներին, որոնցից հրաժարվել էր՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու  և դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով։ Հատկանշական է այն հանգամանքը, որ փոփոխությունների հիմնավորումներում որևէ հիշատակում չկա այն մասին, թե ինչու են անհրաժեշտ այս փոփոխությունները, ինչո՞ւ պետությունը կրկին որոշեց վերադառնալ այն կարգավորումներին, որոնցում կոռուպցիոն ռիսկեր էր տեսել:

Օրենքով նախատեսվեց, որ  քրեական մասնագիտացմամբ առանձին դատավորներին, որոնք մեկ տարի առաջ տեղի ունեցած փոփոխություններից հետո առաջին անգամ էին դատավորի պաշտոնում նշանակվել, այլևս նոր գործեր չհանձնվեն, իսկ նրանց վարույթում առկա գործերը ավարտելուց հետո այդ դատավորները ձեռք բերեն ռեզերվային դատավորի կարգավիճակ։

Նշենք, որ թեև առանձին գործեր քննող դատավոների ինստիտուտը, փաստացի, վերացվեց՝  այս  դատավորներին դատական համակարգից հեռացնել չէին կարող, քանի որ Հայաստանի Հանրապետությունում, դատավորն անփոփոխելի է, պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը։ Եթե կրճատվում է դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորների թիվը, կամ նույնիսկ  վերացվում է դատարանը, ապա այդ դատարանի  դատավորները համարվում են ռեզերվային, այսինքն՝ որպես այդպիսին շարունակում են համարվել դատավոր ու աշխատավարձ ստանալ ՝ թեև չեն աշխատում։

Փոփոխություններով նախատեսվում էր, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամետում Բարձրագույն դատական խորհուրդը առանձին դատավորների համար պետք է կազմակերպի որակավորման հատուկ ստուգում: Որակավորման հատուկ ստուգմանը չմասնակցած և որակավորման հատուկ ստուգումը չհաղթահարած դատավորների համար Արդարադատության ակադեմիայում օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է լրացուցիչ վերապատրաստում` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկած առարկայական կուրսերի վերաբերյալ: Լրացուցիչ վերապատրաստումը համարվում է անցած՝ դրական գնահատման դեպքում, և եթե առանձին դատավորները մասնակցել են լրացուցիչ վերապատրաստման համապատասխան առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում, երբ նրանց բացակայությունը ճանաչվել է հարգելի:

Այս օրենքն ուժի մեջ մտավ  2023-ի հունվարի 7-ին, և հունվար ամսվա ընթացքում  առանձին գործեր քննող 14 դատավոր օրենսդրական փոփոխությունների հետևանքով ռեզերվային կարգավիճակ ստացավ՝ դադարելով  պաշտոնավարել՝ որպես դատավոր, բայց պահպանելով դատավորի կարգավիճակը։

Մեկ դատավոր՝ Արուսյակ Ալեքսանյանը, ևս ռեզերվային դատավոր դարձավ, բայց այն հիմքով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Նոր օրենքի համաձայն՝ ռեզերվային կարգավիճակ էին ստանում նաև այն դատավորները, որոնց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը մեկ ամսից ավելի էր  տևում:

Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկած հարցմամբ խնդրել ենք հայտնել, թե առանձին գործեր քննող դատավորներից ով երբ է ռեզերվային դատավորի կարգավիճակ ստացել, այս պահին քանի դատավոր ռեզերվային կարգավիճակ ունի, քանիսն են վերանշանակվել ու պաշտոնավարում՝ որպես դատավոր։

Ստացված պատասխանի համաձայն՝

18.01.2023 թ․-ի ԲԴԽ-ի որոշմամբ ռեզերվային դատավորի կարգավիճակ են ձեռք բերել Ռազմիկ Մարիկյանը, Արմեն Շիրոյանը,Արմեն Պողոսյանը և Գևորգ Պողոսյանը,

20.01.2023թ-ի որոշմամբ՝ Դավիթ Արղամանյանը, Տաթևիկ Մուրադյանը և Արշակ Մաթևոսյանը,

24.01.2023թ․-ի  որոշմամբ՝ Արմեն Վարոսյանը, Կարինե Դավթյանը, Վարսենիկ Մելքոնյանը, Արտյոմ Ավետիսյանը, Վարդան Սուղյանը, Սասուն Մխիթարյանը և Կարեն Հակոբյանը:

 

6 դատավոր վերանշանակվել է

 

Դատական դեպարատմենտից ստացված պատասխանի համաձայն՝ ռեզերվային կարգավիճակ ստացած 14 դատավորից 6-ը վերանշանակվել են դատավորի պաշտոնում։

23.03.2023թ-ի Հանրապետության նախագահի  հրամանագրերով ռեզերվային դատավորներից Արմեն Պողոսյանը նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Սասուն Մխիթարյանը՝ Տավուշի մարզի դատարանի դատավոր։

Նախագահի 06․07․2023-ի հրամանագրերով՝ Արմեն Շիրոյանը՝ նշանակվել է Լոռու մարզի դատարանի դատավոր,Վարսենիկ Մելքոնյանը՝ Սյունիքի դատարանի դատավոր։

Արշակ Մաթևոսյանի՝ ռեզերվային դատավորի կարգավիճակը դադարեցվել է 2023-ի  նոյեմբերի 6-ից, երբ նա շարունակել է պաշտոնավարել որպես Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Ռազմիկ Մարիկյանի ռեզերվային կարգավիճակը դադարել է 2023-ի նոյեմբերի 13-ից։ Վերջինս նույնպես շարունակել է պաշտոնավարել որպես Երևանի դատարանի դատավոր։

 

6 դատավոր գործուղվել է

 

2023-ի հունվարին ուժի մեջ մտած դատական օրենսգրքի փոփոխություններով սահմանվում էր, որ  առանձին գործեր քննող դատավորների՝ ռեզերվային կարգավիճակ ստանալուց հետո նրանց տեղերը համարվելու են թափուր։ Ուստի Բարձրագույն դատական խորհուրդն այս  դատավորների ռեզերվային կարգավիճակն արձանագրելուց հետո սկսեց նրանց տեղերը համալրել  նոր դատավորներով: Սրա հետևանքով  այս պահին  ռեզերվային կարգավիճակ ստացած 8 դատավորի համար դատական համակարգում տեղ չկա, այսինքն՝ թափուր հաստիքներ չկան: Չնայած այդ հանգամանքին՝ նրանք շարունակում են դատավորի աշխատավարձ ստանալ: Թե երբ թափուր հաստիքներ կլինեն, հայտնի չէ, բայց Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է այս հարցին «կիսալուծում տալ», և ռեզեդրվային դատավորների հետ հանդիպման ժամանակ նրանց առաջարկել է գործուղվել դատարաններ ու աշխատել:

Հանդիպման վերաբերյալ ԲԴԽ-ից Factor. TV-ին պարզաբանել են՝ այդ դատավորները շուրջ մեկ տարի գտնվելով ռեզերվում, 2023 թվականի ընթացքում ստացել են գրեթե նույն վարձատրությունը, ինչ խիստ ծանրաբեռնվածության պայմաններում գործող դատավորները:

«Հանդիպման նպատակը եղել է այն, որ գտնվի բոլորի համար ընդունելի լուծում, թե՛ պետական միջոցներն առավել արդյունավետ տնօրինելու, և թե՛ վերջիններիս օր առաջ դատական համակարգ վերադարձնելով՝ քրեական մասնագիտացում ունեցող և գերծանրաբեռվածության պայմաններում աշխատող իրենց գործընկերներին աջակից լինելու գործում»,- հայտնել են Factor  TV-ին:

Նշենք, որ ռեզերվային դատավորներն այլընտրանք չունեին, քան համաձայնելը։  Խնդիրն այն է, որ «Դատական օրենսգրքի» կարգավորումներն այնպիսին են, որ գործուղումից  հրաժարվելու դեպքում  նրանց՝ ռեզերվային կարգավիճակը կդադարեցվեր  այլ կերպ ասած՝ նրանք կդադարեին  դատավոր լինել:

2024 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ որոշմամբ՝ ռեզերվային դատավորներ  Գևորգ Պողոսյանը, Կարինե Դավթյանը, Տաթևիկ Մուրադյանը, Վարդան Սուղյանը, Կարեն Հակոբյանը, Արմեն Վարոսյանը  գործուղվել են Երևանի և մարզերի դատարաններ՝ աշխատելու, սակայն նրանք չեն համարվում  վերանշանակված դատավորներ, նրանք ընդամենը անորոշ ժամանակով գործուղվել են Երևանի կամ մարզերի դատարաններ:

Այսպիսով՝ ստացվում է, որ այս դատավորների համար դատական համակարգում թափուր հաստիքներ չկան, բայց նրանք անորոշ ժամանակով գործուղվել և աշխատում են միայն այն բանի համար, որ, միևնույնն է, առանց աշխատելու էլ աշխատավարձ են ստանում:

 

2 դատավոր ո՛չ գործուղվել է, ո՛չ վերանշանակվել

 

Դատավորներ Դավիթ Արղամանյանն ու Արտյոմ Ավետիսյանը ռեզերվային կարգավիճակ ունեն առ այսօր։ Նրանք, փաստացի, ռեզերվային կարգավիճակ ստանալուց մեկ տարի անց ո՛չ գործուղվել են, ո՛չ վերանշանակվել։

Նշենք, որ որպես առանձին գործեր քննող դատավորներից մեկը Գայանե Վարոսյանը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հրաժարականի դիմում է ներկայացրել, ու ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները, մեկ դատավոր՝ Հովհաննես Ստեփանյանը մահացել է, մեկ դատավոր էլ՝ Արուսյակ Ալեքսանյանն, ինչպես արդեն վերը նշեցինք, քրեական հետապնդման պատճառով է ստացել ռեզերվային կարգավիճակ։ Ենթադրվում է, որ արդարացվելու դեպքում նա ևս պետք է ունենա հատուկ որակավորման ստուգում կամ Արդարադատության նախարարությունում վերապատրաստում անցնելու հնարավորություն։

Ստացվում է, որ ռեզերվային կարգավիճակ ստացած  առանձին գործեր դատավորից միայն 6-ն է վերանշանակվել իր պաշտոնին, ևս 6-ը ստիպված է եղել համաձայնել գործուղվելու առաջարկին՝ դատավորի կարգավիճակը պահպանելու համար,  իսկ երկու դատավոր շարունակում է պահպանել իր դատավորի կարգավիճակը՝ չաշխատելով մեկ տարուց ավելի։

Արդարադատության նախարարություն ուղարկած գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել`

1 . Նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում ռեզերվային դատավորների կարգավիճակ.  ստացած անձանց դատավորի պաշտոնում կրկին նշանակելու ուղղությամբ։

2․ Արդյոք Հայաստանի դատարաններում Քրեական մասնագիտացմամբ դատավորների թվականի ավելացում նախատեսվում է, և  եթե այո, ապա արդյոք դրա նպատակը ռեզերվային կարգավիճակ ստացած դատավորներին կրկին իրենց պաշտոններում նշանակելն է։

Ի պատասխան  նախարարությունից հայտնել են, որ ռեզերվային դատավորի կարգավիճակ ստացած անձանց դատավորի պաշտոնում կրկին նշանակելու վերաբերյալ բարձրացրած հարցը դուրս է Արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից:

Միևնույն ժամանակ հայտնում են, որ Նախարարությունը շրջանառության մեջ է դրել առաջին ատյանի  դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10-ով  ավելացնելու վերաբերյալ նախագիծ, որի նպատակը մասնավոր մեղադրանքի գործեր քննող դատարանի ստեղծումն է:

Այսինքն՝ նույնիսկ եթե առաջիկայում դատավորների թվակազմի ավելացում լինի, դրա նպատակը լինելու է մասնավոր մեղադրանքով վարույթների քննության համար առանձին դատավորներ ունենալը, և ոչ թե ռեզերվային դատավորներին իրենց պաշտոններում նշանակելը։

 

 

Արաքս Մամուլյան